24  07  2018

Ի՞նչն է կարևոր Մարտի 1-ի բացահայտվելիք գործում

Ի՞նչն է կարևոր Մարտի 1-ի բացահայտվելիք գործում

Մարտի մեկի նոր բացված գործի մասին ՀՔԾ հայտարարությունը հարուցեց բազմաթիվ հարցեր: Լրատվամիջոցները դիմում են իրավաբաններին, սահմանադրագետներին, փաստաբաններին՝ այսպես ասած՝ «չկպնող» ձևակերպումների հետ կապված պարզաբանումներ ստանալու համար: Իրավաբանների մի խումբ էլ սեփական ուսումնասիրությունն արեց և հրապարակեց 2008 թվականին եղած Սահմանադրության ու օրենքների համադրմամբ համապարփակ վերլուծություն: Այս ամենից հիմնական եզրահանգումն այն է, որ ՀՔԾ-ն երևի շտապել է, հավանբար՝ այլ նպատակ հետապնդելու պատճառով: Իսկ ի՞նչ եզրահանգում լիներ, երբ սկզբնական ասելիքից հետո ՀՔԾ-ն, ի հակառակ հնչեցված տեսակետների և ուսումնասիրությունների, պատասխան չտվեց: Այնինչ, հենց այդ կառույցի արձագանքին այս ամենից հետո շատերն են սպասում: Միանգամայն տրամաբանական է, երբ իրավական կառույցը հետևում է իր գործունեության արձագանքին և փոխադարձ արձագանքում և ընդհակառակը, բոլորովին անտրամաբանական է, երբ ՀՔԾ-ն իր խոսքն է ասում, որը մասնագետներն ընդունում են սվիններով, բայց համառությամբ պատասխան արձագանքով հանդես չի գալիս: Տպավորություն է, որ քննչական մարմինը պարզապես ցանկանում է բավարարել քաղաքական այն շրջանակներին, որոնք օդ ու ջրի պես անհրաժեշտ էին համարում իրենց ճաշակին համապատասխան քաղաքական հայտարարության՝ որպես իրավական հիմնավորում հրապարակումը:

Ոլորտի մասնագետները պնդում են, որ հիմքերն ու հիմնավորումները թույլ են: Առաջին հայացքից անհասկանալի է, իսկ փոքր-ինչ խորանալով՝ միանգամայն հասկանալի է դառնում, թե ինչու այլևս պատվերով արդարադատություն չարվող Նոր Հայաստանում ամեն գնով մարտի 1 բացահայտելու բարձրագույն հայտարարությունից անմիջապես հետո դրանով զբաղվող կառույցի «նոր բացահայտում» է ի հայտ գալիս, որի արդարադատության ոսկե նժարը սահմանադրության փոխարեն թեքվում է նեղ քաղաքական՝ «Պետք է բոլորը նստեն իրենց ընտանիքներով» Հայ Ազգային կոնգրեսական լոզունգի կողմը:

Առաջացած հարցերը շատ են՝ հիմքերից սկսած՝ մինչև պաշտպանության նախկին նախարարին խափանման միջոց ընտրելու տարբերակը: Նախկին նախագահի մասով կարծեք խնդիր չկա. Գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ նա շահագրգռված է և մասնակից կլինի պարզաբանմանը՝ վերջ տալու համար 10-ամյա շահարկումները, չնայած նրան որ նախկին նախագահն ունի Սահմանադրությունով նախատեսված բացարձակ իմունիտետ և չի կարող անգամ հետապնդվել, առավել ևս իր պաշտոնավարման ժամանակ կայացրած որոշումների համար:

Այս պահին, սակայն, մեզ շատ ավելի հետաքրքրում է մեկ այլ հարց՝ քննչական մարմինների կամ դատավորների որոշումները արդյո՞ք կարող են իրավական գնահատական ստանալ՝ ընդհուպ քրեական պատասխանատվության տեսքով: Քանի որ արդեն կան միտումներ դեռ քննության փուլում գտնվող այս գործի ծայրահեղացման, թացն ու չորն իրար խառնելու: Քաղաքական ղեկավարությանը հաճոյանալու նպատակադրմամբ գործողները, հուսով ենք, հասկանում են, որ ոչ օրինական ճանապարհով նմանատիպ գործերի թե քննումը, թե որոշումները հերթական իշխանափոխությունից հետո կրկին հայտնվելու են օրակարգում:

Դիտարկենք՝ մեր օրենսդրությունը ի՞նչ է նախատեսում ոչ լիարժեք կամ սխալներով, չհիմնավորված և քննչական պրոցեսներն այլ ուղով տանելու դեպքում:

Հոդված 336-ում նշվում է. Անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության՝պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Մեկ այլ հոդված՝ 348-ը, նշում է. Ակնհայտ ապօրինի ձերբակալելը՝ պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Իսկ նույն հոդվածով ակնհայտ ապօրինի կալանավորելը կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարիժամկետով:

Քրեական օրենսգիրքն ապացույցները կեղծելու մասին 349-րդ հոդվածում նշում է. Քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով ապացույցներ կեղծելը գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցչի կողմից՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Իսկ հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի կամ պաշտպանի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Կամ ՔՕ հոդված 352-ը, որ վերաբերվում է արդեն դատական ատյանին, նշում է. Դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Իսկ երբ ոլորտի մասնագետները պնդում են բռնած ուղու սխալ լինելը, ուրեմն ՀՔԾ-ն ընդունի, թե չէ՝ իր առաջին քայլերը խնդիր ունեն արդարադատության հետ:

Մասնավորապես, կա մտահոգություն, որ Քրեական օրենսգրքի վերահիշյալ 4 հոդվծներով կամ դրանցից մեկով կարող է սայթաքում ունենալ իրավապահ համակարգը: Հայտարարությունն անտրամաբանական է, լռությունը՝ խորհրդավոր, գործունեության ուղղությունը՝ անորոշ:

Վերջում ևս մեկ կարևոր բանի մասին, որը վարչապետ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ բազմիցս բարձրաձայնեց՝ խիստ կարևորությունը հասկանալու պատճառով. խոսքը վերաբերվում է գործերին, որոնք երկար տարիներ շահարկվել են, և տարակարծություններ ու միֆեր են հարուցել: Հիմա պետք է այդ տեսակ գործերը քննվեն այնպիսի թափանցիկ, հրապարակային, օրենքի տառին համապատասխան կերպով, որ այլևս առիթ չտա կասկածի ու շահարկումների: Սա երկրին ամենաանհրաժեշտ թեմաներից է:

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ