09  05  2018

Արմեն Սարգսյանի ուղերձը

Արմեն Սարգսյանի ուղերձը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի ու Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ: Այս պահին ես հատկապես մտածում եմ Երկրորդ աշխարհամարտի փառապանծ վետերանների մասին, նրանց՝ որոնք, ի ուրախություն բոլորիս, այսօր մեր շարքերում են, և որոնց ես մաղթում եմ քաջառողջություն և երկար տարիների կյանք:

Նրանք մեզ են փոխանցում պայքարի ոգին և հաղթանակի բերկրանքը: Մտածում են նաև բոլոր նրանց մասին՝ մեր ծնողների և պապերի, որոնք իրենց ուսերի վրա կրեցին պատերազմի դաժանություններն ու ծանրությունները. բլոկադա, սով, գերություն, համակենտրոնացման ճամբարներ ու գուլագ, որբություն ու անապաստանություն:

Նրանք մեզ սովորեցրին տոկալ, հուսալ և վերապրել: Գլուխ եմ խոնարհում այն հազարավոր հերոսների հիշատակի առջև, որոնք իրենց կյանքը նվիրեցին ազատությանը:

Ցեղասպանությունից դեռևս արնածոր հայ ժողովուրդը մեծ գին վճարեց ֆաշիզմի դեմ պայքարում, որի զավակներն իրենց փառքով պսակեցին բոլոր ճակատներում: Այդ հերոսների օրինակով դաստիարակվել են բազմաթիվ սերունդներ:

Հենց այդ հերոսների ժառանգներն էին, որոնք տասնամյակներ անց հանուն ազատության մարտի ելան և ազատագրեցին Շուշին՝ կերտելով մեր նորօրյա հաղթանակները:

Քաջության, հերոսության և հանուն Հայրենիքի ինքնազոհության այդ ոգին այսօր ամուր նստած է Հայրենիքի պաշտպանի՝ հայ զինվորի մեջ: Այդ նա էր՝ հաղթական զինվորը, որ 2016-ի ապրիլին անօրինակ սխրանքով պաշտպանեց հող հայրենին:

Եվ այսօր մեր պայծառ պատանիներն ու երիտասարդներն են կանգնել հերթափոխի, ստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ և հայրենասիրությամբ լծվել Հայրենիքի վերաշինման գործին:

Փառք ու պատիվ բոլոր քաջերին և հավերժ հիշատակ հանուն Հայրենիքի ընկածներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ