05 07 2018

Նիկոլ Փաշինյանի հանրահավաքները՝ Սյունիքում

Նիկոլ Փաշինյանի հանրահավաքները՝ Սյունիքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 5-ին մեկնել է Սյունիքի մարզ: Վարչապետը Սիսիանի հրապարակում հանդիպել է քաղաքի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ: Փաշինյանը նշեց, որ այցն աշխատանքային բնույթ ունի, և այցելել են տեղում խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծում տալու համար:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց ամենամեծ խնդիրն այն է, որ հաղթանակածի զգացողությունը մարդկանց մեջ պաշտպանվի ոչ թե մեկ ամիս, մեկ տարի, այլ այդ զգացողությունը լինի մշտական։

Նրա առաջարկով սիսիանցիները բարձրաձայնեցին իրենց խնդիրների մասին: Առաջին մտահոգությունը վերաբերում էր ոռոգման ջրին:

Փաշինյանն ասաց, որ շատ հարցերի դեպքում ընդամենը քաղաքացիների ասածն ընդունելու է ի գիտություն, այսինքն՝ ճշտելու է, թե ինչ իրավիճակ է և եթե լինեն խախտումներ, ապա անպայման այդ հարցը պետք է լուծվի: Որպես խնդիր ներկայացվեց նաև համայնքների խոշորացումը:

ՀՀ վարչապետն ասաց, որ համայնքների խոշորացման գործընթացը վիճահարույց է և այդ իրավիճակի հետ կապված իր կարծիքին այն է, որ մի պահ դադար առնեն, որպեսզի հասկանան, թե ինչ արդյունքներ են գրանցվելու խոշորացման արդյունքում կամ գրանցվելու են, թե ոչ:

Ինչ վերաբերում է Սիսիանի քաղաքային հիվանդանոցի լուծարման վերաբերյալ հարցին, Փաշինյանն ասաց, որ հարցը քննարկվել է և լուծման ճանապարհին է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ արտերկրում բնակվող սիսիանցիներին հորդորեց ներդրումներ անել Սիսիանում։

«Ազատականացնում ենք տնտեսական դաշտը։ Մարդիկ պիտի իմանան, որ կարող են ներդրումներ անել Հայաստանում։ Սիսիանցիներին հորդորում եմ ոչ թե օգնություն ուղարկել, այլ ներդրում անել, աշխատատեղ ստեղծել։ Երաշխավորում եմ՝ ոչ մեկը փայ չի մտնի ձեր բիզնեսին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ կառավարությունը ներկայում շարժվում է բյուջեի մսխումները զրոյացնելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպեց նաև Գորիսի բնակիչներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ