09  07  2018

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների կարգը

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների կարգը

Ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է՝ արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

Արտահերթ ընտրություններն անցկացվում են նույն օրենքի 44-րդ հոդվածի 4-6-րդ  մասերով սահմանված կարգով, այսինքն՝ քվեարկում են ավագանու անդամները։ Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները:

Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

Հոդված 47-ը սահմանում է, որ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երևանի բնակիչներին տրված երդմամբ:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: «Սիրելի՛ համաքաղաքացիներ,խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։ Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ»,- նշել էր նա:

Երևանում ավագանու վերջին ընտրությունն անցկացվել է 2017 թվականի մայիսին: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ