08 09 2018

Օբաման ամերիկացիներին հորդորել է երկիրը փրկել Թրամփից

Օբաման ամերիկացիներին հորդորել է երկիրը փրկել Թրամփից

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին հորդորել է մասնակցել կոնգրեսի ընտրություններին, որպեսի երկիրը փրկեն Դոնալդ Թրամփից։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը:

«Դուք պետք է քվեարկեք, քանզի դրանից է կախված մեր ժողովրդավարության գոյությունը»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։ Օբաման նախընտրական քարոզարշավի ընթացքում ելույթ է ունեցել Իլինոյսի համալսարանի ուսանողների առջև և ասել, որ ստեղծված իրավիճակն անտեսելը կարող շատ վատ հետևանքներ ունենալ:

«Եթե նայեք վերջերս հրապարակված հոդվածների վերնագրերին, կհասկանաք, որ իրավիճակն իսկապես արտասովոր է: Իրականում խաղադրույքները շատ բարձր են: Եվ եթե ձեզանից որևէ մեկը մի կողմ քաշված մնա, հետևանքները շատ ավելի սարափելի կլինեն»,- հայտարարել է Օբաման՝ հավելելով, որ ԱՄՆ-ի ներքին քաղաքականությունն այդ վիճակում չի հայտնվել Թրամփի իշխանության գալու հետ միասին։

«Նա ախտանշան է, ոչ թե պատճառ: Նա պարզապես շատ հաջող օգտվեց այն վիրավորանքից, որը տարիների ընթացքում կուտակվում էր ընտրողների մոտ քաղաքական գործիչների նկատմամբ»,- հայտարարել է Օբաման և հավելել, որ Դոնալդ Թրամփը «հարստանում է ԱՄՆ-ի բնակչության վախերի ու զայրույթի հաշվին»:

Մոտակա մի քանի շաբաթների ընթացքում Օբաման պատրաստվում է մասնակցել մի քանի նախընտրական ակցիաների Կալիֆոռնիայում, Օհայոյում և Փենսիլվանիայում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ