02 08 2018

Աստված, իրոք, կա, և կան թաց ու չորն իրար խառնած բազմաթիվ մարդիկ

Աստված, իրոք, կա, և կան թաց ու չորն իրար խառնած բազմաթիվ մարդիկ

Շատերն են պնդում, որ 1997 թվականին Ռոբերտ Քոչարյանի Հայաստան գալով՝ Արցախը բավականին տուժեց: Երկրի նախագահը, որն ստացել է ժողովրդի վստահության քվեն, որի աշխատանքից գոհ է տեղի բնակչությունը, նշանակվում է մեկ այլ պետության վարչապետ՝ իրենցը թողնելով անգլուխ: Ճիշտ է՝ Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան գալով՝ Արցախում նոր ընտրություններ եղան ու նոր նախագահ, բայց ինչո՞ւ նա եկավ Հայաստան:

1996-ին մի կերպ նախագահ «նշանակված» Լևոն Տեր-Պետրոսյանն Արցախում վստահ տարած հաղթանակը սպառնում էր ջուրը գցել՝ տնտեսական ձախողումները չէին դադարում, հիմնական անելիքը դարձավ զիջողական կեցվածքը Ղարաբաղյան հարցում:

Արցախի հարցով շարունակ վարվող պարտվողական քաղաքականությունը ներսում հակակշիռ էր ձևավորել՝ ի դեմս պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և այլ համախոհների: Հենց նա էլ մեծ դեր կատարեց Ռոբերտ Քոչարյանի Հայաստան տեղափոխվելու հարցում: Համենայնդեպս, հենց ինքն էր այդպես պատմել հայտնի ասուլիսում:

Նրանք միասին՝ Ռոբերտ Քոչարյանը և Վազգեն Սարգսյանը, դարձան այն հիմքը, որոնք պարտադրեցին հրաժարական «պարտված նախագահ» /ձևակերպումները՝ այն ժամանակվա մամուլի/ Լևոն Տեր-Պետրոսյանին և դարձան հենց այն ուժերը, որոնց ակնարկում էր Տեր-Պետրսյանն իր հրաժարականի ճառը կարդալիս:

Ռոբերտ Քոչարյանի Հայաստան գալը դարձավ «Լավ չենք ապրելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել» թեզի հակակշիռը: Հայաստանը սկսեց զարգանալ՝ առանց զիջելու:

Նիկոլ Փաշինյանի այսօրվա գլխավոր խորհրդատուն, ինչպես երևում է, Լևոն Տեր-Պետրոսյանն է, որն այս տարներին այդպես էլ չի փոխել զիջողական կեցվածքը: Ավելին, նրա զինակիցներն արդեն «գրավյալ» են կոչում ազատագրված հողերը, իսկ նրա ղեկավարած Հայ Ազգային Կոնգրեսը խորհրդաանական ընտրություններին մասնակցում էր հենց հաշտության, բարիդրացիության կարգախոսով:

«Գլխավոր խորհրդատուն» այսօր ակտիվացել է, ու կարծեք թե ակտիվ գործընթաց է սկսել ղարաբաղյան ճակատում: Գործեր են հարուցվել Ղարաբաղյան հաղթանակներում ակտիվ դերակատարում ունեցող գործիչների վերաբերյալ, կալանավորվել է Արցախում պատերազմ կրած նախագահը, մի շարք գեներալների անուններ են մատնանշվում հայտնի 0038 հրամանի ներքո և կալանավորման վտանգի տակ են:

Ու այժմ, երբ վտանգը ակնհայտ է թվում, Վազգեն Սարգսյանի՝ 20 տարի առաջ ցուցաբերած մտահոգությունը՝ խիստ արդիական, զարմանալի է, որ նրա հարազատ եղբայրը ոգևորության անհասկանալի նշաններ է ցույց տալիս, թե՝ «Աստված կա»՝ նկատի ունենալով որ կալանավորել են Ռոբերտ Քոչարյանին: Մեկ անգամ ևս նշենք՝ Ռոբերտ Քոչարյանն էր, որ Վազգեն Սարգսյանի մահից հետո շարունակեց նրա սկսած գործը, և այդպես էլ թույլ չտվեց «պարտվողական թեզին» կյանք ունենալու և ապացուցեց որ հնարավոր է զարգանալ և չպատերազմել:

Ինչո՞ւ է ոգևորվել Արամ Զավենի Սարգսյանը. որ եղբոր պլանները 20 տարի հետո սկսում են ձախողվե՞լ. վախերը իրականանա՞լ. Պայքարի արդյունքը հօ՞դս ցնդել: Մի՞թե կարող է բանական մարդը, նախկին վարչապետն ուրախանալ Արցախյան պատերազմի հաղթանակ կերտած գործիչների կալանավորմամբ կամ նրանց դեմ քրգործով՝ հստակ իմանալով նրանց դերակատարումը և նշանակությունը:

Ժամանակի հետ որոշ գործիչներ խմբագրում են ասածները, փորձում սրբագրել սխալները, ինչը հնարավորություն է տալիս քաղաքականության մեջ գոյատևել: Որոշներին էլ ժամանակն ու պատմությունը ոչինչ չի սովորեցնում կամ չի կարողանում սովորեցնել: Իսկ երբ որևէ գործիչ ուրախանում է երկրի անվտանգության վրա ազդող ակնհայտ բացասական իրողություններից, դա արդեն կարելի է համարել աննորմալ երևույթ:

Ի դեպ՝ «Աստված կա»-ի մասին:

1997 թվականին, երբ հրաժարական տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, շատ-շատերն էին ասում, որ իրոք Աստված կա, քանի որ 92 թվականից ի վեր արդեն «Լե-վո՜ն դա-վա-ճա՜ն» վանկարկումները հաճախ էին հնչում, իսկ 96-ից էլ ակնհայտ պարտադրվել էր իր իշխանությունը այն չուզող ժողովրդին:

2000 թվականին, երբ Արամ Սարգսյանը պաշտոնանկ արվեց վարչապետի պաշտոնից, դարձյալ շատերն էին ասում, որ Աստված կա, որովհետև ակնհայտ էր՝ վարչապետ էր աշխատում մարդ, որի ներուժի գագաթնակետը համատիրության ղեկավարի աթոռին էր բավականացնում միայն:

2008 թվականին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը չընտրվեց, դարձյալ շատ շատերն էին ասում, որ Աստված կա, և կան բանականությունը և հիշողությունը չկորցրած քվեարկողներ, ովքեր ընտրեցին չարյաց փոքրագույնը և չընտրեցին նրան: Տրամաբանությունն ասում է, որ Արամ Սարգսյանն էլ պետք է ուրախացած լիներ /եթե ակտիվ մասնակիցը չլիներ Տեր-Պետրոսյանի նախընտրականին/ Տեր-Պետրոսյանի չընտրվելու կապակցությամբ, որովհետև նա հետ էր գալու իր հայտնի թեզով՝ «Լավ չենք ապրելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել», որն իր հարազատ եղբոր կյանքի պայքարի հակառակն էր:

2008 –ի դեպքերի արդյունքում զոհվեցին 10 հոգի, մի շարք մարդիկ ձերբակալվեցին, մի քանիսն անցան ընդհատակ, տուժեցին հարյուրները, բայց իրեն ոչինչ չեղավ, չնայած որ Փաշինյանից ոչ պակաս էր հարթակում քննադատում նախկիններին և ի վերջո՝ ակտիվ մասնակիցն էր մարտի 1-ի զանգվածային ակցիաներին: Չէր փախել, չէր տուժել, չէր անցել ընդհատակ ու չէր էլ ձերբակալվել: Այդ ժամանակ տեսնես ո՞ր Աստծուն էր փառք տալիս...

Ինքը կիմանա...

Աստված միշտ կա, պարզապես նրա գոյությունը տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում:

Իսկ ավետարանն սում է՝ «Քո տեր Աստծո անունը զուր տեղը չտաս»:

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ