17 07 2018

Նոր իշխանավորների բերանները լավ էլ քաղցրանում են, բայց երկրին դրանից օգուտ չկա. «Հայոց աշխարհ»

Նոր իշխանավորների բերանները լավ էլ քաղցրանում են, բայց երկրին դրանից օգուտ չկա. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ծանոթանում ես ամեն անգամ իշխանավորների որոշումներին ու արարքներին և միայն տարածում ձեռքերդ։ Աստվա՜ծ իմ, գոնե մի անգամ ցույց տային, որ թեկուզ հրաշքով, թեկուզ սխալմամբ, թեկուզ պատահաբար կամ ոգևորության շնորհիվ ի վիճակի են որևէ բան անել մարդավարի։

Իշխանությունը եռանդագին ընդօրինակում է բանահյուսական հանրահայտ կերպարին՝ հեքիաթի արջին։ Վերջինս, ինչպես հայտնի է, ներքաշվելով պարենային կուլտուրայի արտադրության մեջ, ընտրում էր շաղգամի մի մասը՝ արմատը կամ ցողունը, և գազանային լրջությամբ ծամում հենց դա։

Այդպես էլ երեկվա փողոցային ակտիվիստները, իրենց ձեռքը վերցնելով երկրի կառավարման լծակները, ծամո՜ւմ, ծամո՜ւմ են ցողունները, գնալով ավելի զարմանալով, թե ինչու բերանները ոչ մի կերպ չեն քաղցրանում։ Իսկ պատասխանը, ինչպեսև արջի պարագայում, պարզ է. այդ արմատապտղի քաղցրությունը ցողունի մեջ չէ։

Ավելի ճիշտ, անձամբ նոր իշխանավորների բերանները լավ էլ քաղցրանում են, բայց երկրին դրանից օգուտ չկա։ Դրա համար էլ բնակչության մտածող հատվածը գնալով ավելի հաճախ հարց է տալիս. լավ, բացահայտումներ, ձերբակալություններ, շոուներ, այդ ամենը հասկացանք, հաճույք ստացանք, իսկ հետո՞։ Ի՞նչ նպատակներ ու ծրագրեր ունի կառավարությունը, ո՞ւր ենք մենք գնում։ Շոշափելի է հետընթացը անխտիր բոլոր ոլորտներում, կատարված չէ խոստումներից և ոչ մեկը, ի՞նչ է լինելու մեր և երկրի հետ։

Իշխանությունը կենսագործում է հին անեկդոտն առ այն, թե ինչպես էր գնչուն սովորեցնում իր ձիուն չուտել և արդեն գրեթե սովորեցրել էր. ձին տասը օր ոչինչ չէր կերել, բայց հետո սատկեց։

Ըստ որում, հարկ է նկատել, որ այդ ձին մեր հայրենակիցների համեմատ շահավետ վիճակում էր։ Գնչուն, համենայն դեպս, իր նկատմամբ սեր չէր պահանջում նրանից և չէր արդուկում գլուխը առաջընթացի պատրանքներով։ Սատկեց սովից, բայց առանց շիզոֆրենիայի։

Եթե Բուրիդանի էշի մռութի առաջ մշտապես մի կապ դարման պահես՝ այն հեռավորությամբ, որ հոտն առնի, ապա ի վերջո պիտի գա պահը, երբ նույնիսկ էշը քար կտրած կկանգնի տեղում՝ արդեն ի վիճակի չլինելով բացահայտել ու բացահայտել այդչափ խաբուսիկ նպատակով տարվելու իր ունակությունը։

Թեպետ ժողովրդի կարծիքն անտեսել են միշտ, այդ թվում՝ մեծերը։

... Երբ մատնանշում ես իշխանության ներկայացուցիչների բացահայտ մառազմատիկ գործողությունները, նրանց բազմաթիվ մոլի երկրպագուներ արդեն ճարահատյալ համաձայնում են, բայց տեղնուտեղն էլ շտապում ավելացնել. «Ցավոք, Նիկոլ Փաշինյանը մեզանում միայն մեկն է, և ողջ հույսը նրա վրա է»։

Ինչպե՞ս թե՝ «Փաշինյանը, ցավոք, մեկն է»։ Ձեզ համար քի՞չ է։ Բազմաստվածությա՞մբ ենք զբաղվելու, ինչպես Հին Եգիպտոսում։ Ոչ, թանկագիններս, չգիտենք, ձեզ՝ ինչպես, բայց մեզ մեկն էլ առավել քան բավական է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ