28 08 2018

Ռոբերտ Քոչարյանը կուսակցությո՞ւն է ստեղծում. պարզաբանում

Ռոբերտ Քոչարյանը կուսակցությո՞ւն է ստեղծում. պարզաբանում

168.am-ը գրել է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է կուսակցություն ստեղծել։

Երկրորդ նախագահը մշտապես իր հարցազրույցներում հերքել էր ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հարցադրումները, սակայն «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վերադարձել է քաղաքականություն:

Ըստ՝ 168.am-ի նա որոշել է ստեղծել կուսակցություն և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Վերջերս ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ի պատասխան հարցի՝ եթե Քոչարյանը սկսի ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, ՀՀԿ-ն կլինի՞ նրա քաղաքական հենարանը, ասել էր, որ Հանրապետականն ու Քոչարյանն ունեցել են շուրջ 10-ամյա համագործակցության փորձ, Հանրապետականը եղել է կոալիցիոն 3 ուժերից և ամենամեծ կոալիցիոն ուժը, որ եղել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության հիմնական հենարաններից մեկը:

Դաշնակցությունը ևս այս ընթացքում բացահայտ ցույց է տվել իր դրական վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձի կապակցությամբ, և նաև բացասական տրամադրությունները՝ Փաշինյանի թիմակիցների և նրա որոշ հայտարարությունների ու գործողությունների նկատմամբ։ Դա նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում այս ուժերը կարող են միավորվել։

Իսկ թե ինչպիսի՞ն կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը՝ ակնհայտ կդառնա մոտ ժամանակներս։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանի հետ կուսակցություն ստեղծելու մտադրության մասին  քննարկումներ չեն ունեցել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ