15 06 2018

Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարն էլ է հերքում

Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարն էլ է հերքում

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանն ասել է, թե ինքը ևս միանշանակորեն ցանկանում է մարտիմեկյան դեպքերի բացահայտում: «Բացահայտմանը ես միանշանակ կողմ եմ, որ ցանկացած մեկը, որը հրաման է տվել, որը կարգադրություն է արել մարդկանց վրա կրակելու, պատասխան պետք է տա»,- ասել է Գրիգորյանը՝ չմանրամասնելով, թե ով է կրակելու հրաման տվողը եղել:

«Այն բառակապակցությունը, որ Ռոբերտ Քոչարյանն ինձ հեռախոսով հրահանգ է տվել, ու ես էլ ստիպված եմ եղել հրահանգ կատարել, ուրեմն ասեմ հետևյալը. փաստ է, որ ես երբեք հեռախոսով, երբեք, ոչ մի անգամ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ խոսել: Ինքը ինձ նման հրահանգ տալու հնարավորություն չուներ: Բացի այդ` պետական ծառայության մեջ կան սուբորդինացիաներ: Հանրապետության նախագահը` Գերագույն գլխավոր հրամանատարը, ուղղակի նման ցուցումներ երեք չորս աստիճան ցածր մարդուն չի տալիս»:

Հիշեցնենք, որ օրերս «Ժամանակ» օրաթերթը գրել էր, թե վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը և ասել, իբր, ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից: Գրիգորյանն էլ անձնական ապահովության համար ձայնագրել է իր և Քոչարյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը:

Լուրը, Yerevan.Today-ի հետ զրույցում հերքելով՝ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել էր, որ Գրիգոր Գրիգորյանն ինքը վրդովմունք էր հայտնել հոդվածի կապակցությամբ՝ նշելով, որ որևէ հարցաքննության չի ենթարկվել և այդ թեմային առնչվող հայտարարություններ չի արել, առավել ևս` նման մտացածին ու կեղծ բովանդակությամբ հայտարարություն, որ վերագրվել է իրեն:

«Նույնիսկ մեծ ցանկության դեպքում նա չէր կարող պատմել իր և նախագահ Քոչարյանի հեռախոսազրույցի մասին, քանի որ երբևէ նման զրույց չի ունեցել ... Մարտի 1-ի գործը առավելապես հետաքննվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողությունից հետո: Մենք տեղեկացել ենք գործի քննության մասին ճիշտ այնքան, որքան դրան անդրադարձել է մամուլը: Այսինքն` օգտվել ենք բացառապես հրապարակային աղբյուրներից և, բնականաբար, գործի ու քննության ընթացքի վրա որևէ ազդեցություն չենք ունեցել: Միևնույն ժամանակ, մենք հիմքեր չունենք կասկածելու, թե գործը հավուր պատշաճի չի քննվել: Սակայն, եթե հասարակության մեջ բաց հարցեր են մնում Մարտի 1-ի գործի կապակցությամբ, ապա այդ հարցերի անհերքելի պատասխանները գտնելու առաջին շահագրգիռ անձը հենց Ռոբերտ Քոչարյանն է»,- ասել էր Սողոմոնյանը:

Լուրի՝ իրականությանը համապատասխանելը հերքել էր նաև ՀՔԾ-ն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ