20 07 2018

ՌԱԿ-ը դժգոհ է Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքից

ՌԱԿ-ը դժգոհ է Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքից

Ռամկավար ազատական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դժգոհություն հայտնելով Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքից:

Կուսակցության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը ընդառաջելով ՀՀ վարչապետի հունիսի 19-ի որոշմամբ կազմված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հայտարարությանը¸ պաշտոնական նամակով դիմել է ՀՀ փոխվարչապետ և հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացնելով քննարկումներին որպես արտախորհրդարանական ուժ մասնակցելու իր պատրաստակամության մասին և հատկապես շեշտել իր շահագրգիռ մոտեցումը տվյալ հարցի նկատմամբ և¸ միաժամանակ¸ ընդգծել¸ որ ՌԱԿ-ը ընտրական օրենսդրության վերաբերյալ ունի մի շարք ուրույն առաջարկներ¸ պատրաստ՝ քննարկելու դրանք մյուս կազմակերպությունների հետ։

Անցել է արդեն շուրջ 4 շաբաթ¸ բայց հանձնաժողովը ցարդ որևէ կերպ չի արձագանքել հիշյալ նամակին¸ ինչը պետք է որակել ոչ միայն անբարեկրթություն¸ այլև՝ անսկզբունքայնություն։ Իսկ հանձնաժողովի համակարգող նշանակված Դանիել Իոաննիսյանի պահվածքը՝ անպարկեշտություն։

Արդարև, մամուլից մեզ հայտնի է դառնում, որ հանձնաժողովը գումարել և գումարում է մի շարք նիստեր՝ մասնակցությամբ նաև արտախորհրդարանական հատուկենտ ուժերի։ Սակայն այդ բացակայությունները չեն խանգարում պրն Իոննիսյանին իր հրապարակային բազմաթիվ ելույթներում հայտարարելու¸ որ քննարկումներն ընթանում են քաղաքական դաշտում գործող խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ակտիվ մասնակցությամբ¸ ստեղծելով թյուր տպավորություն¸ թե օրենսդրական փոփոխություններով օրինագիծը պատրաստվում է համընդհանուր ջանքերով։

Այս բոլորը ցույց են տալիս¸ որ այնպիսի օրինագծի մշակման գործը¸ որն այնքան էական նշանակություն ունի մեր պետության հետագա զարգացման և Նոր Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար¸ առաջ է տարվում հին և հնացած մոտեցումներով¸ այսինքն ընտրովի կողմնակալությամբ¸ ինչը խոսում է նրա մասին¸ որ տվյալ անձը¸ օգտվելով իրեն տրված լիազորություններից¸ չի ցանկանում ներգրավել արտախորհրդարանական այն ուժերին¸ որոնք ասելիք ունեն տվյալ հարցում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ