07  07  2018

Երկու կարևորագույն հարց կա մեզ համար բանակցային գործընթացի մեջ. Զոհրաբ Մնացականյան

Երկու կարևորագույն հարց կա մեզ համար բանակցային գործընթացի մեջ. Զոհրաբ Մնացականյան

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Հեռանկար» քաղաքական-հասարակական վերլուծական ծրագրին՝ անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, մասնավորապես՝ Մադրիդյան սկզբունքներին, Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և բանակցային գործընթացի այլ մանրամասների, նաև հայ-ռուսական հարաբերություններին և Ռուսաստանին «հաճոյանալու» տպավորություն ստեղծող գործողություններին:

– Շնորհակալություն, պարոն նախարար։ Եկեք սկսենք ղարաբաղյան խնդրից։ Բեռլինում հունիսի 29-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Դուք ասացիք, որ հակամարտության հիմնական կողմ Լեռնային Ղարաբաղը երկարաժամկետ և մնայուն խաղաղ կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն։ Նախ՝ Արցախը հիմնակա՞ն կողմն է, կա՞ն նաև ոչ հիմնական կողմեր։

– Գիտեք, այն, ինչ որ ասվել է, որևէ նոր բան չի ասվել, և դա արտահայտված է նաև Կառավարության ծրագրում և դա եղել է մեր ընկալումն այս ամբողջ շրջանում։ Ղարաբաղի խնդրի շուրջ են բանակցությունները և հիմնական սուբյեկտն այստեղ Ղարաբաղն է։ Հարցը եղել է Ղարաբաղի մասին, հարցը եղել է Ղարաբաղի բնակչության մասին, Ղարաբաղի ժողովրդի մասին։ Մեզ համար հարցը եղել և մնում է նույնը․ 150 000 մարդկանց, որոնք ունեն իրենց անունները, իրենց ընտանիքները, իրենց տները, իրենց ֆիզիկական անվտանգության ապահովման երաշխավորման մասին է։ Սա է եղել միշտ հարցը։ Հիմնական կո՞ղմ է․ իհարկե, հիմնական կողմ է, որովհետև իրենց կյանքի մասին է խոսքը, իրենց անվտանգության մասին է խոսքը, ֆիզիկական անվտանգության մասին է, իրենք են եղել զինադադարը ստորագրող կողմ 1994թ.: Սա իրողություն է, որը միշտ եղել է։

– Հետևաբար, կարելի՞ է ասել՝ Հայաստանը հակամարտության ոչ հիմնական կողմ է։

– Հայաստանը եղել է բանակցող կողմ և մնում է բանակցող կողմ, մնում է հավատարիմ խիստ բանակցային գործընթացի միջոցով խաղաղ կարգավորման ապահովմանը։ Սա էլ է սկզբունք, որը հստակորեն դրված է նաև Կառավարության ծրագրի մեջ, և Հայաստանն իր այդ գործառույթը հստակորեն կատարել է, շարունակում է կատարել և մնում է հավատարիմ այդ գործառույթը կատարելու հարցում։

– Հակամարտությունը տեղի է ունենում Արցախի և Ադրբեջանի միջև, հետևաբար, ի վերջո, պետք է  պայմանավորվեն Արցախի և Ադրբեջանի ղեկավարները։

– Ի վերջո, առանց Արցախի որոշիչ ձայնի Հայաստանն ինչ էլ պայմանավորվի կարգավորումը բնական չի լինելու, կարգավորումը կայուն և տևական չի լինելու։ Ղարաբաղի ձայնը չափազանց էական է, և այդ սկզբունքը եղել և մնում է օրակարգում։

– 20 տարուց ավելի մեր դիվանագիտությունը մոտավորապես նույնն է ասում է, ինչպես որ նշեցիք։ Ինչու՞, այնուամենայնիվ, Ղարաբաղի ձայնը լսելի չէ և, էլ չեմ ասում, որոշիչ չէ։

– Չէի ասի, որ Ղարաբաղի ձայնը լսելի և որոշիչ չէ։ Ղարաբաղը և համանախագահողների կողմից, և մեր կողմից հստակորեն ներգրավված է և տեղյակ է գործընթացի էության, բովանդակության և ուղիների մասին, և ճանապարհների մասին, որոնք բանակցային սեղանի վրա են։

– 27 տարի շարունակ Հայաստանի առաջին դեմքերը և արտգործնախարարները խոսել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեթոդոլոգիայի մասին․ կար փաթեթային, փուլային, ընդհանուր պետություն։ Եթե այդ բոլոր բաներն ամփոփենք, և  Քո Վեսթը մի կողմ դնենք, որովհետև դա լրիվ այլ պատմություն է, ապա դա փոխզիջում է․ հայկական կողմերը տարածքային զիջումներ են անում կարգավիճակի դիմաց։ Այդպե՞ս է, թե այդպես չէ։ Եթե այդպես է, ապա արդյո՞ք Դուք շարունակելու եք այդ գիծը։

– Երկու կարևորագույն հարց կա մեզ համար բանակցային գործընթացի մեջ՝ ստատուս և անվտանգություն։ Այս հարցի շուրջ է, որ մենք փորձում ենք գտնել այն, ինչ որ կոչվում է փոխզիջում։ Բնականաբար, եթե մենք խաղաղ կարգավորման ենք գնում, խաղաղ կարգավորման հիմքում դրված է փոխզիջումը։ Չի կարող մեկ կողմը ստանալ ամեն ինչ, մյուս կողմը չստանալ ոչինչ, կամ ավելի շատ, կամ ավելի քիչ, այնպես որ բանակցության իմաստը դա է, որ կողմերը դուրս գան բանակցություններից բավարարված՝ կարողանալով համոզված լինել, որ փոխզիջումը լավագույնս է արտահայտում մի կողմի կամ մյուս կողմի նպատակները։ Մեր դեպքում ստատուսի և անվտանգության հարցերն ամենաէական հարցերն են, որոնք դրված են բանակցային սեղանին։

– Մադրիդյան սկզբունքները, արդյո՞ք դրանք բանակցությունների սեղանի վրա են, թե սեղանի վրա չեն։

– Այսպես ասենք, Մադրիդյան սկզբունքները ունեն իրենց հստակ տեղը։ Կա բանակցային գործընթացի էության էվոլյուցիա։ Հիմա մենք այն փուլում ենք, երբ որ վերներգրավվում ենք գործընթացի մեջ։ Մենք այսօր ունեցել ենք արդեն․ եթե նկատել եք, առաջին օրվանից և վարչապետի, և իմ կողմից, ներգրավվածություններ են եղել տարբեր մակարդակներով։

Ես անձամբ առիթն ունեցել եմ նախարարների մակարդակով ընդգրկվել՝ չասեմ բանակցությունների, այլ ավելի շատ՝ շփումների մեջ Ռուսաստանի արտգործնախարարի, Ֆրանսիայի արտգործնախարարի հետ, ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մենք անմիջական կապի մեջ ենք համանախագահների հետ, համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ, որոնք անմիջապես վարում են բանակցություններ կամ օգնում են այդ գործընթացին։

Շատ շուտով կլինեն նաև մյուս քայլերը, դինամիկան անհրաժեշտ է պահպանել։ Այս վերներգրավման գործընթացում մենք փորձում ենք գնահատել, տեսնել, թե ինչպես ենք ձևակերպում մեր հետագա քայլերը։ Ես շատ զգուշորեն եմ ձևակերպում, որովհետև ինձ համար մեթոդաբանական առումով շատ էական է ապահովել այս ներգրավման գործընթացը։

Մենք հայտնել ենք հիմնական սկզբունքները. հավատարմությունը բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը, բացառապես Մինսկի խմբի համանախագահության սկզբունքն ենք արտահայտել ու վերահաստատել, և խաղաղությանը նպաստող միջավայրի սկզբունքն ենք հաստատել՝ որպես կարևոր սկզբունք, որի շրջանակում հնարավոր է բանակցությունները վարել բնականոն ձևով` կարգավորմանն ուղղված նպատակային այդ գործառույթն ապահովելու առումով։

– Ո՞ր սկզբունքների, Մադրիդյա՞ն սկզբունքների հիման վրա թե՞ ինչ-որ այլ գաղափարներ են մշակվելու այս ընթացքում։

– Գիտեք, զգուշությունը շատ կարևոր է, որովհետև ներգրավման գործընթաց է։ Ես նորից կրկնեցի այն երեք հիմնական սկզբունքները, որ վերաբերում են մեր ներգրավմանը՝ խաղաղ կարգավորում, Մինսկի խմբի համանախագահների ֆորմատ, խաղաղությանը նպաստող միջավայր, ես գծեցի այն, ինչ մեզ համար չափազանց կարևոր և առաջնային է՝ ստատուս և անվտանգություն։ Այս սկզբունքներով մենք հիմա ապահովում ենք բանակցությունների շարունակությունն այնտեղից, որտեղ որ դրանք ընդհատվել են։

– Դուք ասացիք, որ արտգործնախարարների հետ շփվել եք և կարծեմ հանդիպել եք, բայց չեք բանակցել նաև Մամեդյարովի հետ հունիսի 22-ին Մինսկում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Դուք շփվել եք Մամեդյարովի հետ։ Դրանից հետո հանդիպումներ եղե՞լ են և արդյո՞ք արդեն բանակցային հանդիպումներ նախատեսված են, թե չէ։

– Ոչ, չեն կարող լինել բանակցություններ, որոնց մասին հասարակությունը չիմանա։

– Իսկ նախատեսվա՞ծ են արդյոք այդպիսի բանակցություններ։

– Այո, մեզ համար շատ էական է և՛ դինամիկան պահպանել, և՛ ժամանակացույց ունենալ շարունակության, և դրա մասին մենք շատ շուտով կհայտնենք․ այո, նախատեսվում է և մոտ ժամանակներս։

– Այս տարվա ընթացքում, հաստատ, Դուք Մամեդյարովի հետ կհանդիպեք։

– Միանշանակ, շատ ավելի շուտ քան այս տարվա ընթացքում։

– Ադրբեջանական կողմը, նաև Մամեդյարովը հաճախ խոսում են սուբստանտիվ, այսինքն, որքան հասկանում եմ, բովանդակային բանակցությունների մասին, և դա, որքան հասկանում եմ, նշանակում է, եկեք մի կողմ դնենք դիտորդական առաքելության ընդլայնման խնդիրը, եկեք մի կողմ դնենք հրադադարի պահպանման մեխանիզմների հետաքննության խնդիրը և միանգամից զբաղվենք խնդրի կարգավորմամբ։ Այդպե՞ս է նրանց դիրքորոշումը։

– Չեմ ուզում առաջ ընկնել, մինչև չլսեմ։

– Իսկ Ձեզ համար։

–Մեզ համար սկզբունքների հարց է։ Երբ որ մենք խոսում ենք խաղաղությանը նպաստող միջավայրի մասին, դա լայն կոնտեքստ ունեցող սկզբունք է, որի մեջ մտնում են նաև գործառույթներ, որոնք վերաբերում են զինադադարի ռեժիմի ուժեղացմանը։ Մեզ մոտ որևէ բան այդ առումով չի փոխվել։

– Եվ Ադրբեջանը կարծես թե ապրիլյան պատերազմից հետո չի ձեռնարկել քայլեր, որոնք նպաստեն այդ անվտանգության միջավայրին։ Այդպե՞ս է։

–Դժբախտաբար։

– Նախկինում Հայաստանի և Ադրբեջանի առաջին դեմքերը և արտգործնախարարները հանդիպում էին ոչ միայն երեք համանախագահների ֆորմատով, այլև տարբեր երկրների, այդ երկրների՝ երեք երկրների ղեկավարների նախաձեռնությամբ, մասնավորապես՝ Ռուսաստանի։ Արդյոք այդպիսի հանդիպումների Դուք պատրա՞ստ եք, թե՞ Դուք ուզում եք, որ անպայման լինի ամբողջ Մինսկի խումբը, ամբողջ համանախագահների խումբը։

– Նայեք, շատ էական սկզբունք է այն, որ համանախագահները գործում են բավական համախմբված ձևով։ Սա շատ էական է, և մենք ողջունում ենք այդ մոտեցումը։ Մինսկի խմբի համանախագահությունը իր շատ հստակ տրամաբանությունն ունի․ երեք երկրներ են, որոնք աշխատում են միասին, որոնք ներկայացված են տարածաշրջանում, որոնք ունեն բոլոր անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական գործիքները, կարողությունները և էքսպերտիզը՝ իրականացնելու այս գործառույթը միջնորդության։ Գործում են միասին երեքով և կենտրոնացած են պահում բանակցություններն այս ֆորմատի մեջ։ Եվ նաև ունեն բավական կարևոր կանխարգելիչ դերակատարություն՝ հաշվի առնելով՝ ով են այդ երկրները, ավելի սրացումը բացառելու առումով։ Եվ այս ամենը մեզ առիթ է տալիս պնդելու, որ այո, Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը լավագույնս է արտահայտում այն անհրաժեշտ ֆորմատը, որի մեջ հնարավոր է պահպանել դինամիկան և շարժվել խաղաղ ճանապարհով հարցի կարգավորմանը։ Մենք ողջունել և ողջունում ենք այս ֆորմատը։ Եվ աշխատում ենք այդ ֆորմատի շրջանակներում՝ երեք համանախագահների։

– Համաձայնե՛ք, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը,  և Ֆրանսիան այն երկրները չեն, որ չեն կարող իմանալ, եթե հրադադարը խախտվում է կամ եթե սկսվում են ավելի ակտիվ մարտական գործողություններ, նրանք կարող են իմանալ թե ում նախաձեռնությամբ է սկսվում հրադադարի խախտումը և ապրիլին նույնպես նրանք հաստատ իմացել են, թե ով է դա արել։ Այնուամենայիվ, նրանց հայտարարությունները հավասարակշռված են, մեղմ ասած, այսինքն նրանք կողմերին կոչ են անում զսպվածություն դրսևորել։ Այդպիսով, դա կանխարգելիչ դեր խաղու՞մ է Ադրբեջանի համար։

– Համանախագահներն իրենց գործառույթները կատարում են բավական լավ։ Իրենք բավական լավ տեղեկացված են։ Բանակցային մեթոդաբանության առումով  որոշ հայտարարություններին եք անդրադառնում․ ես հասկանում եմ Դուք ինչ եք ասում։ Բայց իրենց տեղեկացված լինելու առումով վստահ եմ, որ մենք խնդիր չենք ունեցել։ Ես ինքս վստահ եմ՝ էլ ավելի առիթը կունենամ այդ վստահությունն ավելի ուժեղացնելու։ Վստահ եմ կամ հուսով եմ, որ հիասթափության տեղիք չի լինի։

– Ռուսաստանի մասին առանձին։ Մենք շարունակում ենք լոյալություն դրսևորել  Ռուսաստանի հանդեպ տարբեր հարթակներում, օրինակ՝ հունիսի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանը դեմ քվեարկեց մերձդնեստրովյան հարցով ՄԱԿ-ի բանաձևին՝ հայտնվելով 15, այսպես ասած, ոչ ամենաառաջադեմ երկրների շարքում։ Այդ լոյալությունը գնահատվո՞ւմ է Ռուսաստանի կողմից։

– Գիտեք, ինչպես առաջինը, մեր քվեարկությունը եղել է շատ հստակ ձևավորված, ձևակերպված, հաշվարկված։ Եվ եթե մենք վերցնենք, գնահատենք և ուսումնասիրենք մեր քվեարկությունների ամբողջ ծավալը, ապա կտեսնեք շատ ավելի գույներով լի պատկեր։ Որովհետև մեր դիրքորոշումները գնահատվում են առաջինը մեր շահերից ելնելով։ Մեր քաղաքականությունը խստորեն հայակենտրոն է։ Ինչ վերաբերում է այս քվեին, դուք վերցնում եք այս քվեն և գնահատում եք քվեն ռուսական կոնտեքստում։

Քվեն հիմնավորված է հետևյալով․ մենք պաշտպանում ենք բանակցային գործաընթացի ձևավորված ֆորմատն այդ կոնկրետ հարցում, և այդ կոնտեքստից դուրս հարցին լուծումներ տալու փորձերը Գլխավոր ասամբլեայի շրջանակներում որևէ կերպ չեն նպաստում խաղաղ կարգավորմանը կամ հարցի հանգուցալուծմանը։ Մենք և մեր հարցում նույնպես խստորեն պաշտպանում ենք բանակցային գործընթացը ձևավորված ֆորամտի մեջ։ Այն դիրքորոշումը, որը վերաբերում է մեզ, նաև անդրադառնում  է այն կոնֆլիկտներին, որոնք ունեն իրենց ձևավորված ֆորմատները։

– Այսինք դա սկզբունք է, ոչ թե Ռուսաստանին հաճոյանալու ինչ-որ բան։

– Իհարկե, և եթե ստացվում է այնպես, որ քվեարկում են մի խումբ երկրներ, մենք քվեարկել ենք՝ մեր սկզբունքից ելնելով։

– Վերջերս Ադրբեջան էին եկել ռուսաստանցի պատգամավորները, հասարակական գործիչները, հրապարակախոսները, որոնք արել են հայտարարություններ, դե հակահայկական հայտարարություններ, եթե մեղմ ասենք։ Պատկերացրեք, որ հայաստանցի գործիչները, պարտադիր չէ իշխանության ներկայացուցիչները, գնում են Ճապոնիա և ասում են, որ Կուրիլյան կղզիները պետք է վերադարձնել Ճապոնիային, որ դրանք ճապոնական հող են։ Կամ ես եմ գնում, կարևոր չէ, այսինքն ոչ անպայման պաշտոնական ինչ-որ ներկայացուցիչներ։ Ինչպե՞ս դա կընկալվեր Ռուսաստանում։

– Ես ավելի շուտ կխոսեմ այսպես։ Այն հայտարարությունները, այն քայլերը, որ ձեռնարկվել էին, դրանք ողջունելի չեն կարող լինել։ Դրանք չեն նպաստում, որևէ ձև չեն նպաստում կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը կամ գործընթացին որևէ դրական այսպես ասած պատգամ հաղորդելուն։ Դրանք բացասական երևույթներ են և չեն կարող ողջունելի լինել։ Մենք ունենք մեր երկխոսությունը Ռուսաստանի իշխանությունների հետ, Դուք գիտեք, որ և՛ վարչապետը, և՛ ես, ունեցել ենք առիթներ շփվելու, աշխատելու մեր գործընկերների հետ։ Վարչապետը երկու անգամ  հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ, ես առիթ եմ ունեցել շփվելու և աշխատելու իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ։ Այդ առումով մենք կառուցում ենք և ունենք բավական լավ հիմքեր միմյանց հասկանալու, միմյանց հետ այս հարաբերությունները կառուցելու։ Այդ առումով դինամիկան դրական է։ Այն, ինչ որ զուգահեռ կատարվում է, որևէ կերպ ողջունելի չի կարող լինել։

– Վերջում մի հարց, որն այս ոլորտին չի վերաբերում, բայց մոտակա իրադարձություններին է վերաբերում։ Վաղը սկսվում է վարչապետի այցը Բրյուսել և Հայաստան-ԵՄ հարաբերություններ․․․

– Վաղը չի սկսվում։

– Վաղը չի։ Ե՞րբ էր։

– Հաջորդ շաբաթ։

– Հաջորդ շաբաթ տեղի կունենա վարչապետի այցը Բրյուսել և Հայաստան-ԵՄ հարաբերություններում մեր հասարակության տրամադրվածությունը դրական է։ Դուք կիսում ե՞ք այդ լավատեսությունը։

– Գիտեք, Եվրամիության հետ մենք ունենք ձևավորված օրակարգ, մենք ունենք նոր իրավական հիմք մեր հարաբերությունները կառուցելու և զարգացնելու։ Այդ առումով մենք շարունակում ենք խորացնել, ամրապնդել այն հարաբերությունները, որոնք վերաբերում են Եվրամիության։ Նորից սա վերաբերում է Հայաստանին, և այդ ուղղությամբ մեր հարաբերությունների զարգացման հիմքում ընկած է նույն սկզբունքը, ինչ որ մյուս ուղղությունների։

Ինչպես ենք մենք օգտագործում միջազգային  հարաբերությունները, ինչպես ենք մենք օգտագործում համագործակցության այս հարթակը մեր երկրի ներքին խնդիրները, զարգացման օրակարգը առաջ տանելու համար։ Գիտեք, որ մենք շատ հստակ ենք այն առումով, որ համագործակցության հիմնական նպատակը ցանկացած համագործակցության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի ներքին օրակարգը, Հայաստանի զարգացման օրակարգն առաջ տանելուն։ Դա վերաբերում է և՛ Եվրասիական միությանը, և՛ Եվրոպական միությանը, և՛ մեր համագործակցությանը բոլոր մյուս ուղղություններով։

Այո՛, իսկապես շատ ուրախալի է, որ մենք ունենք ձևավորված օրակարգ, արդեն ունենք հաստատված նոր հիմքը հարաբերությունների, այն է՝ նոր պայմանագիրը, որը  հիմա ժամանակավոր կիրառման կարգավիճակում է և արդեն կարող ենք կոնկրետ գործառույթներ իրականացնել՝ այդ պայմանագիրը կյանքի կոչելու համար։ Մենք, բնական է, քաղաքական երկխոսության մեջ ենք ներգրավված Եվրոպական միության հետ, ինչպես և մյուս գործընկերների հետ։

Իհարկե, շատ կարևոր և լավ առիթ է, որ վարչապետը կունենա Բրյուսելում իր հանդիպումների ժամանակ․ ներկայացնել Հայաստանը, ներկայացնել նոր Հայաստանը, ներկայացնել նոր օրակարգը և անմիջական շփման մեջ լինել Եվրամիության մեր գործընկերների հետ։

– Համաձայնագրի վավերացման գործում, կարծես թե, մինչ օրս խոչընդոտներ չեն եղել այլ երկրների կողմից և եվրոպական կառույցների կողմից։ Արդյո՞ք այդ տենդենցը շարունակվելու է։

– Որևէ առիթ չունենք կասկածելու, որ այդ տենդենցը շարունակվելու է և նաև մեր կողմից փորձում ենք հուշել, օգտակար լինել մեր գործընկերներին, որպեսզի արագացնենք այդ գործընթացը, այսինքն՝ ԵՄ անդամ պետություններին։

–  Եվ այդ Համաձայնագրի կիրառումը, բնականաբար, դրված է ոչ միայն արտգործնախարարության վրա․ դա տարբեր ուղղություններով գնում է։ Արտգործնախարարությունը, որքան հասկանում եմ, պատրաստ է, իսկ մնացա՞ծ գերատեսչությունները։ Դա ահռելի աշխատանք է, որը պետք կատարի մեր ամբողջ պետությունը և հասարակությունը։ Մենք պատրա՞ստ ենք դրան։

– Այո, միանշանակ կարող եմ վստահեցնել Ձեզ, այո, մենք պատրաստ ենք, մեր ինստիտուցիոնալ կարողությունները բավական զարգացած են, որպեսզի մենք սկսենք կիրառել այդ պայմանագիրը, որպեսզի մենք սկսենք միջգերատեսչական այդ  հարթակում, այդ ձևաչափում համակարգել և առաջ տանել ՀԸԳՀ-ի կետերի իրագործման գործընթացը։ Սա, նորից եմ ասում, առաջին հերթին մեզ է պետք, սա մեր խնդիրն է, պետք է լուծենք այդ խնդիրը, և կարողությունների առումով ես շատ վստահ եմ ինձ զգում և շատ հստակ գիտեմ, որ մենք տանելու ենք սա առաջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ