25 07 2018

Դիտարկվում է Թրամփի և Փաշինյանի հանդիպման անցկացման հնարավորությունը. դեսպան

Դիտարկվում է Թրամփի և Փաշինյանի հանդիպման անցկացման հնարավորությունը. դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հուլիսի 25-ին լրագրողներին հայտնե է, որ դիտարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման անցկացման հնարավորությունը Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր Անսամբլեայի շրջանակում։ 

«Երկու կողմերն էլ ցանկանում են, որ հանդիպումը կայանա։ Սակայն հասկանալի պատճառներով, նախագահի և վարչապետի գրաֆիկը շատ հագեցած է, և մենք այժմ փորձում ենք գտնել համապատասխան «պատուհան» հանդիպման կազմակերպման համար։ Ներկայումս հանդիպման մասին որոշումը դեռ չի կայացվել»,-հայտնել է Ռիչարդ Միլսը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հավելել է՝ ինչպես դեսպանատունը, այնպես էլ ԱՄՆ կառավարությունը գոհ են երկկողմ փոխգործակցության բարձր մակարդակով։ Որպես օրինակ նա մատնանշել է բարձր մակարդակով անցկացված մի շարք հանդիպումներ։ «Վերջին 6 շաբաթների ընթացքում նախագահ Սարգսյանն է եղել Վաշինգտոնում, հանդիպում է ունեցել պետքարտուղարի հետ,  առաջին փոխվարչապետն է այցելել Միացյալ Նահանգներ, այժմ ԱՄՆ-ում է գտնվում արդարադատության նախարարը»,- հավելել է դեսպանը:

ՀՀ վարչապետը  Նյու Յորք է մեկնելու սեպտեմբերին: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հուլիսի 24-ին ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպմանը: «Առաջիկայում նախատեսվող այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը սեպտեմբերին պետք է մեկնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու, և ահա այցի շրջանակներում կոնգրեսականները նպատակահարմար են գտնում կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպումը, ինչի մասին կոնգրեսում ստորագրահավաք են սկսել և նամակ են հղում նախագահ Թրամփին»,- նշել էր ՀՀ առաջին փոխվարչապետը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ