23 07 2018

Ի՞նչ անել ռուսական ռազմաբազայի հետ. քննարկում

Ի՞նչ անել ռուսական ռազմաբազայի հետ. քննարկում

«Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ, ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արա Պապյանը ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը հիշեցնում է, որ կրակոցի իմիտացիա իրականացնելու համար  Հայաստանում քաղաքացի է դատապարտվել։ «Հայկ Կյուրեղյանն օդամղիչ ատրճանակով  կրակելու համար դատապարտվեց 9 տարվա ազատազրկման»,- անդրադառնալով Շիրակի մարզի Փանիկ գյուղում կատարվածին՝ հիշեցրեց Պապյանը՝ բացառելով, որ զորավարժությունների վայր կարող էր նշանակված լինի Փանիկ գյուղը, քանի որ նման վարժանքները բնակավայրերում չեն անցկացվում։

Արա Պապյանի խոսքով՝ այդ խնդիրները մեր երկրում բացառելու համար Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված ռազմական պայմանագիրը պետք է վերանայվի, և այն պետք է համապատասխանեցվի միջազգային իրավունքի նորմերին։ Նա նշեց, որ ռուսական ռազմաբազայի հետ կնքված պայմանագրի որոշ դրույթներ վերանայելուց հետո, պետք է ռուս սահմանապահ զորքերից վերցնեն նրանց տրված վերահսկման գործառույթը. «Ինչո՞ւ պետք է Զվարթնոց օդանավակայանի ռուս սահմանապահը վերահսկի անձնագրային ստուգումը: Մենք բազմակի դեպքեր ունենք, որ վերահսկման պահին օրենսդրական խախտում է գրանցվել, երբ ուկրաինացի լրագրողին չեն թողել մտնել Հայաստան, քանի որ ռուսական օրենքի համաձայն սև ցուցակում է եղել: Այսպես՝ ռուս սահմանապահը Հայաստանում իրականացրել է ռուսական օրենք»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ Փանիկ գյուղում ռուսական ռազմաբազայի հետ կապված միջադեպը կարող է հրահրված լինել Հայաստանի նախկին իշխանությունների կողմից, ովքեր փայլուն հարաբերություններ ունեն ռուսական ռազմաբազայի ղեկավարների հետ: Ինչ վերաբերում է, թե որն է դրա նպատակը, եթե դա իրականություն է, ապա Գրիգորյանի խոսքով, դա արվում է հանրության ուշադրությունը շեղելու համար. «Ստացվում է, որ մենք խորանում ենք կարևորգույն հարցերի մեջ, որոնք պարտավոր ենք լուծել, բայց գլխավորից մեզ շեղում են»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ