27 07 2018

Մոսկվան և ՀԱՊԿ-ն կարձագանքեն Խաչատուրովի շուրջ զարգացումներին. Տարասով

Մոսկվան և ՀԱՊԿ-ն կարձագանքեն Խաչատուրովի շուրջ զարգացումներին. Տարասով

«Մոսկվան կարձագանքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ զարգացումներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննությանը, որի շրջանակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքներ են առաջադրվել, կալանքի մասին միջնորդություններ ներկայացվել:

Տարասովն ասաց, որ հետևում են ներհայաստանյան իրադարձություններին, Մոսկվայի պաշտոնական գնահատականը դեռ չի եղել, այն կլինի մի որոշ ժամանակ անց:

«Ես իմ անձնական տեսակետը կարող եմ հայտնել, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ներկայումս, որոշակի անհանգստություն է առաջացնում: Առանց կասկածի՝ կարող եմ ասել, որ քաղաքական էլիտաների միջև պայքար է ընթանում, իշխանությունն անցյալի միջոցով փորձում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի նոր մոդել ստեղծել: Կոռուպցիան, արատավոր երևույթները, հանցագործությունները ողջ աշխարհում են դատապարտվում, մենք երբեք չենք աջակցի այդ արատավոր երևույթներին: Ներկայումս, սակայն, կարծում եմ՝ հարցն այլ է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ պատերազմի մեջ է, կա ԼՂ հակամարտությունը, ուստի ներքաղաքական իրավիճակի սրումն անհանգստություններ է առաջացնում Ղարաբաղյան հակամարտության տեսանկյունից:

Ռոբերտ Քոչարյանը հայտնի ֆիգուր է, հետևողականորեն զբաղվել է ԼՂ հակամարտության կարգավորմամբ, չի փորձել զիջել ՀՀ ազգային շահերը, ուստի ազգային դավաճանության մեջ մեղադրել նրան հնարավոր չի լինի: Սրանք ներքաղաքական պայքարի նշաններ են, կտեսնենք, ինչպես կզարգանան իրադարձությունները: Տհաճ է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է ներքաշված այս գործում, սա այդ կառույցի հեղինակությանը հարված է: Որոշ ժամանակ անց Մոսկվան կարձագանքի ամենայն հավանականությամբ: Ռոբերտ Քոչարյանը նախկին նախագահ է, բնականաբար, նրա վերաբերյալ Մոսկվան որևէ հայտարարություն չի անի, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ պետք է լինի, պարտավոր է, քանի որ Խաչատուրովը զբաղեցնում է պաշտոն մի կառույցում, որն ԱՊՀ մասշտաբով է գործում՝ որպես անվտանգության կառույց: Բայց թե ինչպիսի հայտարարություններ կլինեն՝ չեմ կարող ասել, չեմ ուզում գուշակել»,- ասաց Տարասովը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168.am-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ