28 07 2018

ՀՀ-ն առաջարկում է պաշտոնանկ անել Յուրի Խաչատուրովին

ՀՀ-ն առաջարկում է պաշտոնանկ անել Յուրի Խաչատուրովին

Tert.am-ը ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվել է, թե ինչ նշանակություն է ունենալու Յուրի Խաչատուրովի դեմ մեղադրանք  առաջադրվելուց հետո իր՝ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար լինելու:

Հարց. Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՔԾ կողմից։ Այս առումով ի՞նչ նշանակություն է ունենալու իր՝ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար լինելու վրա, և ընդհանրապես ի՞նչ է լինելու ՀԱՊԿ-ի քարտուղարության հետ, այլ երկրի՞ց պետք է առաջադրվի, թե՞ մեր երկրից ինչ-որ մեկին պետք է առաջադրենք:

Պատասխան. Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ հաշվի առնելով, որ խոսքը ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին է և մեծ կարևորություն տալով կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։ Հայաստանը խիստ հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման և հզորացման հանձնառությանը ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներին։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրա նկատմամբ ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ