04 05 2018

Ինչպե՞ս կքվեարկի ՀՀԿ խմբակցությունը. կարծիքներ

Ինչպե՞ս կքվեարկի ՀՀԿ խմբակցությունը. կարծիքներ

ՀՀ վարչապետի ընտրությունը տեղի կունենա մայիսի 8-ին: Թեև ՀՀԿ խմբակցությունը արդեն հայտարարել է, որ կսատարի Ազգային ժողովի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին, սակայն դեռ պարզ չէ՝ ինչպես կքվեարկի խմբակցությունը՝ միասնակա՞ն, թե ազատ:

Մայիսի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իրենց որոշումը կլինի միասնական:

Դիտարկմանը, որ նախկինում էլ ՀՀԿ-ը նման դիրքորոշում հայտնեց, բայց դեմ քվեարկեց վարչապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Բաղդասարյան ասաց. «Նախկինում մենք ասել ենք քվեարկության կայացման մասին, իսկ հիմա ասում ենք, որ մենք կօժանդակենք քվեարկությանը»:

Ինչ վերաբերում է հարցին՝ նշանակում է արդյոք, որ ՀՀԿ-ն ազատ քվեարկության է թողնելու, Բաղդասարյանը հորդորեց թույլ տալ, որ նման հարցերն իրենց խմբակցությունը որոշի:

 

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ ասաց, որ իր քվեարկության վերաբերյալ որոշում կայացրել է, բայց այդ մասին կհայտնի մայիսի 8-ին:

 

Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախորդ հայտարարությունը, թե՝ բացառում է, որ իր խմբակցությունը կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, վերաբերում էր մայիսի 1-ի ընտրություններին: Իսկ թե ինչպես է Կոստանյանը պատրաստվում քվեարկել, նա ասաց, երբ ժամանակը կգա, կտեսնեն:

«Ես հայտնել եմ իմ դեմ քվեարկելու պատճառները և դեռևս այդ պատճառների փոփոխության հիմք չեմ տեսնում»,- ասաց նա:

 

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Սամվել Ալեքսանյանը, արդեն կողմնորոշվել է քվեարկության հարցում: Մայիսի 4-ին խորհրդարանում նա հայտարարեց, որ ինքը ժողովրդի թեկնածուի կողմից է և քվեարկելու է նրա օգտին:

Հարցին` նրան ասե՞լ են, որ հիմա քվեարկի Փաշինյանի օգտին, պատասխանեց. «Ինձ ոչ մի տեղից ոչ մի բան չեն ասե, ցավդ տանեմ: Ես ժողովրդի թեկնածուի կողմից եմ, ուրիշ ի՞նչ ես ուզում, որ ասեմ»:

Հարցին էլ` հնարավո՞ր է բիզնեսները պահելու համար է Նիկոլ Փաշինյանի կողմից, արձագանքեց, որ բիզնես չունի, ավելին՝ կողմ է, որ մենաշնորհը վերանա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ