31 08 2018

1999թ.-ին Ելցինը Քլինթոնին հայտնել էր՝ իր իրավահաջորդը Պուտինն է

1999թ.-ին Ելցինը Քլինթոնին հայտնել էր՝ իր իրավահաջորդը Պուտինն է

Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինն անձամբ էր հաղորդել իր ամերիկացի գործընկերոջը, որ որպես իր իրավահաջորդ ընտրել է Վլադիմիր Պուտինին, և վստահություն էր հայտնել, որ վերջինս կստանա ռուսների աջակցությունը։ Այս մասին են վկայում Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարների հեռախոսազրույցները, որոնց տեքստերը հինգշաբթի հրապարակվել են Բիլլ Քլինթոնի գրադարանի կայքում, գրում է РИА Новости-ն։

«Ինձ շատ ժամանակ հարկավոր եղավ, որպեսզի մտածեմ՝ ով կարող է 2000 թվականին դառնալ հաջորդ ռուս նախագահը։ Ցավոք սրտի, այն ժամանակ ես չէի կարողանում թեկնածու գտնել գործող մարդկանց շարքերում։ Վերջապես ես հանդիպեցի նրան՝ Պուտինին»,- ասել է Ելցինը Քլինթոնին 1999 թվականի սեպտեմբերի 8-ին։

ՌԴ առաջին նախագահի խոսքով՝ ինքն ուսումնասիրել է Պուտինի կենսագրությունը, նրա հետաքրքրություններն ու կապերը։

«Ես հասկացա, որ նա հուսալի մարդ է, ով լավ է հասկանում, թե ինչն է իր պատասխանատվության ոլորտում։ Միաժամանակ նա ուժեղ է և խելամիտ։ Ես խորապես համոզված եմ, որ նրան՝ որպես թեկնածուի, կաջակցեն 2000 թվականին»,- նշել է Ելցինը՝ նաև վստահություն հայտնելով, որ Քլինթոնը կհամոզվի այն հարցում, որ Պուտինը «բարձր որակավորում ունեցող գործընկեր է»։

Եվս մեկ հեռախոսազրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերի 19-ին՝ Ելցինի հրաժարականից մեկուկես ամիս առաջ, ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ հենց Պուտինը կդառնա նախագահ։

«Իհարկե, Պուտինը։ Նա կլինի Ելցինի իրավահաջորդը։ Նա դեմոկրատ է և գիտի Արևմուտքը»,- Քլինթոնի այն հարցին, թե ով կհաղթի ընտրություններում, պատասխանել է Ելցինը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ