23 07 2018

1.2 մլն դոլարի գողություն է եղել, դիմել ենք դատախազություն. Դավիթ Սանասարյան

1.2 մլն դոլարի գողություն է եղել, դիմել ենք դատախազություն. Դավիթ Սանասարյան

Հուլիսի 23-ին Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ պատասխանեց քաղաքացիների հարցերին։

«Տասը օր է՝ սկսել ենք ուսումնասիրությունները, և արդեն մեկ գործով դիմել ենք դատախազություն. 1 մլն 200 հազար դոլարի գողություն է եղել։ Արդեն կան բացահայտումներ, վերահսկողություն ենք իրականացնում էներգետիկ ոլորտում։ Հիմա տեսնում ենք՝ ինչքան անհայրենիք են եղել ու չեն սիրել պետությունը, որ այս կարգի թալան է եղել։ Վստահեցնում եմ, որ առաջիկա մեկ- երկու ամսում զարմանալու եք՝ տեսնելով, թե նախկին իշխանություններն ինչպես են վերաբերվել պետությանը»,- ասաց նա:

Դավիթ Սանասարյանը նաև նշեց՝ Ոստիկանությունը հետ է հավաքում ժամանակին ապօրինի տրամադրած ավտոմեքենաների պետհամարանիշները։ 

Սանասարյանի խոսքով՝ այդ պետհամարանիշները գրանցված չեն որևէ տեղ, հետևաբար այդ պետհամարանիշներով երթևեկող ավտոմեքենաների վարորդները խախտումներ կատարելու դեպքում չեն տուգանվում։ «Նախկին գեներալներ, ոստիկաններ, ոստիկանապետեր, բարձրաստիճան պաշտոնյաներ իրար համարներ են նվիրել, ու այս մարդկանց վարորդները խախտումներ են արել, բայց չեն վճարել, քանի որ պետհամարանիշները գրանցված չեն»,- նշեց Սանասարյանը՝ հավելելով, որ եկեղել է ժամանակը, որ մադրիկ գիտակցեն՝ չկան արտոնյալներ։

Սանասարյանը նաև նշեց, որ ուսումնասիրություններ են իրականացվում «Լուսանշան» ՊՈԱԿ-ում։ Այդ կառույցը 2014-2017 թթ. պետբյուջեից տարեկան ստացել է 800 մլն դրամ, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 238 մլն դրամ։ «ՊՈԱԿ-ը 3.4 մլրդ դրամ գումար է ստացել։ Ցանկանում ենք հասկանալ, թե որտեղ է ծախսել այդ գումարը ՊՈԱԿը, որը հիմա փորձում են լուծարել»,- ասաց Սանասարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ