17 08 2018

Վարչապետն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը

Վարչապետն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը

Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: Վարչապետն իր ելույթով ամփոփում է պաշտոնավարման 100 օրը։

«Ուղիղ հարյուր օր առաջ ձեր կամքով և ձեր ընտրությամբ ես ընտրվեցի ՀՀ վարչապետ: Ես եկա և ասացի, որ դուք հաղթեցիք և ձեր հաղթանակն այն չէ, որ ես ՀՀ վարչապետ եմ ընտրվել, այլ այն, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ, և սրանից հետո դուք եք որոշելու, թե ով է լինելու ՀՀ վարչապետ: Ձեր հզոր և միասնական կամքը հաղթանակեց»,-իր խոսքում նշեց Փաշինյանը՝ նկատելով, որ Համաշխարհային պատմության մեջ չի եղել նախադեպ, երբ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ երկրի վարչապետ ընտրվի մեկը, երբ խորհրդարանում ունի մի քանի վստահելի ձայն, և այդ ամենը տեղի ունենա առանց մի կրակոցի, բռնության և զոհի:

«Այս ամբիոնից հիմա ուզում եմ ի լուր աշխարհի ասել, որ բացառիկ և հզոր այն ուժը, որ հնարավոր դարձրեց այդ աննախադեպ իրադարձությունը, հայ ժողովուրդն է, ՀՀ հպարտ և արժանապատիվ հայությունը, Սփյուռքի հայությունը:Մեր ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը բացառիկ է ոչ միայն իր ձևով, այլ նաև իր բովանադակությամբ, որովհետև ոմանք գուցե չեն նկատել։ Մենք տեղի ուենցածը անվանում ենք հեղափոխություն, որովհետև ՀՀ-ում տեղի է ունեցել կառավարման ձևի դե ֆակտո փոփոխություն»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հաստատվել է մի համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ժողովրդավարական կառավարում:

 

Վարչապետը հայտարարեց, որ այսօր չկա բանանի, բենզինի մենաշնորհ, կա միայն իշխանության մենաշնորհ և այդ մենաշնորհի տերը ՀՀ ժողովուրդն է:

«Մենք վերացրել ենք ՀՀ-ում տնտեսական մենաշնորհները, և հիմա ձեզնից յուրաքանչյուրն ազատ է աշխատել, ներդրումներ անել, իր մի քառակուսի հայրենիքը ծաղկեցնել և ՀՀ քաղաքական հեղափոխության նման իրականացնել տնտեսական հեղափոխություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ-ում չկա կոալիցիա, խորհրդարանական մեծամասնություն, կա»,- շարունակեց ՀՀ վարչապետը՝ հայտարարելով, որ Հանրապետության հրապարակը հռչակում են Ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին:  

«Ես ուզում եմ ասել նաև, թե ինչպես ենք մենք պատրաստվում ճեղքումով զարգացնել ՀՀ տնտեսությունը. մենք դա անելու ենք նույն մոդելով, ինչ մոդելով որ արեցինք թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը»,-ասաց վարչապետը։

Վարչապետն իր ելույթում անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին։ Փաշինյանը վստահեցրել է, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլ ի հեճուկս ՀՀԿ-ի՝ լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են: «Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերենսներ չեն լինելու, և նպատակներից մեկը հայ-ռուսական հարաբերությունները խորացնելն է»,-ասաց նա: 

Վարչապետը հայտնեց, որ շուտով կիմանան հայ-ռուսական համատեղ հումանիտար նախագծի մասին, որը աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ: «Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել և լինելու է կոնկրետ ապացույցը, որ գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,-շեշտեց Փաշինյանը։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությանը, վարչապետը նշեց, որ այս պահին առկա լուծումները հետևյալն են․ վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո  խորհրդարանը պետք է երկու անգամ անընդմեջ չընտրի վարչապետ, և միայն դրանից հետո կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Փաշինյանը հավելել է, որ կա ևս մեկ լուծում՝ իրականացնել սահմանադրական փոփոխություններ, այսինքն՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում։ Խորհրդարանը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին:

«Այդ փոփոխությունները պետք է ընդունի հենց ԱԺ-ն, և երբ ժողովուրդը ձևակերպի դա որպես հստակ պահանջ, մենք էլ  կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում»,- ասաց վարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ