24 07 2018

Սաբոտաժի ուրվականը հանգիստ չի տալիս. «Հայոց Աշխարհ»

Սաբոտաժի ուրվականը հանգիստ չի տալիս. «Հայոց Աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ամեն մի հեղափոխություն, այդ թվում՝ «սիրո» և «հանդուրժողականության», ունի հեղափոխությանը բնորոշ գործողություններ և արտահայտություններ:

Գործողությունները ակնհայտ են, դրանք տեսել ենք նախորդ երկու-երեք ամիսների ընթացքում՝ բեմադրվող «մասկի շոուների», այս կամ այն անձին բռնոցի-բացթողոցիի, չապացուցված մեղադրանքներով վարկաբեկելու և զրպարտելու, հեղափոխության և նրա ղեկավարի պաշտամունքի ձևավորման, նրանց հասցեին անգամ ամենաչնչին հանդիմանության հանդեպ հիստերիկ հակազդեցության, «հակահեղափոխական» տերմինի ստեղծման և այդ անվանը արժանացողների նկատմամբ ընդհուպ ֆիզիկական հաշվերհարդար տեսնելու սպառնալիքների և նմանատիպ այլ երևույթների տեսքով:

Ինչ վերաբերում է արտահայտություններին, ապա այստեղ նույնպես հեղափոխական բառապաշարը հարուստ է: «Սերժից ծախվածներ», «ազգի դավաճան», «սադրիչ», «ժողովրդի ընտրյալ առաջնորդ» և այլն. սրանք նախահեղափոխական շրջանից են, իսկ հետհեղափոխական շրջանում առավել տարածվածը «սաբոտաժն» է:

Բառի ծագումն այնքան էլ կարևոր չէ, իսկ բովանդակությունը՝ դիտավորյալ վնասարարությունն է: Սաբոտաժ անող մարդն էլ նա է, որ դիտավորյալ չի կատարում իր պաշտոնեական պարտականությունները և այդպիսիով վնասում տվյալ հաստատությանը, ոլորտին կամ ավելի ընդհանրական՝ պետությանը:

Հեղափոխականներն այս բառը մշտապես օգտագործում են հակառակորդներին վարկաբեկելու, նրանց հետ հաշվեհարդար տեսնելու և վերջապես՝ սեփական անգործությունն ու ապաշնորհությունը ծածկելու և անհաջողություններն այլոց վրա բարդելու նպատակով:

Նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի, պատգամավորները իրենց մոտեցո՞ւմն ունեն այս կամ այն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, դրանք հակադրվո՞ւմ են հեղափոխականների կառավարության վերջնագրային պահանջներին, ուրեմն «սաբոտաժ» են անում: Հանրապետական պատգամավորների արդարացումները չեն փրկում նրանց՝ եթե «ժողովրդական» վարչապետին հակադիր կեցվածք, քաղաքական հայացք կամ մոտեցում ունես, «սաբոտաժ» է և վերջ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ