13 07 2018

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է ընտրությունների գնալ միասնական, հեղափոխական ցուցակով

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է ընտրությունների գնալ միասնական, հեղափոխական ցուցակով

«Սա հայկական ոգու թռիչքն է, որ միասին ապրեցինք վերջին ամիսներին՝ կերտելով Նոր Հայաստանը: Մենք սատարում ենք նոր կառավարությանը»,- հուլիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, քաղաքական նոր իրավիճակը երկարատև պայքարի արդյունք է, որ վաղուց է սկսվել՝ ներառելով թե՛ տրանսպորտի գների թանկացման ակցիան, թե՛ «Էլեկտրիկ Երևանը» և այլն:

«Հաղթանակը բոլորինս է, ովքեր մասնակցություն են ունեցել դրան»,- նշեց Հովհաննիսյանը, ավելացնելով, որ ողջունում են նոր կառավարությանը, թեև հիմա ո՛չ կառավարության անդամ են, ո՛չ ընդդիմություն: Նա հույս հայտնեց, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կունենա վստահելի կառավարություն:

Ընտրությունների հարցում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն իր տեսակետն ունի՝ «Ժողովրդի հաղթանակն ամրագրելու համար քաղաքացիական առաջարկ եմ արել՝ վայր դնել կուսակցական դրոշակները և միավորվել»: Կարծում է՝ սա միասնական հաղթանակ է, և ուժերը պետք է ներկայանան հեղափոխական միասնական ցուցակով: Իսկ եթե չհամաձայնեն՝ իրենք կքննարկեն իրենց մասնակցության ձևաչափը:

Խոսելով նոր կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարից, Հովհաննիսյանն այն որակեց ուշացած, բայց ողջունելի. «հուսով եմ, որ կշարունակվի սթափ և սառնասիրտ: Եվ պետք չէ, որ դա այս կառավարության միակ գործառույթը լինի»,-ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով վարչապետի կադրային քաղաքականությանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաղ. «Սա ժամանակավոր կառավարություն է, չարժե խորացված վերլուծություններ անել: Փորձառությունն անպայման չէ, որ տարիքով է չափվում»:

Նոր կառավարության վարած արտաքին քաղաքականությունն էլ, կարծում է, բարեհաջող է և պետք է սատարել: Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցի մասին դիտարկում արեց, թե՝ «Հաջող այց էր, բայց կուզեի, որ Աննա Հակոբյանն էլ ներկա լիներ: Կանանց դերակատարումը դիվանագիտության մեջ շատ կարևոր է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ