16  05  2018

Ազգային ժողովը 6 նոր պատգամավոր ունի

Ազգային ժողովը 6 նոր պատգամավոր ունի

Մայիսի 16-ին ԿԸՀ արտահերթ նիստում արձանագրություն է կազմվել 6 նոր պատգամավորների մանդատներ տալու վերաբերյալ:

Այսպես`

ԱԺ «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 1, թիվ 3 և թիվ 4 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավորների մանդատները տրվել են տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուներին` Հովիկ Աղազարյանին, Հրաչյա Հակոբյանին և Ալեն Սիմոնյանին:

Նշենք, որ Ալեն Սիմոնյանը անդիսանում է «Արարատ» ամսագրի և araratnews.am կայքի գլխավոր խմբագիր, ունի իրավագետի և քաղաքագետի որակավորում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է: ՔՊ վերահսկիչ հանձնաժողովի անդամ է։

Հրաչյա Հակոբյանը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, աշխատել է Խամաճիկների թատրոնում, Կամերային երաժշտական թատրոնում, նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում և հեռուստանախագծերում:

Հովիկ Աղազարյանը 1996 թվականին եղել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի նախագահ։ 1998-ին հեռացվել է ՀՅԴ շարքերից։ 2015-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 2016-ի հոկտեմբերի 30-ին ընտրվել է ՔՊ վարչության անդամ։ Աղազարյանը մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» շարժմանը:

«Ելք»-ի համապետական ընտրական ցուցակից պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած Արտակ Զեյնալյանի մանդատը տրվել է համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հայկ Կոնջորյանին: Նա մասնագիտությամբ պատմաբան է, 2011-2015 թվականներին եղել է երիտասարդական խորհրդարանի անդամ։ «Երիտասարդ գիտնականների և ասպիրանտների միավորում» ՀԿ-ի անդամ է, ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ։ Հեղինակել ու վարել է որոշ հասարակական-քաղաքական հաղորդումներ։

ԱԺ ՀՀԿ թիվ 13 տարածքային ընտրական ցուցակից ընտրված և պատգամավորական լիազորությունները վաղաժամ դադարեցրած Գրիգոր Ավալյանի մանդատը տրվել է ցուցակի` առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Հակոբ Հակոբյանին: Նա հանրությանն առավել հայտնի է որպես Երևանի և Դիլիջանի գարեջրի գործարանների սեփականատեր, պատգամավոր է եղել նախորդ գումարման ԱԺ-ում։

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին էլ կփոխարինի կուսակցության համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ռուզաննա Առաքելյանը: Նա 1982թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:

Առաջիկայում պատգամավորի մանդատ կստանա նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ