31 05 2018

Ինչ է կատարվում Նախիջևանում

Ինչ է կատարվում Նախիջևանում

Rrazm.info կայքը հրապարակել է արբանյակային լուսանկարներ Նախիջևանի հյուսիսարևելյան հատվածում մայիս ամսին ադրբեջանական դիրքերի տեղաշարժերի վերաբերյալ:

Խոսքը, ըստ կայքի, միայն ու միայն ոչ մի կողմից չվերահսկվող բարձունքներում դիրքավորվելու մասին է, հայկական որևէ դիրքի կորուստ չի դիտարկվում։

«Զննել ենք ս.թ. մայիսի 2–27 ժամանակամիջոցում արված արբանյակային լուսանկարներում երևացող փոփոխությունները, մասնավորապես՝ ադրբեջանական կողմից դեպի նոր դիրքեր տանող նոր ճանապարհների հայտնվելը, ինչը խոսում է սեղմ ժամկետներում իրագործած ինժեներական աշխատանքների մասին:

Ըստ ուսումնասիրության՝ Ադրբեջանի ԶՈւ-ն հիմնականում առաջացել է Արենի գյուղի այգիների և լքված Հունուտ (ադրբ. Ջունութ) գյուղի ուղղություններով: Առաջխաղացման նշաններ նկատվում են մայիսի 2-ից սկսած, սակայն հիմնական աշխատանքները կատարվել են մայիսի 17–27 հատվածում»,- գրում է կայքը::

Հունուտի ուղղությամբ առաջանալով` ադրբեջանական կողմը կառուցել է 5 նոր ճանապարհ, որոնք ամենայն հավանականությամբ տանում են դեպի նոր զբաղեցրած դիրքերը: Նախկինում այս հատվածում միջդիրքային տարածությունը 4.5–5 կմ էր, այժմ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև հեռավորությունը կրճատվել է մինչև 750–1600 մետրի: Հայկական դիրքերը տեղակայված են հենց լքված Հունուտ գյուղի տարածքում:

Այս հատվածում ինժեներական աշխատանքների հետքեր նկատվում են մայիսի 2–17-ը ընկած հատվածում, սակայն հիմնական շինարարությունը իրագործվել է մայիսի 17–27-ը ժամանակահատվածում:

Մայիսի 17-ից հետո ադրբեջանական կողմը ձեռնարկում է ինժեներական աշխատանքներ Արենիի ուղղությամբ՝ նոր ճանապարհ բացելով դեպի արևելք ու դիրքավորվելով երկու հայկական դիրքերի միջև գտնվող բարձուքում։

Հարկ է նշել, որ Արենի գյուղն իր մատույցներով բավականին հեռու է ադրբեջանական նոր դիրքերից, և հրաձգային զենքի համար գործնականում անհասանելի:

 

Հիշեցնենք՝ մայիսի 30-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն տարածեց՝ նշելով. «ՀՀ ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով:

Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք: Նշված գյուղերի բնակիչները դա լավ գիտեն, իրենց հետ տեղի են ունենում նաև ակտիվ քննարկումներ: Որևէ մեկ մարտական դիրքով կամ մարտավարական ճակատում (ջոկ-դասակ-վաշտ) եղած բարձունքով չի որոշվում մեր մարտունակությունն ու ունակությունը: Մենք ևս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ: Հաճախ այստեղ հնչեցված հարցադրումները ուղղակի խանգարում են մեր կողմից կատարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն»:

 

Նույն օրը հայտարարություն տարածեց նաև Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը՝ նշելով, որ սոցիալական ցանցերում տարածվող լուրերը, ըստ որոնց Արենի համայնքում և, հատկապես, Արենի բնակավայրում տիրում է խուճապային իրավիճակ՝ կապված ՀՀ և Նախիջևանի սահմանային շրջաններում տիրող իրավիճակի հետ, բոլորովին չեն համապատասխանում իրականությանը: «Ազգաբնակչությունը շարունակում է զբաղվել իր առօրյա աշխատանքներով և խնդիրներով: Միաժամանակ, խնդրվում է սոցիալական ցանցերում չտարածել ապատեղեկատվություն: Արենիի համայնքապետարանը մշտապես հետևում է գործընթացներին, ինչպես նաև ակտիվ համագործակցում է համապատասխան մարմինների հետ»:

 

Մայիսի 31-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն անդրադառնալով իրավիճակին՝ ասաց, որ ՊՆ տեղեկատվությանը ոչինչ չի կարող հավելել: Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք՝ իրավիճակի ավելի սրման դեպքում հայկական կողմը դիմի ՀԱՊԿ-ին, փոխնախարարն արձագանքեց․ «ՀԱՊԿ-ի դեպքում մենք ունենք պայմանագիր, հստակ պարտավորություններ, ուստի  ես կդժվարանամ տեսականորեն խոսել մի դեպքի մասին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ