05  07  2018

Հասկանանք, որ փոխենք 6. խոսքի ու գործի արժեզրկումը

Հասկանանք, որ փոխենք 6. խոսքի ու գործի արժեզրկումը

ՀՀ կառավարությունը սկսել է երկիրը կոռուպցիայից մաքրելու գործընթաց: Ամեն օր լսում ենք «այլևս չի լինելու»-ով սկսվող կամ վերջացող հայտարարություններ ամենատարբեր ղեկավար գործիչներից:

Խոսքի հետ մեկտեղ, սակայն, կա գործունեություն, որ վկայում է նախկինում մերժելի համարվող երևույթների կրկնությունը և նոր «հանգամանքների» ավելացումը:

Փաստերն առավել քան խոսուն են:

Ստվերի դեմ պայքա՞ր, թե՝ բիզնեսին ահաբեկում

ՊԵԿ-ը բացահայտում է, որ «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը ծառայություններ է ձեռք բերել շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերից և պետբյուջե պակաս է վճարել 360 մլն դրամ: Հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարում է, թե դեռ քննությունը կպարզի՝ որքանով է հարկային մարմնի կողմից ներկայացված տեսակետը հիմնավոր: Հավելում է՝ միջնորդավորված գործարքների իրականացումն օրենսդրությանը չի հակասում: Այդ դեպքում ինչո՞ւ հայտարարվեց 360 մլն դրամի մասին, եթե վստահություն չկա դրա անօրինականության վերաբերյալ: Նախապես հայտարարումը ի՞նչ այլ իմաստ ուներ, եթե ոչ՝ ամեօրյա ռեժիմով մի «չալաղաջ» նյութ հանրությանը տալը:

Արդյունքում բիզնեսը սարսափի մեջ է, բիզնես անողները մտածում են, թե ուր որ է՝ իրենց դուռը թակելու են: Իսկ ինչո՞ւ են վախենում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ գործը հարուցվում է ոչ թե կոնկրետ փաստերի հիման վրա, այլ հարուցվում է, որ փաստերն ուսումնաիրվեն: Նկարահանվում են, տարածվում է հաղորդագրություն բացահայտ խախտումների պնդումով, կարծես ապացուցված հանցագործներ են, այնուհետև փորձում են այս և այլ լրատվամիջոցի միջոցով հասցնել հասարակությանը, թե որևէ խախտում չեն արել, բայց դե ստուգում են, թող ստուգեն՝ համոզվեն:

Մեղադրանքներ ու հակադարձումներ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարում է, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն կատարել է 168.5 մլն դրամի ծախս, որն արել է իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթերով՝ անհիմն, ուռճացված ծախսեր հաշվարկելով: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը պատասխանում է, թե քրգործ հարուցելու որոշումը զարմանալի է, որոշման մեջ տեղ գտած ձևակերպումները՝ ոչ կոռեկտ և չհիմնավորված:

Ոստիկանությունը հայտարարում է, թե «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս» ընկերություններում աղաղակող խախտումներ են եղել, ստանում է արձագանք, որ նման բան չկա  և որպես պատասխան՝ կրկին հատուկ գործողություն՝ երկրորդ խուզարկությունն է անում

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի պարագայում ընդհանրապես գրեթե բոլոր հայտարարությունները ստանում են կոպիտ պատասխան: Մեղադրում է «Այբ»-ին՝ շռայլ ծախսերի մեջ, հետո պարզվում է՝ նախարարն ինքը չի տիրապետում թվերին: Մեղադրում է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի ղեկավարին, հետո որպես պատասխան ստանում հրաժարականի առաջարկ, մեղադրում է Պուշկինի անվան դպրոցին լիցենզիա չունենալով՝ տարրական դասավանդում իրականացնելու մեջ և ստանում պատասխան, որ լիցենզիան կա դեռ 2010 թվականից:

Որքանո՞վ է պատվաբեր իշխանության երկրորդ և երրորդ ճյուղերի համար անել մասնագիտական առումով խիստ կասկածելի հայտարարություններ և մշտապես ստանալ պատասխան:

Ասում էիք՝ ռեպրեսիա չի լինելու

Վարչապետը հայտարարում է, որ Հայաստանում ռեպրեսիաներ չեն լինելու: Սա թե քաղաքական, թե բիզնես շրջանակներն ու մյուսները հասկանում են, որ կոռուպցիոները պետք է գնա այնտեղ, որտեղ պետք է գնա, իսկ մյուսները պետք է ապրեն անվտանգ ու ապահով Հայաստանում:

Իրավապահ համակարգի գործունեության արդյունքում շատերն են իրենց զգում վտանգավոր գոտում: Այժմ, արդեն, անձը չի կարող վստահ լինել, որ իրեն ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, Դատախազությունը, ՔԿ-ն, Ոստիկանությունը և այլ մարմինները չեն տանի, որովհետև եթե դու թեկուզ կարծում ես, որ չես մեղանչել օրենքի դեմ, դա դեռ չի նշանակում, թե այդպես են մտածում նաև Արթուր Վանեցյանը, Վալերի Օսիպյանը կամ Սասուն Խաչատրյանը:

Ոստիկանությունը բերման է ենթարկում երրորդ նախագահի եղբորը՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով: Կարճ տեսանյութը տարածվում է համացանցում: Հետո պարզում է, որ սխալվել են՝ զենքն օրինական էր, պարզապես ստուգելու համար որոշել են բաժին տանել: Կարծում ենք՝ ընթերցողը կհասկանա, որ մեր խոսքը չի վերաբերում Ալեքսանդր Սարգսյան՝ օրինական կամ ապօրինի ատրճանակ ունեցող անձին, այլ՝ երևույթին ընդհանրապես:

Ու ոչ միայն ափսոսանք չի հայտնում ՀՀ թիվ մեկ ոստիկանը, այլև մուննաթ է գալիս լրագրողների վրա՝ «Մենք որտեղի՞ց իմանայինք, որ Սաշիկ Սարգսյանի և երկրորդ մեքենայի զենքերն օրինական են, թե՝ ոչ»:

Եթե ոստիկանությունն օպերատիվ տեղեկություն էր ստացել, ուրեմն կարող էր հենց իր արխիվում փնտրել՝ տվե՞լ է զենքի թույլտվություն Սարգսյանին, թե՝ ոչ: Բացի այդ, միամտություն է կարծելը, թե Հանրապետության նախագահի եղբայրն անօրինական զենք կունենա: Չնայած՝ Ալեքսանդր Սարգսյանի դեպքում՝ դա չբացառենք՝ հաշվի առնելով որ վերջին 10 տարիներին հաճախ ենք լսել Սաշիկ անունը այս և այլ անօրինականության, «փայ մտնելու», աստղաբաշխական հնարավորության և կարողության տիրապետելու մասին:

Մի քանի օր հետո Ալեքսանդր Սարգսյանին նորից տանում են, արդեն մեկ այլ առիթով, այս անգամ՝ ԱԱԾ-ն, ու նորից ժամեր անց՝ բաց թողնում: Տպավորություն է, թե որոշում կա նախկին նախագահի եղբորը որպես զբոսաշրջիկ ծանոթացնել իրավական բոլոր կառույցների շենքային պայմաններին, կամ ուղղակի արդարացնել հանրության ցանկությունները:

ՀՔԾ-ն հայտարարությամբ է հանդես գալիս, թե մարտի 1-ի վերաբերյալ նոր բացահայտում է արել և մեղադրանք առաջադրել: Հայտարարությունը գրեթե ամբողջությամբ քաղաքական տեքստ է՝ յուրովի արդարադատության նախադեպային օրինակ, որը կարելի է բոլոր իրավական մարմիններին, բուհերի իրավաբանություն ուսուցանող բաժիններին ցույց տալ, թե ինչպես չի կարելի հաղորդագրություն գրել: Զգացվում է՝ որ սա քննչական մարմնի բառապաշար չէ, այլ՝ ավելի շատ պարտադրված ձևակերպումներով փաստաթուղթ: Բայց ամենաանհեթհեթն այն է, որ ՀՔԾ հայտարարությունը, պարզվեց, հակասահմանադրական է և այդպիսով՝ օրենքից դուրս է դառնում Մարտի 1-ի գործի այսպես ասած՝ նոր բացահայտումը: Հետաքրքիր էր ՀՀ երկարամյա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի արձագանքը, որը «2» նշանակեց ՀՔԾ-ին՝ այդպես էլ չհավատալով, որ հենց այդ կառույցն է տեքստի հեղինակը:

«Խալաստոյ» կրակոց՝ ԱԱԾ-ից

ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարում է. «Ոչ մեկի տանն էլ ԱԱԾ-ն չի լինելու, եթե դրա համար չլինեն հստակ, ստույգ տվյալներ …. Մենք երբևիցե չենք գնում ինչ-որ մի տեղ ձևական, մենք գնում ենք հստակ ունենալով օպերատիվ տվյալներ և հստակ իմանալով մեր անելիքը: ԱԱԾ-ն որ րոպեին բացահայտվում է և սկսում է գործել, հավատացեք, որ այդ գործը միանշանակ ունենալու է դատական վախճան, որովհետև մենք հենց նենց գործողություն չենք իրականացնում»:

4 օր անց ԱԱԾ-ն «շնորհքով ներխուժում է» Առաքել Մովսիսյանի տուն և արդյունքում հերքում Վանեցյանի խոսքերը: Գտնում են ապօրինի զենք, բայց Մովսիսյանին բաց են թողնում: Առաքել Մովսիսյանին էլ ենք հիշում: Ի՜նչ ասես, որ չէին խոսում նրա մասին. բայց պարզվում է, որ ընդամենն անօրինական զենք ուներ ... ազատամարտից մնացած: Դա էլ հանձնեց: Եվ ոչ մի դատական վախճան:

Ակամայից հարց. ինչո՞ւ կարելի է Առաքել Մովսիսյանի ապօրինի զենքերի վրա աչք փակել, իսկ Մանվել Գրիգորյանի ապօրինի զենքերի վրա՝ ոչ:

Նախարարը՝ Աստծո հույսին

Սփյուռքի նախարարը փայլուն հայտարարություն է անում. «Դոմիկները Հայաստանում այլևս անելիք չունեն»: Ուրախացած ընթերցողը մտածում է, թե հիմա այլևս աղետի գոտում դոմիկ չկա, որի մասին ավետում է աշխարհասփյուռ հայ ժողովրդի ամենաերիտասարդ նախարարը: Բայց հիասթափություն է սպասվում, որովհետև նախարարը հիշյալ միտքը տրոհել է կետադրությամբ և հավելել, որ որպեսզի դոմիկները տեղ չունենան, «հարկավոր է մեկտեղել մեր ջանքերը, լինել միասնական, մեկմեկու հանդեպ հոգատար»:

Մոտավորապես վարչապետի տիկնոջ հայտարարության պես մի բան՝ որպեսզի աղքատությունը Հայաստանում տեղ չունենա, հարկավոր է, որ տուն ունեցող և չօգտագործողներն այն ժամանակավորապես տան դրանք չունեցողներին՝ առանց նյութական շահագրգռության: Քաղաքագիտության լեզվով ասած` իսկական բոլշևիզմ:

Հետաքրքիր է, Սփյուռքի նախարարն անձամբ քանի՞ մարդու կկարողանա համոզել, որ բնակարան սարքեն աղետի գոտում և կկարողանա՞ ավագանուն էլ համոզել, որ տուն սարքելիս պատվավոր քաղաքացու կոչում տալու դեպքում սարքել-ավարտելուց կոչումազուրկ չանեն:

Կադրային ջարդ

Վարչապետը հայտարարում է, թե իրենք այդքան մարդ չունեն, որ համալրեն կառավարության շարքերը, նոր Հայաստանում հենց այնպես ոչ ոք աշխատանքից չի ազատվի, իսկ լավագույններն էլ կմնան-կշարունակեն, եթե անգամ ՀՀԿ-ից են:

Մամուլը հեղեղված է նյութերով, թե ինչպես բազմաթիվ արժանիքներ, փորձառություն ունեցող երիտասարդ կադրերին ՊԵԿ-ում աշխատանքից ազատում են և նշանակում ոչ բարի համբավ ունեցողներին: Մտնում ես կառավարություն, և աշխատողները հիմնականում փոխված են, ու թվում է՝ միակ «հին մարդը» մնացել է վարչապետի առաջին խորհրդականը, որը նաև Սերժ Սարգսյանի առաջին խորհրդականն էր: Փոխվում են ոչ միայն փոխնախարարները, վարչությունների պետերը, այլև՝ բաժինների պետերը, տեղակալներն ու շատ դեպքերում՝ գլխավոր մասնագետները:

Բան ու գործ թողած՝ թիթեռի նկարում

Երկրի թիվ մեկ վերահսկիչը առնվազն երեք անգամ որոշում է, թե որտեղից սկսել քամուն տված գումարների վերադարձը: Բայց մեծ չարչարանքի գնով կողմնորոշվելուց մեկ ամիս անց անգամ դեռ ոչ մի տեղից չի սկսել: Փոխարենը երկրի համար կարևոր այլ գործ է անում՝ աշխատավայրը մաքրելով երրորդ նախագահի նկարներից: Գուցե սա է՞լ է մտնում իր կոնկրետ աշխատանքային գործունեության մեջ՝ խստորեն վերահսկել, որ իր հիմնարկի սենյակներում լինեն վերահսկելի իրավիճակ: 

 

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կառավարության անփորձ լինելու մեղադրանքներին պատասխանում է, թե լողավազանում են լողալ սովորում: Համաձայն ենք, բայց առանց նորմալ մարզչի, սկսնակ լողորդը կարող է խորը լողավազանից դուրս գալ ԱԻՆ-ի օգնությամբ միայն: Էլ չասենք, որ լողալ սովորելու ընթացքում, հետը 2.5 մլն ՀՀ քաղաքացի էլ է հետը տանում՝ գումարած՝ հյուծված, չարչարված, կոռումպացված, բայց, այնուամենայնիվ, պետություն:

 

Սևակ Հակոբյան

Շարքի նախորդ հրապարակումները՝ հետևյալ հղումներում

Հասկանանք, որ փոխենք 5. Կոմպետենտության դեֆիցիտ

Հասկանանք, որ փոխենք 4. «Պոլի փետի» սկզբունքը

Հասկանանք որ, փոխենք 3

Հասկանանք որ, փոխենք 2

Հասկանանք որ, փոխենք

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ