18 05 2018

Վարչապետը ներկայացրել է նորանշանակ ԱԽ քարտուղարին և ՊԵԿ նախագահին



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի ղեկավար կազմին է ներկայացրել ԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին հայտնում է կառավարության լրատվականը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Անվտանգության խորհուրդը մի մարմին է, որտեղ որոշվում են պաշտպանական ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: «Այս նախադասության ձևակերպումը բնորոշում, սահմանում, պարզ է դարձնում այն կարևորությունը, որն ունի Անվտանգության խորհուրդը, որի աշխատակազմը պետք է լինի այն ուղեղային կենտրոնը, որն ազդակներ է տալիս պաշտպանական ոլորտի քաղաքականության ուղղություների մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս մարմինը կանգնած է կառավարման ամենօրյա խնդիրներից մի կողմ ու հանդարտ, աշխատանքային պայմաններում կուտակում է տեղեկատվություն սպառնալիքների մասին և առաջարկում լուծումներ: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ Անվտանգության խորհուրդն իր գործառույթը կիրականացնի լիարժեք և արդյունավետ՝ ժամանակակից պահանջներին ու մարտահրավերներին համարժեք, կառաջարկի լուծումներ՝ մեր երկրի առջև ծառացած անվտանգության մարտահրավերների ուղղությամբ: 

Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար: «Համոզված եմ, որ անվտանգության քաղաքականության մշակման գործընթացը դրվելու է նոր մակարդակի վրա: Հայաստանն ունի մարտահրավերներ, որոնք պահանջում են քաղաքական մտքի լուծումներ: Համոզված եմ, որ թիմը կկարողանա իր առջև դրված խնդիրներն իրականացնել, բարձրացնել Հայաստանի անվտանգության մակարդակը՝ առաջարկելով լուծումներ գոյություն ունեցող մարտահրավերների և խնդիրների համար»,- նշել է Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը: 

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նախապատրաստել անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու պաշտպանական ոլորտի քաղաքականությունը, ի կատար ածելու օրակարգային տարբեր որոշումներ: «Անվտանգության ոլորտը, զինված ուժերի բնականոն զարգացումը մեզ համար առաջնահերթություն է և մենք պետք է անենք ամեն ինչ ԶՈւ-երի բնականոն զարգացումն ապահովելու, առկա մարտահրավերները ճշգրիտ գնահատելու և դրանց հակազդող էֆեկտիվ միջոցներ ունենալու համար: ՀՀ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ կառավարությունն ունի գործիքներ՝ երկրի անվտանգությունը լիարժեք ապահովելու համար: Մենք այս պահին ունենք ոլորտի արդյունավետ քաղաքականությունը մշակելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ չպետք է վախենալ խոսել նաև թերությունների մասին, որովհետև դրանք թաքցնելու պարագայում խնդիրները միայն կխորանան: «Կարևոր է ախտորոշել գոյություն ունեցող խնդիրները և հասնել արագ ու արդյունավետ լուծումների: Այս գործում Անվտանգության խորհրդի դերը չափազանց մեծ է: Մաղթում եմ հաջողություններ՝ գործառույթների հաջող իրականացման նպատակով»,- ասել է վարչապետը:   

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին: 

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վարդան Հարությունյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել Դավիթ Անանյանին նոր պաշտոնում: «Պետական եկամուտների կոմիտեն և հարկային, մաքսային համակարգերն անընդհատ գտնվել են հանրության, մամուլի և կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք անընդհատ խոսում ենք այդ համակարգերի բարեփոխումների մասին, բայց և արձանագրում, որ դրանք բավարար չեն, ու անհրաժեշտ է բարեփոխումները նոր թափով շարունակել»,-նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ ոլորտում առկա է երկու հիմնական խնդիր, որոնք առաջիկայում պետք է լուծել: «Առաջինը՝ չխանգարել տնտեսությանը և տնտեսվարողներին, երկրորդը՝ ապահովել ստվերային տնտեսության շարունակական կրճատումը և բյուջեի եկամտային մասի անշեղ իրագործումը, բյուջեի եկամտային մասի մեծացումը: Այս երկու սահմանների միջև ընկած տարածքում է, պարո՛ն Անանյան, որ ես ակնկալում եմ արդյունավետ գործունեություն: Կարծում եմ, որ հենց պետական եկամուտների կոմիտեի, մաքսային և հարկային մարմինների գործունեությունից է մեծապես կախված՝ արդյոք վերջին քաղաքական իրադարձությունների արդյունքում կուտակված դրական էներգիան մենք կկարողանանք տրանսֆորմացնել կոնկրետ տնտեսական արդյունքների, թե ոչ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Ըստ վարչապետի՝ այն, ինչ ունենք այսօր, պակասել է մեզ երկար տարիներ: «Դա լավատեսությունն է, վստահությունն է ապագայի նկատմամբ: Վստահությունն է, որ մենք կունենանք լրջագույն տնտեսական զարգացում և որակական նոր մակարդակի կբարձրացնենք մեր երկիրն ու պետությունը»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ այդ խնդիրների իրագործման ապահովումը մեծապես կախված է հարկային և մաքսային մարմինների գործունեությունից: Վարչապետի խոսքով՝ ՊԵԿ-ի նորանշանակ նախագահից ակնկալում է արագ և լուրջ արդյունքներ ոլորտում, որոնք տեսանելի և շոշափելի կլինեն քաղաքացիների համար: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարը և նշել, որ կոռուպցիան պետք է արմատախիլ անել: «Մենք մի ժամանակում ենք, երբ անհնարինը դառնում է իրականություն, հետևաբար բոլոր ուղղություններով և, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի առումով մենք պետք է խնդիրը դարձնենք իրականություն ու դրա հետ կապված որևէ կասկած չպետք է լինի: Նոր ժամանակներն իրենց հետ պետք է բերեն նոր կանոններ, և ես հույս ունեմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք, հետևողականություն և հմտություն՝ այդ մարտահրավերներին արձագանքելու համար»,- ասել է վարչապետը:

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը շնորհավորել է կոմիտեի նորանշանակ նախագահին և համոզմունք հայտնել, որ նրա գլխավորությամբ համակարգի առջև դրված խնդիրները կլուծվեն՝ ի շահ երկրի հաջողության և բարօրության: 

ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և վստահեցրել, որ կարվի հնարավորը՝ համակարգում ներդրված առաջադեմ մտքերը հաջողությամբ ավարտին հասցնելու համար: «Այս նոր իրողությունների շրջանակում վստահեցնում եմ, պարո՛ն վարչապետ, որ մենք կկատարենք այն առաջադրանքները, որոնք երկրի կառավարությունը կդնի մեր առջև»,-նշել է ՊԵԿ նորանշանակ նախագահը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ