14 06 2018

Հասկանանք, որ փոխենք 4. «Պոլի փետի» սկզբունքը

Հասկանանք, որ փոխենք 4. «Պոլի փետի» սկզբունքը

Նիկոլ Փաշինյանը մինչ վարչապետ ընտրվելը՝ ապրիլի 24-ին արտասահմանյան ԶԼՄ-ների, ապրիլի 30-ին՝ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպումների ժամանակ և հրապարակային ելույթներում կադրային փոփոխությունների 5 հիմնական սկզբունք էր առաջ քաշում.

  1. Մենք չենք պատրաստվում կադրային ջարդ անել
  2. Մենք չենք գալիս ձերոնքականներին մերոնքականներով փոխարինելու
  3. Կառավարությունում շատ կան պաշտոնյաներ, որոնք մեծ պոտենցիալ ունեն, և կարող են նրանք ևս կառավարություն ձևավորել
  4. Ծանոթ-բարեկամ-խնամիական սկզբունքը վերանալու է
  5. Մենք չունենք այդքան կադրեր, որ բոլորին փոխարինեն:

Արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրեց կարճ ժամանակում հրաժարվել հայտարարած առաջին չորս կետից: Ու թեև 5-րդ կետը՝ կադրերի պակասի մասին, մնում է ուժի մեջ, բայց միևնույն է՝ դա չի խանգարում, որ բոլորին փոխարինեն: Այլ հարց է, թե ինչ կադրերով:

Պաշտոնափոխությունների առիթով բազում մտահոգություններ կան ոչ միայն մեզ մոտ, այլև փորձագետների, հասարակական-քաղաքական գործիչների, հանրության, որոնք արտահայտվում են իրենց հասանելի տարբեր օղակներով: Նիկոլ Փաշինյանին կողմ ու դեմ եղած մարդիկ որոշ նշանակումների առիթով գոհունակություն են արտահայտում, որոշների մասով՝ խիստ անտարբերություն կամ դժգոհություն: Վարչապետի մերձավոր շրջապատն էլ մասնավոր զրույցներում հաճախ անհամաձայնություն է հայտնում:

Անկեղծորեն ցանկանում ենք, որ գործող իշխանությունը հաջողի, ինչը կլինի բոլորիս հաղթանակը: Միաժամանակ, արդեն մեկ ու կես ամիս գործող իշխանության, նրանում եղած քաղաքական ուժերի մեջ տեսնում ենք թե կադրային, թե ընդհանրապես քաղաքականության առումով մի շարք խմորումներ, որոնցից բնավ լավ հետևություն անել հնարավոր չէ:

Մեր սերնդակիցներին ամենաանկեղծ մաղթանքները հղելով հանդերձ, «Հասկանանք, որ փոխենք» հոդվածաշարի շրջանակներում չենք կարող չանդրադառնալ նաև կադրային խնդիրներին՝ հուսալով, որ այն դուրս չի մնա իշխանության ներկայացուցիչների տեսադաշտից և ինչ-որ չափով զերծ կպահի հնարավոր սխալից: Բացառված չէ, որ երկիրը «մութ ուժերից ազատագելուն» օգնած մեր սերնդակիցների ինքնադրսևորումը որևէ կարևոր պաշտոնում անդառնալի հետևանքներ ունենա թե՛ ոլորտի, թե՛ երկրի համար:

ՀՀԿ-ականները, ի զարմանս մեզ, մեկ մարդու նման դիմում են գրում և դուրս գալիս պաշտոններից, բացի մեկից՝ բնապահպանության փոխնախարարից, որը գերադասեց ՀՀԿ-ից դիմում գրել: Բայց առնվազն մի քանի տասնյակ դեպքեր կարելի է նշել, որ ոչ կուսակցական պրոֆեսիոնալներին փոխարինելու են գալիս մարդիկ, որոնք ոչ միայն պրոֆեսիոնալ չեն, այլև կոմպետենտության մեծ կասկածներ են առաջացնում առաջին իսկ քայլերից և հայտարարություններից, բայց մյուս կողմից հեղափոխության լիդերների հետ մտերիմ հարաբերություններ ունեն անձնական առումով:

Նիկոլ Փաշինյանը շատ-շատերիս հետ միասին դժգոհություն էր հայտնում Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականության վերաբերյալ, որը հիմնված էր ծանոթ-բարեկամ-խնամիական սկզբունքի վրա՝ մասնագիտացումը չորրորդական պլան մղելով: Իսկ հրապարակային վերջին ելույթներից մեկում էլ ազդարարեց այլևս բաջանաղական հարաբերություններով առաջնորդվելու ժամանակի ավարտը:

Ինչո՞վ է «Թավշյա Հայաստանի» կադրային քաղաքականությունը տարբերվում հին՝ «գաղջ» Հայաստանի քաղաքականությունից, դարձյալ հիմքում նեղ անձնական շահը չէ՞, ծանոթ-բարեկամ-խնամիական սկզբունքը չէ՞: Հեղափոխության կազմակերպիչները, կամ հիմնական մասը ստացան միանգամից շատ պատասխանատու բարձրաստիճան պաշտոններ, իսկ շարունակությունը՝ պատգամավոր թիմակցի՝ Լենա Նազարյանի ամուսինը՝ կոմիտեի նախագահ, մյուս ընկերները փոխնախարար, վարչապետի զարմիկը՝ խորհրդական, աներորդին՝ պատգամավոր ... Համացանցը հեղեղված է դժգոհություններով առ այն, որ «բանակը քաղաքականության հետ չխառնել» հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր հրամանատար է նշանակել մարդու, որն առնվազն պետք է պատժվեր իր ենթակայության տակ գտնվող զորամիավորումը քաղաքականության հետ խառնելու և «Սերժին մերժելու» ցույցերին մասնակից դարձնելու համար: Սկզբից հայտարարվեց թե քննություն է ընթանում: Բայց ոչ սովորական դասալքությունն իրավական գնահատական չստացավ: Ի դեպ, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց խաղաղապահ այդ բրիգադի՝ երթին միանալուց ժամեր անց: Զուգադիպությո՞ւն էր, հնարավոր է: Հնարավոր է և ոչ՝ հաշվի առնելով ստացած պաշտոնի կարևորությունը: Պարզ չէ նաև, թե ինչո՞ւ ես փոխում սահմանապահ զորքերի հրամանատարին, նա էլ հո ՀՀԿ-ական չէր, սպա էր, այն էլ՝ վաստակաշատ, կոռուպցիոն սկանդալներում չերևացած:

Բարձր պաշտոնյա են դառնում անձինք, որոնք հենց նշանակման օրը ջնջում են իրենց ֆեյսբուքյան նախորդ գրառումները և կամ էլ հազար անգամ կարծիք փոխում:

Եվ, անկեղծ ասած, երբ աշխատանքից հեռացնում են պաշտոնյայի, որի նշանակման հետ ժամանակին խիստ անհամաձայնություն էինք դրսևորել, արդեն սկսում ենք անհանգստանալ՝ ո՞ւմ են բերելու:

Հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժը, բնականաբար, պետք է լինի թելադրողի դերում և պետք է իշխանությունը ձևավորի իր ճաշակին համապատասխան: Բայց պետք է չէ՞, որ այդ ճաշակը լինի ճաշակով, պրոֆեսիոնալ: Կարելի է չէ՞, առաջնորդվել ոչ թե այն սկզբունքով, թե ով է հեղափոխությանն ավելի կամ պակաս օգնել, ով է բերման ենթարկվել, ով է Նիկոլին զոնտիկ տվել, ով է բարձրախոսը պահել, որ խոսի, այլ՝ թե ով կարող է անել այդ գործը, ով՝ ոչ: Ստացվեց, որ հեղափոխության կադրային արդյունքը հարկատուներիս վզին հերթական պարանն է:

Կարճ ասած՝ 90-ականներին հայտնի՝ «թող պոլի փետ լինի, բայց ՀՀՇ-ական» սկզբունքը, մեր կարծիքով, վտանգ ունի իրականություն դառնալ նաև մեր օրերում՝ միայն կուսակցության անվանման տարբերությամբ:

2013 թվականին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հետընտրական եռուն կրքերի մեջ էր ու հղում անելով ընտրակեղծիքներին՝ պահանջում էր Բաղրամյան 26-ը հանձնել իրեն, նրա աջակից Նիկոլ Փաշինյանը համոզում-պարտադրում էր հրապարակել իր ժամանակավոր կառավարության ցանկը: 5 տարի անց, սովորելով նախկինի սխալներից, մինչև վարչապետ ընտրվելն իր կառավարության կազմի մասին ոչինչ չխոսեց Փաշինյանը՝ ասելով, որ սահմանադրությունը սահմանում է նախ վարչապետի հարց, հետո նոր՝ կաբինետի:

Հետաքրքիր է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մինչ վարչապետ ընտրվելը հրապարակից մեկ առ մեկ հնչեցներ այն բոլոր անունները, որոնցով այսօր ձևավորել է կառավարությունը, հանրությունը կշարունակե՞ր հավաքվել հրապարակում …

Ճիշտ կլիներ նախկինում ծանոթ-բարեկամ-խնամիական սկզբունքը քննադատած այսօրվա իշխանությունը, բերեր նոր մշակույթ, պաշտոններին նշանակեր իրոք պրոֆեսիոնալների, բանիմաց, լայն աշխարհայացքով, առաջադեմ կրթություն ստացած, բայց նաև պետական ապարատում աշխատելու փորձ ունեցող, բնականաբար լինելով անկաշառ և իր գործին կնվիրվեր անվերապահորեն: Այդ տեսակը թեև կա մեր պետական համակարգում, ավաղ այդպիսի նշանակումները հատուկենտ են: Իսկ ամենակարևորն այն է, որ երկիրը իրոք համակարգայնորեն փոփոխվի, զարգանալով՝ հնարավորություններ ստեղծի մարդկանց ստեղծագործել, արարել, ստեղծել արժեքներ, պահել բոլորիս անվտագությունը, ներքին և արտաքին վտանգներից: Դա, մեր կարծիքով, կարող են ապահովել գործից հասկացողները, ոչ թե նոր սովորողները:

 

Սևակ Հակոբյան

 

Հոդվածաշարի նախորդ հրապարակումները՝ հետևյալ հղումներում.

Հասկանանք, որ փոխենք 

Հասկանանք, որ փոխենք 2

Հասկանանք, որ փոխենք 3

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ