11 05 2018

Նիկոլ Փաշինյանը՝ Վալերի Օսիպյանի և կառավարական առանձնատուն տեղափոխվելու մասին



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակմանը:

«ՀՀ օրենսդրության համաձայն, ոստիկանության պետի պաշտոնում պետք է նշանակվի այդ կամ հարակից համակարգերից որևէ մեկը, ընդ որում, բարձր խմբի պաշտոն ունեցող որեւէ պաշտոնյա։ Այսինքն, հնարավոր չէ համակարգից դուրս մարդ բերել և ոստիկանության պետ նշանակել։ Նաև այսօրվա օրենսդրության տրամաբանությունն է այդպիսին։

Այդ որոշումը քննարկելիս պետք է լինեին չափանիշներ: Ճշմարտությունն այն է, որ եթե վերցնենք մեզ ու ձեզ հայտնի չափանիշներով, ոստիկանության համակարգում չկա որևէ պաշտոնյա, որի նկատմամբ չլինեն պրետենզիաներ։

Երկար մտածելով, իմ ընտրությունը կանգ է առել Օսիպյանի վրա։ Վալերի Օսիպյանը կոռումպացված չէ, և սա ոստիկանական համակարգում քիչ պատահող երևույթ է։ Նա նաև որևէ կլանի անդամ չէ, այդ թվում՝ ոստիկանական։ Ոստիկանական առաջխաղացման համար ՀՀ-ում երկար տարիներ գործել են ձեզ և մեզ հայտնի մեխանիզմներ՝ տանիք, մեջք, թիկունք եւ այլն։ Օսիպյանը, լինելով Երևանի վարչության պետի տեղակալ, իր կարիերան արել է փողոցներում սևագործ աշխատանք անելով և այդ դիրքում հայտնվել է, քանի որ որևէ կլանի ու կոռոպցիոն համակարգի մաս չէ։ Դրան մաս կազմողները կարողացել են սևագործ աշխատանքից խուսափելը»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ Վալերի Օսիպյանի գործողություններից ինքն անձամբ է տուժել. «Եթե իմ վիրավոր ձեռքն ու վերքերը դնենք կշեռքի մի նժարին, իսկ մյուս կողմում չափանիշները, ինձ համար նախընտրելի է երկրորդը։ Ինձ համար սիմվոլն է կարևոր եղել, որ մենք հանում ենք ժողովրդի և ոստիկանության միջև փշալարերը։ Ուզում եմ հավաստիացնեմ, որ նրա առջև դրված են կոնկրետ խնդիրներ, և շատ արագ այդ խնդիրները պետք է լուծվեն, որ հանրությունը համոզված լինի, որ ոստիկանությունը փոխվում է դեպի լավը»։

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև իր բնակության վայրի տեղափոխությանը:

Վարչապետն ասել է, թե տեղափոխվելու է բնակվելու կառավարական առանձնատանը:, քանի որ դա է պահանջում ՀՀ օրենսդրությունը։

«Մենք տեղափոխվում ենք այդ առանձնատուն մի քանի նկատառումներից ելնելով։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը։ Եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ լինել, թե ՀՀ-ում վարչապետ չկա։ Ինչպես ՀՀ վարչապետի երկու նստավայրերում էլ ես աշխատում եմ։ Հետագայում մենք կմտածենք, թե ինչպես փոխենք կամ չփոխենք օրենսդրությունը։ Մտադիր եմ զբաղեցնել նաև վարչապետի համար նախատեսված պետական առանձնատունը։ Այս պահին բնակվում են այդ տարածքում Սերժ Սարգսյանը եւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը:

Առաջիկայում Սերժ Սարգսյանը կտեղափոխվի այլ տեղ, օրենքով սահմանված կարգով կտրամադրվի այլ առանձնատուն։ Չգիտեմ ինչ ժամկետում, ես մեկամսյա ժամկետ եմ սահմանել, կտեղափոխվի։ Ինչ վերաբերում է Գագիկ Հարությունյանին, օրենսդրությունից կերևա, թե որքանով է թույլատրելի, որ նա բնակվում է կառավարական առանձնատանը»։

Նիկոլ Փաշինյանը խոստացել է առաջիկա ուղիղ եթերներից մեկը նվիրել կառավարական առանձնատունը ցուցադրելուն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ