22 06 2018

Ի՞նչ է իրականում կատարվում սահմանին. Հոխորտանքներ՝ այն կողմից

Ի՞նչ է իրականում կատարվում սահմանին. Հոխորտանքներ՝ այն կողմից

Ադրբեջանը պատրաստվում է ռազմական շքերթի: Զորահանդեսը կանցկացվի հունիսի 26-ին՝ Բաքվում Ազադլըգ հրապարակում: Շքերթը նվիրված է ԱԴՀ-ի և ադրբեջանական բանակի 100-ամյակին: Շքերթի ժամանակ կցուցադրվի հակահրթիռային վահանի համակարգը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը:

Նրա խոսքով` Ադրբեջանը գնում է միայն որակյալ ռազմատեխնիկա՝ Պոլոնեզ, ԲՄՊ 3: Նա մեղադրել է նաև Հայաստանին՝ ապատեղեկատվություն տարածելու մեփ, թե իբր Ադրբեջանը օգտագործած զինտեխնիկա է ձեռք բերում: Հասանովը նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խնդիր է դրել ապահովել բանակի մարտունակությունը իրական ռազմական գործողությունների համար:

«Մի քանի տարվա ընթացքում մենք ամբողջությամբ կավարտենք մեր առջև դրված խնդիրների իրականացումը»,- նշել է Հասանովը:

Ըստ նրա` ադրբեջանական բանակը պատրաստ է ցանկացած պահի կատարել այդ խնդիրը: «Այդ խնդրի կատարման մասին հրամանը քաղաքական հարց է»,- ասել է նա` հավելելով, որ նման հրաման երևի կտրվի ամենահարմար պահին` միջազգային քաղաքական իրավիճակը հաշվի առնելով:

Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը մշակել է ծրագիր՝ «Մեծ վերադարձ» անվանումով, որն ուղղված է տեղահանված ադրբեջանցիների վերդարձին «հարազատ վայրեր» ՀՀ-ի կողմից «ադրբեջանական օկուպացված տարածքներից» իր զորքերը դուրս բերելուց հետո:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ գրելով. «Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կմ-երի հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։

Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլևս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ, շնորհիվ ադրբեջանական բանակի ազատարար նախարարի»։

Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, «Նախիջևան» հայրենակցական միության նախագահ Լևոն Ստեփանյանը, որպես զինվորական, Նախիջևանից վտանգ չի սպասում:  Լրագրողների հետ զրույցում Լևոն Ստեփանյանն ասաց. «Ես ուզում եմ, որ մեր բնակչությունը հստակ իմանա, որ Նախիջևանը, ըստ ռուս-թուրքական պայմանագրի, համարվում է պրոտեկտորատ, և Նախիջևանի համար պատասխանատու են և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը: Երկրորդ, Հայաստանն ունի ռազմական պայմանագիր ՌԴ-ի հետ, Հայաստանը մտնում է ՀԱՊԿ-ի մեջ, որի հետ շատ հույսեր չենք կապում, բայց ամեն դեպքում այդ հատվածում տեղակայված է մեր բանակային հայ-ռուսական միավորումը»:

Ադրբեջանը, ըստ զինվորականի, ցնկանում է հոգեբանական ճնշում իրականացնել: Այդ տրամաբանության մեջ է տեղավորվում նաև իբրև թե 11 հազար հեկտար ազատագրելու հայտարարությունը:  Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները, «11 հազար հեկտարի ազատագրումը» քարոզչական տեղեկատվության շրջանակներում հայտարարել էին, թե ադրբեջանական բանակը Սադարակի շրջանում գործարան է գրավել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ