07 08 2018

Վերլուծության կարիք կա. Տիգրան Ավինյանը՝ ՀՅԴ-ի ու «Ծառուկյան» դաշինքի հետ հետագա գործընկերության մասին

Վերլուծության կարիք կա. Տիգրան Ավինյանը՝ ՀՅԴ-ի ու «Ծառուկյան» դաշինքի հետ հետագա գործընկերության մասին

«Դաշնակցություն» և «Ծառուկյան» խմբակցությունների որոշ պատգամավորների կողմից Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով միջնորդություն ներկայացնելու գործողությունը վերլուծելու կարիք կա: Կարծում եմ՝ այդ վերլուծական գործընթացը կբերի նաև որոշակի եզրահանգումների: Այս մասին օգոստոսի 7-ին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

««Դաշնակցություն» և «Ծառուկյան» խմբակցությունների որոշ պատգամավորներ որոշել են, որ իրենք պետք է միջնորդեն, դա իրենց իրավունքն է: Շատ հանգիստ եմ վերաբերվում, որովհետև դա նրանց իրավունքն է: Այստեղ շատ կարևոր մի փաստ պետք է արձանագրել, որ ՀՔԾ-ն գործադիր մարմնից որևէ հրահանգ չի ստանում, նա գործում է անկախ, ինչպես նաև չի ստանում որևէ հրահանգ առաջին ատյանի դատարանը»,- նշեց փոխվարչապետը:

Հարցին՝ իրենց գործընկերների այդ քայլը վստահության խնդիր չի առաջացնո՞ւմ, Ավինյանը պատասխանեց. «Այս գործողությունների վերլուծության կարիք կա։ Մեր գործընկերների հետ փոխհարաբերվելու առումով վերլուծությունը կբերի որոշակի եզրահանգումների»։

Խոսելով աշխատավարձերի և թոշակների բարձրացման մասին փոխվարչապետը նշեց.

«Ընդհանուր աշխատավարձերի, թոշակների բարձրացումը կախված է լինելու տնտեսական ցուցանիշներից: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ պատկերը դրական է, և եթե տենդենցը նման կերպով շարունակվի, կարծում եմ՝ մոտ ապագայում կարող ենք քննարկել նաև այդ հարցը»,- ասաց նա:

Հարցին, թե կարո՞ղ է ասել՝ որքան գումար է բյուջե ավելացել, նա պատասխանեց․ «Շատ տարբեր թվեր են, նայած, թե ինչն ենք մենք համարում վերադարձված, ինչը ոչ: Խոսքը գնում է մի քանի տասնյակ միլիոնի մասին, բայց կարծում եմ՝ դա շատ փոքր թիվ է: Սա դեռևս երևացող մասն է եղել, որը որ շատ արագ հայտնաբերվել է և վերադարձվել , բայց կա արդեն քաղաքականության մակարդակով որոշակի շերտ՝ սև շուկայից հանելու և մաքուր աշխատելու մոտեցում ներդնելու:

Կարծում եմ՝ մեր հիմնական նպատակը դա պետք է լինի, որպեսզի բոլորը ցանկանան, բոլորին շահավետ լինի աշխատել հարկային դաշտում: Այդ դեպքում պատկերն այլ կերպ կլինի՝ մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին չի լինի խոսքը, այլ մի քանի հարյուրի»,- ասաց նա:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին Տիգրան Ավինյանն ասաց, որ ինքն անձամբ քվեարկելու է Հայկ Մարությանի օգտին:

«Հայկ Մարությանը՝ նոր կերպարով, հայտնություն է լինելու հայ հասարակության համար: Ցանկանում եմ տեսնել Հայկ Մարության քաղաքական գործչին՝ կազմակերպչական ունակություններով մարդուն, որը կարող է դրական փոփոխություններ բերել Երևան քաղաքին: Հայկ Մարությանը միայն դերասան չէ, նա նաև պրոդյուսեր է, որը որ ենթադրում է կազմակերպչական լուրջ աշխատանքներ և հասարակությունը դեռևս չի տեսել Հայկ Մարության քաղաքապետի թեկնածուին: Ես առաջարկել են նաև Արայիկ Հարությունյանին՝ որպես թեկնածու, չնայած որ նա որոշեց, որ կրթության և գիտության ոլորտում ինքը շատ անելիքներ ունի»,- ասաց նա

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ