18 07 2018

Ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել Փանիկի միջադեպի առիթով

Ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել Փանիկի միջադեպի առիթով

Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովին, ՀՀ-ում ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին և ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ. հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղի մոտ ՌԴ զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները: ՀՀ պաշտպանության նախարարը պահանջել է ներկայացնել մանրամասն տեղեկատվություն տեղի ունեցածի կապակցությամբ: ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարը զեկուցել է միջոցառման բնույթի, պլանավորման և իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

Մասնավորապես, ըստ գնդապետ Ելկանովի զեկույցի՝ միջոցառումն ընդգրկված է եղել հայկական կողմի հետ նախապես համաձայնեցված, ՌԴ 102-րդ ռազմակայանի 2018թ. մարտական պարտաստության ծրագրում, որի վերաբերյալ բազայի հրամանատարությունը համապատասխան կարգով իրազեկել է ՀՀ իրավասու մարմիններին:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման անցկացման վայրի ընտրության հարցում հաշվի չեն առնվել տեղի բնակչությանը հնարավոր անհանգստություն պատճառելու բոլոր հանգամանքները, ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել և հավաստիացրել է, որ հետայսու առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում:

Իր հերթին պարոն Դ.Տոնոյանը հորդորել է նմանատիպ հարցերում առավել սերտ և մանրակրկիտ աշխատանք իրականացնել թե ՀՀ պաշտպանության նախարարության և թե տեղական ինքնակառավարման մարմինների հետ և առավել մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական բնակչության հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հուլիսի 18-ին հանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու նախօրեին Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ