27 07 2018

Նաիրա Զոհրաբյանը դիմել է վարչապետին՝ համաներում իրականացնելու առաջարկով

Նաիրա Զոհրաբյանը դիմել է վարչապետին՝ համաներում իրականացնելու առաջարկով

Նաիրա Զոհրաբյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ համաներում իրականացնելու առաջարկով:

Առաջարկի մեջ նշվում է. «Հաշվի առնելով ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, ինչպես նաև պատիժ կրող անձանց ու նրանց հարազատների՝ նոր իրողություններով պայմանավորված սպասումները, կարծում եմ երկրում հասունացել է համաներում հայտարարելու պահը: Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանում վերջին անգամ համաներում հայտարարվել է 2013 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այսօր համաներում հայտարարելու անհրաժեշտության մասին վկայում են երկրի իրավաբանների ու փաստաբանների մեծամասնությունը: Անշուշտ, պետության կողմից նման կարևոր քայլ կատարելուց առաջ պետք է համադրվեն այն բոլոր նրբություններն ու հարցադրումները, որոնց համակողմանի վերլուծությունը կարող է միայն հուշել արդարադատության շահերի ու մարդկանց իրավունքների ողջամիտ հավասարակշռմամբ համաներում հայտարարելու իրավաչափության մասին:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս մարդասիրական քայլը նախ՝ հնարավորություն կստեղծի փոքր-ինչ թեթևացնել քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, մանավանդ, որ նախորդ իշխանությունների օրոք բազմաթիվ են հանրության համար նվազ վտանգավորություն ունեցող հանցագործությունների համար բավական խիստ պատժաչափերով դատապարտված անձանց թիվը, և ամենակարևորը՝ հանցագործություն կատարած անձանց կտա ուղղվելու և վերասոցիալականացմանը նպաստելու ևս մեկ հնարավորություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ