22 08 2018

Վարչապետը մեկնաբանում է դատավորներին ուղղված իր աղմկահարույց խոսքը

Վարչապետը մեկնաբանում է դատավորներին ուղղված իր աղմկահարույց խոսքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ: Այս մասին օգոստոսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով Արա Բաբլոյանի հայտարարությանը:

«Ճնշում չկա, ես պարզապես բոլորին կոչ եմ անում հաշվի նստել ժողովրդի տեսակետի հետ: Այո, կհանդիպեմ Արա Բաբլոյանի հետ, ինչո՞ւ ոչ: Անպայման կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի որևէ մեկի մոտ որևէ հավելյալ մտավախություն չլինի: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները, այդ թվում՝ մնացած բոլորը մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե Փաշինյանը տարբերակ տեսնո՞ւմ է, որ ՀՀԿ-ն խորհրդարանում կքվեարկի այլ թեկնածության, օրինակ՝ Քոչարյանի օգտին, Փաշինյանն ասաց. «Ես տարբերակ չեմ տեսնում, ես ցանկանում եմ ցույց տալ, որ հարկավոր է իրավիճակը գնահատել իրատեսական, ռեալ՝ ավելորդ բարդություններից խուսափելով: Հիշո՞ւմ եք՝ ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասում էի, որ ինքն իրավիճակը ճիշտ չի գնահատում: Ես կարծում եմ՝ ՀՀԿ-ն իր ղեկավարությամբ շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել»,- ասաց նա:

Անդրադառնալով նախատեսվող սահմանադրական փոփոխությունը, որով անհրաժեշտ չէ ԱԺ-ի լուծարման համար վարչապետի հրաժարականը, Փաշինյանը պատասխանեց, որ մտավախություն ունի, որ չի վերադառնա իշխանության, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Սահմանադրական փոփոխությունն ինքնանպատակ չէ, կարող են լինել այլ լուծումներ, որոնք այդ հարցերն օրակարգից կհանեն, բայց, ընդհանուր առմամբ, ես ուզում եմ հետևյալն ընդգծել, որ որևէ քայլ չի կարող դուրս լինել Սահմանադրության և սիրո հեղափոխության տրամաբանությունից»:

Իսկ թե այդ դեպքում ի՞նչ տարբերություն խորհրդարանական ընտրությունը կլինի վարչապետի հրաժարականի դեպքում, թե՞ առանց հրաժարականի, Փաշինյան ասաց, որ դա սցենարներից մեկն է:

Դիտարկմանը, որ դատավորներին ուղղված «խելքներդ գլուխներդ հավաքեք» արտահայտությունը որոշ շրջանակների կողմից դիտարկվել է որպես սպառնալիք վարչապետի կողմից, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.

«Ես կարծում եմ, որ 21-րդ դարի ցանկացած բանական քաղաքացի պարտավոր է իր խելքը պահել իր գլխում: Ես բազմաթիվ բողոքներ եմ ստանում, որ դատարաններն անարդար դատել են, գույք են վերցրել, էս են արել, էն են արել: Ես դեռ երկու ամիս առաջ ասել, եմ, որ այն դատավորները, որոնք կգործեն օրենքի տրամաբանությամբ և պատասխանատու կլինեն իրենց որոշումների համար, մենք ողջունում ենք նրանց: Ես ասում եմ՝ ժողովուրդ, ես չեմ միջամտում ձեր գործերին, բայց եթե դուք կփորձեք օգտվել ձեր նախկին միջամտությունների խողովակներից, հետևից դռնից մարդիկ դուրս գան, քավոր-սանիկ-բարեկամ կապերն օգտագործեն, դա չի լինի: Ես չեմ խոսում կոնկրետ դեպքերի մասին»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով անցումային արդարադատությանը՝ Փաշինյանն ասաց, որ դա համաշխարհային ընդունված գործիք է, և նույնիսկ միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ իշխանափոխության հաջորդ օրերից այս մեխանիզմների մասին քննարկումներ ունեցել են: «Մարդկանց հաշիվների վրա կան միլիոնավոր դոլարներ, և ակնհայտ է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ են, բայց այսօրվա մեր քրեաիրավական կարգավորումները լուրջ խոչընդոտ են ստեղծում գումարների ծագումնաբանությունը քննելու և պետությանը վերադարձնելու առումով»:

Նրա խոսքով՝ «Ելք» դաշինքը չի պառակտվել.

«Պառակտման եզրին գտնվելու մասին խոսք չկա, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է այլ ֆորմատով, «Ելք» դաշինքի մյուս կուսակցությունները՝ այլ ֆորմատով»,- հավելեց վարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ