17 07 2018

Իշխանությունը Հայաստանում այնքան էլ մեծ արժեք չէ. «Հայոց աշխարհ»

Իշխանությունը Հայաստանում այնքան էլ մեծ արժեք չէ. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Եվ այսպես. Երևանի ավագանու նիստը, որտեղ պետք է ընտրվեր նոր քաղաքապետ, տեղի չունեցավ քվորումի բացակայության պատճառով։ Ընդհանրապես քվորումի խնդիրն ընտրովի մարմիններում, լինի խորհրդարան թե ավագանի, նույնքան հին է, որքան պառլամենտարիզմը։

Դեռևս XIX դարավերջից պահպանվել են նկարագրություններ, թե ինչպես էր Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստերի դահլիճը պատշգամբից երևում մերթ կարմիր (պատգամավորների բացակայության դեպքում՝ բազկաթոռների գույնը), մերթ սև (ներկա գտնվող պատգամավորների սերթուկներն ու ֆրակները)՝ կախված նրանից, թե ինչ օրենք էր ընդունվում։ Այնպիսին, որը գուցեև կարևոր էր հասարակական բարօրության տեսանկյունից, բայց անձնական հետաքրքրություն չէր ներկայացնում պատգամավորների համար (կարմիր դահլիճ), թե օրենք, որը լայն հնարավորություններ էր ընձեռում պատգամավորներին (սև դահլիճ)։

Դատելով ամենից, ավագանու արտահերթ ընտրությունները կլինեն աշնան սկզբին, և այս իրավիճակը ձեռնտու է «Ելքին»։ Չէ՞ որ եթե ավագանին քաղաքապետ ընտրեր հիմա, ապա «Ելքը» ստիպված կլիներ թեկնածու առաջադրել իր շարքերից։ Իսկ խմբակցության ներկայիս կազմում այդ պաշտոնի թեկնածու պարզապես չկա։ Ճիշտ է, մտավոր պոռթկումները «Ելք» խմբակցությունում, Արեգակի հրաժայթքումների պես, իրենց զգալ են տալիս գրեթե ամեն օր։ Սրանց նշանաբան կարող է դառնալ՝ «Նույնիսկ բանջարաբույսերի մեջ Չիպոլինո կա»։

Հիշեցնենք, որ Չիպոլինոյի մասին հեքիաթն ավարտվում է նրանով, որ Սոխը, միավորվելով նույնպիսի հասարակ բանջարաբույսերի ու մրգերի հետ՝ Դդումի, Բողկի, Լոբու և մյուսների, ազատագրում է տարածքը ամեն տեսակի Նարինջների, Լիմոնների և Պոմիդորների իշխանությունից։ Սակայն տվյալ դեպքում ազատագրելը դեռ շատ քիչ է։ Պետք է ղեկավարել միլիոնանոց քաղաքը՝ ամեն օր լուծելով միլիոնավոր խնդիրներ։ Իսկ հայրենի չիպոլինոները դրան ընդունակ չեն։

Այնպես որ «Ելքին» պարզապես կենսականորեն անհրաժեշտ է ավագանու ընտրությունների գնալ նոր կազմով՝ իր շարքերում ընդգրկելով ապագա քաղաքապետին։ Իսկ այնուհետ արդեն կարելի կլինի ապացուցել հանրապետականներին հայտնի սկզբունքը. «Դուք վատն էիք, իսկ մենք ձեր ինադու կարող ենք է՛լ ավելի վատը լինել»։

Ի դեպ, այստեղ առաջանում է մի հետաքրքիր հարց։ Եթե հանրապետական ռեժիմն այն էր, ինչը ենթակա էր տապալման, հհշականը նույնպես վատն էր, իսկ մինչ այդ՝ կոմունիստականը, դաշնակցականը, ցարականը, պարսկականը և այլն, ընդհանրապես դարավոր ստրկություն էր, եթե ողջ հայրենի պատմությունը համատարած քրեական գործ է, ապա այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու պիտի ամեն ինչ փոխվի ներկայիս հեղափոխական իշխանանության դեպքում։ Ինչո՞ւ պիտի նմանատիպ պատմության պայմաններում հայոց աշխարհում դրախտ տիրի։ Դա իսկական ուտոպիա է, որ հեղինակել է գործող իշխանությունը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ