11  07  2018

Փոքրիկ փաստեր՝ սկսվող մեծ խնդրի մասին

Փոքրիկ փաստեր՝ սկսվող մեծ խնդրի մասին

Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի նոր կերպարը՝ չսափրված, գլխարկով և ուսապարկով: Նման հարցում մայիսին իրակացրել էր «GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն: Հարցման մասնակիցների 90.8 տոկոսը պատասխանել էր՝ դրական, 3.6 տոկոսը՝ բացասական:

Իսկ արդեն հուլիս ամսին մամուլում կարդում ենք նման հրապարակում. «Քաղաքացին մեղադրվում է «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ին 1 մլն 376 հզր դրամի նյութական վնաս պատճառելու մեջ: Ըստ մեղադրանքի, քաղաքացու համար անընդունելի է եղել ընկերությունում արված այն խաղադրույքը, թե ՌԴ մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը կսափրվի՞, թե՞ ոչ»:

Հրապարակման մեջ նշված է, որ քաղաքացին, անընդունելի համարելով վերը նշված խաղադրույքը, ընկերության գույքը վնասելու դիտավորությամբ, 2018թ մայիսի 13-ին գնացել է ընկերության գրասենյակի մոտ, կոտրել դռներն ու ապակիները:

Հետաքրքրական է. հետհեղափոխական շրջանում մարդկանց ընկալումները հաճախ ոչ միայն իրական կյանք չեն վերադառնում, այլև կարծես նոր սկսվող երևույթի ենք ականատես, որը կարելի է անվանել … լավ, ոչինչ էլ չանվանենք:

Մեր հասարակությունը սիրում է իր սեփական տրամադրվածությունները, զգացմունքները, սպասումները խտացնել և արտացոլել՝ նորածիններին անուններ տալով: Այս ընթացքում հանդիպել ենք բավականաչափ դեպքերի, որ նորածիններին անվանակոչել են Նիկոլ, բայց դրանցից մեկը հետաքրքրական էր այնքանով, որ քաղաքացին ի պատիվ Փաշինյանին՝ դստերն էր անվանել «Ռուզաննա Նիկոլ»:

Նշանակումից օրեր անց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ի թիվս քաղաքացիների բարձրաձայնած մի շարք հարցերի և դիմումների, հրապարակեց նաև վարչապետի հազով մտահոգված մի քաղաքացու նամակ, որը հայտարարում էր, որ գտել է հազի բուժումը: Ի դեպ, վարչապետի կինը ևս հարցազրույցներից մեկում նշել էր, որ պարբերաբար ստանում են ժողովրդական բաղադրատոմսերով պատրաստված տարատեսակ միջոցներ՝ հազը բուժելու համար: Լավ է, որ քաղաքացին մտածում է իր երկրի ղեկավարի մասին, բայց լավ կլինի, որ քաղաքացին վստահի նաև նոր Հայաստանի բժշկությանը:

Նեղ անձնական խնդիրների վերհանումը պետության առաջին դեմքի առաջ նորություն չէ, դա եղել է մշտապես: Իսկ այժմ քաղաքացին խնդիրների միակ լուծումը տեսնում է Նիկոլ Փաշինյանի՝ միանշանակ փայլուն կառավարման մեջ, բայց մոռանում է արդեն սեփական խնդրիների մեղավորին ու լուծողին փնտրել սեփական անձի մատույցներում:

Իսկ Նիկոլի մեկ կոչը որոշների համար էլ մարգարեի խոսք է և կամ պարտադիր կատարման հրաման: Ի՞նչ ասես քաղաքացուն, որը վարչապետին կոչ է անում հորդորով դիմել հանրությանն առ այն, որ շատ երեխաներ ունենան: Մոտավորապես նույնն է, երբ նախընտրական քարոզարշավին մեկը մոտեցավ ԲՀԿ առաջնորդին և հուզված բացականչեց՝ «Ամուսնացել եմ 7 տարի է, երեխա չունեմ, ո՞նց անեմ»:

Այժմ շատերի համար երկրպագության է արժանի նոր վարչապետը և ուրեմն բոլորի շուրթերին ու մտքում որպես մշտական հնչող կոչ՝ նրա «դուխով»-ը: Այն վաղուց արդեն դադարել է կարգախոս լինելուց: Խանութներում այսօր կարելի է հանդիպել ցանկացած իր, հագուստ, պարագա, որի վրա կամ Նիկոլ Փաշինյանի նկարն է կամ «դուխով» գրառումը, կամ երկուսն էլ միասին: Եթե հեղափոխության օրերին նպատակային էր դրանց կրումը, ապա այսօր հանդիպելիս մի հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Ասվածի վառ ապացույցն է նաև «դուխով» գրառմամբ գլխարկով երիտասարդի նկարը սոցցաներում՝ եզակի համարվող թռչունի որսից հետո:

Շիրակցի Արկադին, որ երեք ամիս է Նիկոլի պատկերով ու «դուխով» գրառմամբ շապիկը հագից չէր հանում՝ դաշտում գործ անելիս, շուկայում գնումներ անելիս, հանդում կով պահելիս, թե բակում նարդի խաղալիս, և ամենօրյա գործածումից փչացել էր՝ նաև անորակ լինելու պատճառով, ի վերջո մաշված շապիկն արցունքն աչքերին հատկացրել էր կնոջը՝ մի քիչ էլ պոլի փետին հագցնելու և հատակը սրբելու համար: Բայց որպեսզի անարգանք չլինի վարչապետի հասցեին, քերել էր նկարը շապիկից: Ի դեպ, դեպքը, թվարկած նախորդների պես, իրական է:

Նշենք նաև, որ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Արմավիրում ծիրան արտահանողները հավաստիացնում էին, որ «Դուխով» մակնշմամբ արկղերը խիստ պահանջարկ են վայելում ռուսատանաբնակ հայերի շրջանում:

Քիչ չեն նաև հեղափոխությունից հետո ստեղծված «դուխով» երգերը, որոնց մի մասը որակի առումով խիստ տարակուսելի է, թեև արդարության համար նաև նշենք, որ հիթային են դարձել և մեծ վայելում ունեն հանրության շրջանում:

Ի դեպ, վերջերս վարչապետի այցի ժամանակ նրան մի խումբ երեխաներ դիմավորեցին հենց նմանօրինակ մի երգով:

Որպես թեմայի վերջաբան՝ ավելացնենք, որ Նիկոլ Փաշինյանը բուքմեյքերական ընկերություններին կոչ էր արել չօգտագործել «դուխով» լոգոն: Ինչո՞ւ է վարչապետին հենց այս մեկ կիրառումն անհանգստացնում: Ինչո՞ւ կարելի է դուխով մայկան օգտագործել երկինք պարզելու համար, որ անձրև չգա, խոպան ուղարկելիս պատվիրել, որ անպայման հագնեն, որ հաջողություն բերի, երեխայի բարձի տակ դնել, որ գիշերը վատ երազ չտեսնի, բայց չի կարելի օգտագործել, որ մի քանի հոգի էլ հարստանան:

Ինչևէ, մարդկանց շարժիչ ուժը բոլորովին ուրիշ ուղղությամբ է աշխատում, մարդիկ սկսել են իրենց վրա հույս չդնել, այլ մեկի, ում արդեն աստվածացնում են: Ցավում ենք, բայց հիասթափություն է սպասվում՝ այլ կերպ չի լինում, սպասելիքներն են անիրականալի: Մենք չէ, Սուրբ գիրքն է ասում. «Քեզ համար կուռք մի ստեղծիր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ