06 09 2018

Այդպիսի տպավորություն, որ Մոսկվան աջակցում է Քոչարյանին, չունեմ. Արմեն Ռուստամյան

Այդպիսի տպավորություն, որ Մոսկվան աջակցում է Քոչարյանին, չունեմ. Արմեն Ռուստամյան

Չեմ կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված խնդիրն առանձին պետք է դիտվի հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում: Այս մասին սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը. «Չեմ բացառում, որ կան անձնական հարաբերություններ, որոնք ունեցել են իրենց բարերար կամ ոչ այդքան բարերար նշանակությունը, որովհետև երկկողմ հարաբերությունները նաև անձերի շփում են ենթադրում: Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանն ունեցել է լավ հարաբերություններ Վլադիմիր Պուտինի հետ: Եվ  նրա կողմից արված յուրաքանչյուր հայտարարություն, այդ կոնտեքստում պետք է դիտել»:

Դիտարկմանը, թե Մոսկվան աջակցում է Ռոբերտ Քոչարյանին, պատգամավորն արձագանքեց, որ նման տպավորություն չունի: «ՌԴ-ն այն երկիրն է, որն ունի անմիջական շահեր այս տարածաշրջանում, իսկ Հայաստանի հետ ունեցած հարաբերություններն այդ շահերի կիզակետում են միշտ եղել»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է ռուսական մամուլում հայտնված այն տեղեկություններին, թե ռուսական կողմը հրաժարվում է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում արտահանձնել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Ռուստամյանն ասաց, որ հարցը մտահոգիչ է: «Սրանք իսկապես մտահոգիչ են, և մեզ համար էլ կարևոր է հասկանալ, թե խնդիրների լուծումն ինչ դաշտում պետք է գտնել: Սա նշանակում է, որ, այո, Ռուսաստանն անթաքույց ասում է, որ այն, ինչ քրեական հետապնդման առումով տեղի է ունենում Հայատանում, դրանից ոգևորված չէ: Եթե ռուսական կողմը ապաստան տա նրան, ապա դա կնշանակի, որ նրանք համարում են, որ այդ անձը հանիրավի հետապնդվող է»,- նշեց նա:

Ըստ նրա` շատ մտահոգիչ հայտարություններ են արվում, և դա խոսում է այն մասին, որ մեր հարաբերությունների մեջ առաջացել են ինչ-որ խնդիրներ:   Արմեն Ռուստայանը նշեց, որ այդքանով հանդերձ՝ Փաշինյան-Պուտին հանդիպումից մեծ ակնկալիք ունեն: «Այս հանդիպումները հենց նրա համար են, որ խնդիրները վերջնականապես պարզաբանվեն, իրենց լուծումները ստանան և որևէ կերպ մեր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ չխաթարվի, դա կունենա մեզ համար լուրջ, ճակատագրական հետևանք: Հայաստանը միշտ աչքի է ընկել իր արտաքին քաղաքականության մեջ նրանով, որ նույն բանն է ասել թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում, սա պետք է կարողանանք պահպանել »,- ասաց Ռուստամյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ պետք է հստակ ներկայացվի Արցախի հարցի կարգավորման հետ կապված Հայաստանի դիրքորոշումը. «Սա լավ առիթ է, որ հենց առաջին դեմքերը դրա մասին խոսեն»: Նրա խոսքով՝  խնդիրներ են առաջացել այն բանի հետ կապված, որ անմիջական բանակցություններ չպիտի վարի վարչապետը, որովհետև չունի այն լիզարությունները, ինչ-որ ղարաբաղից եկած իր նախորդներն են ունեցել. «Սա է գլխավոր խնդիրը, որ պետք է հստակեցվի: Բացի այդ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները Ադրբեջանը փորձում է շրջանցել` նկատի ունենալով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, սա չպետք է թույլ տանք»,- նկատեց նա: Ի դեպ, Արմեն Ռուստամյանը նկատեց՝ հայտարարությունը, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին չպետք է դիտվի  որպես մի նոր հայտարարություն, որը մինչև հիմա չի եղել: «Պարզապես շեշտադրումը է դրվել է այնտեղ, որ Ղարաբաղի մասնակցությունը կապահովի բանակցությունների լիարժեքությունը»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ