25  07  2018

Նոր մարդ-կուսակցություններ են ստեղծվում. «Ժողովուրդ»

Նոր մարդ-կուսակցություններ են ստեղծվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իր բոլոր դրական հետևանքներով հանդերձ կարող է մեկ բացասական ազդեցություն ունենալ: Ոչ միայն կրկին ակտիվացել են մարդ-կուսակցությունները, այլև նոր մարդ-կուսակցություններ են ստեղծվում՝ իրենց մեծ ախորժակով:

Ու սա այն դեպքում, երբ ՀՀ-ում մոտ 90 կուսակցություն կա: «Բանվորական միություն», «Ինտելեկտուալների», «Բագրևանդ», «Կանայք հայոց աշխարհի», «Հայկանդուխտ ավանդապաշտ-ժողովրդավարական» կուսակցությունների կողքին իրենց անունը գրելու հայտ են ներկայացրել նորերը: 

Ինչպես հայտնի է, կուսակցություն է ստեղծել Անդրիաս Ղուկասյանը, նախկին ՀՀԿ-ական, սպորտի և երիտասարդության հարցերով նախկին փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Ավելին՝ նախօրեին էլ կուսակցություն ստեղծելու մասին հայտարարեցին 2016թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները՝ «Նախախորհրդարան» նախաձեռնության հետ միասին:

Ընդ որում, այս երկուսը նույն թիմն է: Ու հետաքրքիրն այն է, որ նրան­ցից յուրաքանչյուրը մտադիր է ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել եթե ոչ հաղթելու, ապա առնվազն ԱԺ անցնե­լու ակնկալիքով: Նախկինում, երբ ՀՀԿ իշխանության օրոք կեղծվում էին ընտրությունները, մարդ-կուսակցությունների գործը հեշտ էր. նրանք արդարանում էին, թե իշխանությունը չի թողնի իրենց անցնել խորհրդարան և հաճախ չէին մասնակցում ընտրություններին:

Բայց հիմա, ընդհակառակը, ոգևորված համաժողովրդական շարժման հաղթանակով՝ նոր պայմաններում յուրաքանչյուրն իրեն հզոր ուժ է երևակայում իր մեծ ախորժակով: Մեկ հետաքրքրական փաստ էլ. «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կուսակ­ցություններն առնվազն երկու տարին մեկ անգամ պետք է համագումար անցկացնեն: Առավելագույնը մեկ տասնյակ կուսակցությունից բացի, մնացած 80-ը որևէ համագումար չեն արել: Բայց այս դեպքում օրենքը նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարա­վորություն չի տալիս: Նաև հայտնի չէ, թե որ մարմինն է իրավասու վերահսկելու օրենքի պահպանումը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ