10 08 2018

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխել-չփոխելու որոշումը կկայացվի օգոստոսի 13-ին



Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու և նրան գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունների քննությունը, որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին՝ ժամը 16։00-ին։

Լրագրողների այն հարցին, թե ինչ ակնկալիքներ կան, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն ասաց. «Ակնկալիքները դրական են և կարծում եմ, որ պետք է բավարարվի: Ինչպես Առաջին ատյանի դատարանում, այնպես էլ այստեղ գործընթացի հետ կապված որևէ կողմանակալության խնդիր չենք կարող նշել: Քանի դեո չկան որոշումներ և հիմնավորումներ, չեմ կարող բան ասել, բայց ընթացքը ըստ էության, հարթ է անցել, և մեր կողմն է ներկայացրել իր դիրքորոշումները, և վարույթն իրականացնող մարմինը: Ըստ էության, մենք պետք է այս գործընթացը դիտարկենք շատ կոնկրետ կանոններով իրավաբանական գործընթացի շրջանակներում։

Մեր կարծիքով, մեր գնահատմամբ, քննիչի ներկայացրած փաստաթղթերից որևէ մեկը չի ապացուցում, որ չկա պատշաճ վարքագծի խնդիր, այսինքն՝ ընդամենը ենթադրել, որ նա եղել է նախագահ, հետևաբար ունի ազդեցություն, բավարար չէ, որպեսզի ենթադրվի անձի ոչ պատշաճ վարքագիծը»,- ասաց նա։

Խոսելով 2-րդ նախագահի ելույթի հրապարակման մասին, փաստաբանը նշեց, որ պլանավորում են որոշակի փուլում վարույթն իրականացնող մարմնին դիմել՝ որոշակի փաստաթղթերի, ելույթի որոշակի մասեր կամ ամբողջությամբ հրապարակելու հնարավորության համար:

«Ելույթում սենսացիոն բաներ չկան, ուղղակի մեղադրանքի որոշակի գործընթացների մասով տրված են պարզաբանումներ, որոնք որոշակի լույս են սփռում որոշակի գործընթացների վրա: Տալիս էր պարզաբանումներ այդ ժամանակվա գործող նախագահի անունից»,- ասաց Արամ Օրբելյանը:

Նշենք, որ օգոստոսի 9-ին մեկնարկած բողոքի քննությունը երեկոյան հետաձգվել էր: Շուրջ 8 ժամ տևած քննության ընթացքում գործով 4 պաշտպաններն առանձին-առանձին բողոքներ են ներկայացրել, որոնց վերաբերյալ մեղադրանքի կողմն իր առարկություններն է հայտնել:

Նշենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նախագահին առաջադրվել է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք։ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է հուլիսի 27-ից։

Նա չի ընդունում մեղքը, ավելին, հայտարարել է, որ իր դեմ քաղաքական վենդետա է իրականացվում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ