13 07 2018

Իսկ ո՞ւր մնացին սկզբունքները. «Հայոց աշխարհ»

Իսկ ո՞ւր մնացին սկզբունքները. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից արդեն երկու ամիս է անցել, և ստիպված ես ավելի ու ավելի հաճախ անդրադառնալ յուրաքանչյուր նոր իշխանության աքիլլեսյան գարշապարը կազմող այն հարցին, որը կոչվում է խոսքի ու գործի հակասություն։

Այսօր կխոսենք արտաքին քաղաքականության սկզբունքների մասին, քանի որ դրանց բացակայությունը անդառնալի հետևանքներ կունենա։ Սա այն ոլորտն է, որտեղ չի կարելի առաջնորդվել «հորս արև» երդվելու սկզբունքով, այլապես ոչ միայն քեզ, այլև քո երկրին կարող են լուրջ չընդունել։

Բայց քանի գնում ակնհայտ է դառնում, որ մերոնք հենց այդ սկզբունքն են դարձնում Հայաստանի արտաքին քաղաքականության նոր հիմնաքարը։ Իսկ դա նշանակում է, որ մեր գործընկերները արդեն լուրջ հիմքեր ունեն Հայաստանի հանդեպ նույն կերպ վարվելու։ 

Դատեք ինքներդ. վարչապետը Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո հենց հաջորդ օրն իսկ մեկնեց Արցախ և այնտեղ հռչակեց նոր իշխանությունների հայեցակարգային դիրքորոշումը Ղարաբաղյան բանակցային գործընթացի շարունակման հեռանկարների շուրջ։

Սահմանվում էր, որ Հայաստանը այսուհետև Ադրբեջանի հետ պատրաստ է բանակցել միայն այն հարցերի շուրջ, որոնք իրեն են վերաբերում, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից բանակցելու որևէ մտադրություն չունի։ 

Դրա հիմնավորման համար թվում էր, թե ընտրված էր նաև համապատասխան փաստարկ. ի տարբերություն իր նախորդների, Հայաստանի նոր ղեկավարը ղարաբաղցի չէ, չի եղել ո՛չ ԼՂՀ ղեկավարը, ո՛չ էլ նրա ինքնապաշտպանության կազմակերպիչներից մեկը, ուստիև իրեն իրավունք չի վերապահում դիմել նման քայլի։

Թվում է, թե ամեն ինչ ասված է, բայց անցավ որոշ ժամանակ և Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Զ.Մնացականյանի հայտարարություններից ակնհայտ դարձավ, որ նա այդպես չի մտածում, ուստի իր նախորդի՝ Է.Նալբանդյանի նման օրը տասն անգամ հավատարմություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշակված բանակցային ձևաչափին և որևէ մտադրություն չունի կյանքի կոչելու իր անմիջական վերադասի հռչակած սկզբունքները։ 

Այս ամենը սկզբում այնքան էլ ցայտուն չէր երևում, բայց երբ երեկ Բրյուսելում տեղի ունեցավ նրա առաջին հանդիպումը ադրբեջանցի իր գործընկերոջ հետ, պարզ դարձավ, որ Հայաստանի նոր իշխանությունների մոտեցումներում ոչինչ չի փոխվել։ Այս ամենն արդեն տարակուսանք է առաջացրել մեր հանդեպ բարեկամաբար տրամադրված օտարազգի քաղաքագետների շրջանում, որոնցից ոչ անհայտ Մոդեստ Կոլերովը այդպես էլ չի հասկանում, թե ո՞վ է մեր երկրի արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատուն։

Բայց սրանով սկզբունքների ռևիզիան չի ավարտվում, որովհետև Հայաստանը մի կերպ կարողանում է հիմնավորել ՆԱՏՕ-ի Բրյուսելյան գագաթաժողովին իր սահմանափակ մասնակցության անհրաժեշտությունը՝ դրա համար Մոսկվա գործուղելով Անվտանգության խորհրդի քարտուղարին, բայց որպես ՆԱՏՕ-ի գործընկեր պետություն փաստորեն դառնում է այդ կազմակերպության Բրյուսելի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի 67-րդ կետով սահմանվող սկզբունքի ուղղակի պատանդը։ Վերջինիս համառոտ բովանդակությունը հետևյալն է.

«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը։ Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ հիմնվելով այս սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի Խարտիայի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի վրա։ Մենք հորդորում ենք բոլոր կողմերին կառուցողական լինել և ավելի մեծ քաղաքական կամք դրսևորել գոյություն ունեցող բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար»։

Եթե սրա համար էր Հայաստանի պատվիրակության սահմանափակ մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին որպես գործընկեր պետություն, ապա որտե՞ղ է արտահայտվել մեր դիրքորոշումն առ այն, թե ինչ է հասկանում Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով։ 

Միգուցե ՀՀ վարչապետի ելույթո՞ւմ, բայց այնտեղ նման սկզբունքային դիրքորոշումներ չկան։ Փոխարենը խոսվում է ժողովրդավարացած Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի պատերազմական նկրտումների մասին, դրանք դիտվում են որպես ժողովրդավարության դեմ ուղղված ագրեսիվ մտադրություններ։

Սրանով նաև մոռացության է տրվում, որ նույն՝ Բրյուսելի գագաթաժողովի օրերին Ադրբեջանը նույնպես ստորագրել է Եվրամիության հետ գործընկերության մասին համաձայնագիրը, ու թեև առայժմ այն նախաստորագրման, կամ նախնական ստորագրման տեսք ունի, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում։ Նման քայլով Եվրամիությունը ցույց է տվել, որ իր համար կարևորը մասնակցությունն է, ժողովրդավարությունը հետո էլ կլինի։ Իսկ մասնակցության հետնախորքում, ինչպես գիտենք, աշխարհաքաղաքական շահերն են

Դուրս է գալիս, որ մերոնց համար կարևորը ոչ թե սկզբունքներն են, այլ դրանց մասին դատարկ հայտարարությունները։ Ուրեմն այսուհետ մնում է, որ կա՛մ Հայաստանը հրաժարվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքից, կա՛մ էլ Ադրբեջանը ոտնահարի հակամարտությունների խաղաղ կարգավորման պահանջը՝ հիմնվելով ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կողմից ճանաչված՝ իր տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ 

Ո՞վ է այդ դեպքում երաշխավորելու Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը իր հայրենի հողի վրա, երբ Ռուսաստան մեկնած մեր ԱԽ քարտուղարին արդեն հասկացրել են, որ իրենք Արցախի հարցի խաղաղ, բայց փուլային կարգավորման կողմնակից են, իսկ փուլային կարգավորումը ենթադրում է ԼՂՀ սուբյեկտայնության փուլային վերացում։

Մինչդեռ մայիսի 9-ին Հայաստանի իշխանությունները հռչակել են հենց այդ սկզբունքի առաջնայնությունը, բայց շատ շուտով մի կողմ են դրել այն՝ բանակցային գործընթացի հին ձևաչափը վերականգնելու համար։ Դրա հետևանքով ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր, բայց մի էական, շատ էական տարբերությամբ՝ մեծացել է պատերազմի վտանգը:

Վերջում նշենք, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Հայաստանի պատվիրակության սահմանափակ մասնակցության փաստից մեր գործընկերներից ոմանք հեռուն տանող եզրահանգումներ են անում, պնդելով, որ «Հայաստանի այս հեղինակությունը բացառում է այս փուլում պատերազմ Ղարաբաղի ճակատում... Հեղափոխությունը կանխեց Ադրբեջանից եկող գրեթե անխուսափելի վտանգը, գոնե ժամանակավորապես»։ 

Շնորհակալ ենք նրանց, որ գոնե «ժամանակավորապես» բառն օգտագործելու ազնվությունն ունեն, քանզի իրենք էլ լավ են հասկանում, որ սրանով ոչինչ էլ չի փոխվել, որովհետև պատերազմ վարելու թույլտվություն Ադրբեջանը չի ունեցել ո՛չ ՆԱՏՕ-ի Բրյուսելի գագաթաժողովից առաջ, ո՛չ էլ դրանից հետո։ Իսկ ահա արտաքին քաղաքականության սկզբունքները, որոնք առաջ են քաշվել Հայաստանի նոր իշխանությունների կողմից, արագորեն փոխվել են հաշված ամիսների ընթացքում։

Եվ եթե նրանք այդքան հեշտությամբ են փոխում իրենց սկզբունքները, ապա մենք ի՞նչ երաշխիքներ ունենք, որ վաղը, երբ կսպառվի «ժամանակավորապես» բառի մեջ ամփոփված ժամանակը, պատերազմից խուսափելու համար Հայաստանի նոր իշխանությունները նորից չեն դավաճանի իրենց իսկ հռչակած սկզբունքներին, երբ Ռուսաստանը պահանջում է խաղաղ, բայց փուլային կարգավորում, իսկ ՆԱՏՕ-ն՝ խաղաղ կարգավորում՝ տարածքային ամբողջականության շրջանակներում։

Քաղաքականության մեջ գոյություն ունի երկաթե կանոն՝ եթե առաջադրում ես որոշակի սկզբունք, ապա նախապես պետք է մտածես նրան տեր կանգնելու համար ոչ մի բանից, այդ թվում՝ պատերազմից չվախենալու մասին, իսկ եթե վախենում ես, ուղղակի չպետք է դիմես նման քայլի, որովհետև այդ պարագայում ոչ միայն քեզ, այլև քո երկրին կարող են լուրջ չընդունել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ