09 07 2018

Զինծառայությունը զինծառայողի ծնողի համար սոցիալական նոր ծանրաբեռնվածություն չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան

Զինծառայությունը զինծառայողի ծնողի համար սոցիալական նոր ծանրաբեռնվածություն չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան

Զինծառայողի ծնողը ստիպված չպետք է լինի ինչ-որ կարիքներ հոգալ: Այս մասին հուլիսի 9-ին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, շատ կարեւոր է ըմբռնել, թե ինչի մասին է խոսքը.

«Ասվում է, որ ծնողը ստիպված չպետք է լինի ինչ-որ կարիքներ հոգալ: Ոչ ոք չի ասում, որ ծնողն իրավունք չունի իր երեխային համար շոկոլադ կամ տորթ տանել ծննդյան օրվա առթիվ: Խոսքն այն մասին է, որ այն պարտավորությունը, որը դրված է պետության վրա, միարժեք պետք է իրականացվի: Դա չի նշանակում, որ իր որդուն այցելող ծնողն իրավունք չունի հետը միս տանել, արձակուրդ վերցրած որդու հետ գնալ խորոված անել»,-հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նա տեղեկացրեց, որ կան զորամասեր, որոնցից արձագանքներ ենք ստանում, որ շտկվել է իրավիճակը, կան զորամասեր, որ վիճակն այնքան էլ լավ չէ:

Նորակոչիկների հետ ճաշից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շրջեցին Կենտրոնական հավաքակայանում, եղան վերջնական բուժզննման կետում, «Ես եմ» ծրագրով զորակոչիկների ընտրման հանձնաժողովում և այլն: Նշենք նաև, որ նորակոչիկների թվում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ով իր դիմումի համաձայն կծառայի Արցախում:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ վարչապետ Փաշինյանը նշեց, որ ինքը գիտի, որ ընդհանուր կանխավարկածը կա, որ կոռուպցիա կա մեծ ծավալների, այդ թվում և ԶՈւ-ում: «Ինչքան կա, այդքան էլ կբացահայտվի»,-ասաց նա:

Հարցին, թե ԱԱԾ-ի կողմից բացահայտումները շարունակություն ունենալու են, պատասխանեց, թե ինքը ԱԱԾ-ի առաջ խնդիր չի դրել, որ «գնացեք, խոշոր բացահայտում արեք»: «Ես ասել եմ, որ պետք է լինի օրինականություն»,-ասաց նա:

Իսկ թե ինչպես է վերաբերում այն գործողություններին, որ բերման են ենթարկվում, ապա ազատ արձակվում և նորից նույնը, Փաշինյանը պատասխանեց.

«Կարող է՝ մի մարդու 10 անգամ բերման ենթարկեն ու բաց թողնեն, մեկին էլ մի անգամ բերման ենթարկեն և բաց չթողնեն. դա որոշվում է օրենքի շրջանակում»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անձեռնմխելի մարդիկ ՀՀ-ում չկան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ