24  07  2018

Ո՞րն է կառավարության տնտեսական քաղաքականությունը. «Հայոց Աշխարհ»

Ո՞րն է կառավարության տնտեսական քաղաքականությունը. «Հայոց Աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում հստակեցնել, թե ինչ տնտեսական քաղաքականություն է պատրաստվում իրականացնել Հայաստանում։

Մինչ օրս այս ոլորտում կատարված քայլերն ուղղված են եղել բացառապես հատվածական խնդիրների լուծմանը և կոռուպցիոն երևույթների բացահայտմանը։ Կառավարությունը կարծում է, թե տնտեսական զարգացման համար բավարար է ստեղծել անկախ դատական համակարգ և վերացնել կոռուպցիան։ Այդ մասին անցած շաբաթվա վերջին մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետը։

Թե ով է վարչապետին կամ կառավարությանը նման խորհուրդ տվել, դժվար է ասել։ Բայց ակնհայտ է, որ պետական կառավարման ողջ համակարգը զբաղված է բացառապես այդ խնդրի իրականացմամբ։ Տարբեր գերատեսչությունների միջև անթաքույց պայքար է ընթանում, թե ով ավելի շատ կոռուպցիոն երևույթներ կբացահայտի։

Պարզվում է, դա առանցքային ևգերխնդիր է կառավարության համար. կոռուպցիայի բացառումը համարվում է տնտեսության զարգացման երկու հենասյուներից մեկը՝ անկախ դատական համակարգի հետ մեկտեղ։

Որ հիշյալ գործոնները կարևոր են բարվոք տնտեսական միջավայր ստեղծելու ճանապարհին, անկասկած է։ Բայց արդյոք միայն դա բավարա՞ր է տնտեսության զարգացման համար։ Նամանավանդ այնքան էլ հեշտ չէ, եթե չասենք գրեթե անհնարին է հասնել կոռուպցիայի վերացմանը։ Զարգացած տնտեսությունները տասնամյակներ շարունակ պայքարում են այդ երևույթի դեմ, բայց այն գոյություն ունի։ Այնպես որ տնտեսության զարգացման հարցում հույսը դնել միայն կոռուպցիայից զերծ միջավայր ստեղծելու վրա, պարզապես միամտություն է։

Մրցակցային դաշտի բարելավումը, որքան էլ կարևոր, այնուհանդերձ ընդամենը մի կոմպոնենտ է այդ ճանապարհին։ Այնպես որ կառավարության որդեգրած մոտեցումները ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում։

Կոռուպցիայի դեմ պայքարը կամ արդար դատական համակարգի ստեղծումը, որի մասին հայտարարում է վարչապետը, դեռ տնտեսական քաղաքականություն չէ։ Անհրաժեշտ է տնտեսության զարգացման հստակ հայեցակարգ, որը կներառի զարգացման ուղղությունները։

Սակայն նման փաստաթուղթ գործադիրը ոչ միայն չունի, այլև կարծես մտադիր չէ ներկայացնել։ Հայտնի չէ, թե ինչ քաղաքականություն է պատրաստվում իրականացնել կառավարությունը, ասենք, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի կամ մեկ այլ ոլորտում։ Չկա համակարգված մոտեցում։ Պատահական չէ, որ մի ոլորտում իրականացվող տեղային քայլերը հաճախ խնդիրներ են ստեղծում մեկ այլ ոլորտում։

Երբեմն էլ կառավարության գործողությունները հակասում են իրար։ Ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, երբ մի կողմից խոչընդոտներ են ստեղծվում ներդրողների համար, մյուս կողմից՝ հայտարարվում է, որ Հայաստանում ներդրումները լիարժեք պաշտպանված են։ Ընդ որում՝ սա ասում է մի կառավարություն, որն ինքն է ուղղակիորեն նպաստում և մասնակցում նման խոչընդոտների հարուցմանը։

Ընդամենը երկու ամսվա ընթացքում կառավարությունը հասցրել է անվստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերել արտաքին, այդ թվում՝ խոշոր ներդրողների շրջանում։ Խնդիրը հասել է այնտեղ, որ Միացյալ Նահանգների դեսպանը հայտարարում է, որ ներկա պայմաններում վաղ է խոսել Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան կապիտալի հնարավոր ներդրումային մասնակկոցության մասին։ Մինչդեռ ոչ վաղ անցյալում խոսվում էր ներդրումային լուրջ պատրաստակամության մասին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ