02 09 2018

Որքա՞ն են նախընտրական քարոզչագները

Որքա՞ն են նախընտրական քարոզչագները

Հայտնի են Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ի ընտրությունների նախընտրական քարոզչության համար՝ վճարովի եթերաժամի գները: Տվյալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Քարոզարշավը կհեռարձակվի 18 հեռուստառադիոընկերություններով:

Հանրային հեռուստաընկերությամբ քարոզչության գինը նվազել է․ մեկ րոպեն արժե 48 հազար դրամ: Երևանի ավագանու նախորդ տարվա ընտրություններին այն 60 հազար դրամ էր։

Ամենաբարձր սակագինը «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններով է՝ մեկ րոպեի դիմաց 100 հազար դրամ՝ երեկոյան ժամը 18։0- 20։00–ը: Ի դեպ, ամեն քաղաքական ուժ այս հեռուստաընկերություններով կարող է քարոզչություն իրականացնել օրական 6 րոպեից ոչ ավելի։

Ամենամատչելին «Արարատ» և «21TV» հեռուստաընկերությունների եթերով քարոզչությունն է՝ համապատասխանաբար՝ 8400 և 8000 դրամ մեկ րոպեի համար: «Արարատ»-ի քարոզչաժամանակը երեկոյան 18:30-20:30, «21TV»–ինը 12:00-22:00–ը։

«Հ3»-ը սահմանել է ամենաերկար քարոզչաժամանակը՝ 30 րոպե, մեկ րոպեն՝ 50 հազար դրամ:

Հեռուստաընկերություններից միայն «Հ2»-ն է, որ քարոզարշավի երկու սակագին է սահմանել: Կիրակի օրերին մեկ րոպեի արժեքը 30 հազար դրամ է, մյուս օրերին՝ կրկնակի թանկ՝ 60 հազար դրամ:

Ռադիոընկերություններից միայն վեցն են քարոզչություն հնչեցնելու. Հանրայինը, «Ռադիո Մարշալ»-ը, «Ռադիո Վան»-ը, «Ռուսսկոյե ռադիո»-ն, «Հայ էֆէմ»-ը և «Ռադիո Հայ»-ը: «Ռադիո Վան»-ն ու «Ռուսսկոյե ռադիո»-ն մեկ րոպեի դիմաց սահմանել են ամենաբարձր գինը՝ 3000 դրամ, «Հայ էֆէմ»-ը և «Ռադիո Հայ»-ը՝ ամենացածր՝ հազարական դրամ, «Ռադիո Մարշալ»-ը՝ 2500, իսկ Հանրայինը՝ 2000 դրամ:

«Հայ էֆէմ»-ը և «Ռադիո Հայ»-ը քարոզարշավի համար ամեն քաղաքական ուժի կտրամադրեն մինչև 60 րոպե, իսկ մյուս չորսը՝ 20-ական րոպե:

Ի դեպ, անցյալ տարվա համեմատ նվազել են նաև «Արարատ» հեռուստաընկերության, «Հայ ԷֆԷմ»-ի և «Ռադիո Հայ»-ի քարոզչագները։ Մյուս հեռուստաընկերություններում և ռադիոկայաններում գնային փոփոխություններ չկան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ