15 08 2018

Հայաստանն առաջարկել է, որ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդում երկիրը ներկայացնի վարչապետը

Հայաստանն առաջարկել է, որ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդում երկիրը ներկայացնի վարչապետը

Հայաստանի ներկայացուցիչներն առաջարկել են փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ կանոնադրության մեջ, համաձայն որի՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդում երկիրը կներկայացնի վարչապետը։ Ըստ «Ինտերֆաքսի»՝ այս մասին  չորեքշաբթի օրը հայտարարել է կազմակերպության մամլո ծառայությունը։

«Դիտարկվել են նաև 1992թ. մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի, ինչպես նաև՝ 2002թ. հոկտեմբերի 7-ի ՀԱՊԿ կանոնադրության արձանագրությունների մեջ փոփոխություններ մտցնելու նախագիծը, որոնք Հայաստանի ներկայացուցիչների կողմից առաջարկվել են Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների՝ուժի մեջ մտնելու կապակցությամբ։ Համաձայն դրանց՝ ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության կողմից դիտարկվող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը վերապահված է ՀՀ վարչապետի իրավասությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀԱՊԿ մամլո ծառայությունից նշել են, որ Կազմակերպության մշտական խորհուրդը որոշում է կայացրել փաստաթղթերի նախագծերը մեկ փաթեթով ուղարկել ներպետական համաձայնեցման։

Ներկա պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Յուրի Խաչատուրովն է, որը հուլիսին ենթարկվեց քրեական հետապնդման: Հայաստանը ՀԱՊԿ անդամներին առաջարկեց սկսել Կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ