02  06  2018

ՏԻՄ-երում ՀՀԿ-ն նահանջում է

ՏԻՄ-երում ՀՀԿ-ն նահանջում է

2018 թվականի հունիսի 10-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ կանցկացվեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 18 համայնքներում: Նշված համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 

Այս մասին հայտնում է ԿՀԸ մամուլի ծառայությունը:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 33 քաղաքացիներից 6-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 27 թեկնածուներից 22-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 4-ը` Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Ավագանու անդամի գրանցված 89 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 10 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 79 թեկնածուներից 76-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 2-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Հունիսի 10-ին նշանակված Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ղեկավարի ընտրությունը, թիվ 18 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ, համարվել է չկայացած, քանի որ օրենքով սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի որևէ թեկնածու չի գրանցվել: ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն՝ Մեծաձոր համայնքում նշանակված  համայնքի ղեկավարի նոր ընտրությունը կանցկացվի հունիսի 24-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ