03 05 2018

Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է

Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է

1993 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակել է որպես Մամուլի ազատության միջազգային օր:

Մայիսի 3-ն ընտրվել է այն պատճառով, որ 1991 թվականի այդ օրը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ էր արվում կառավարություններին ապահովել խոսքի և մամուլի ազատությունը: Հռչակագիրն ընդունում էր, որ ազատ և անկախ մամուլի առկայությունը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն բաղադրիչն է հանդիսանում:

Մայիսի 3-ի հիմանական նպատակն է նշել մամուլի ազատության հիմնարար սկզբունքները, գնահատել մամուլի ազատությունը ամբողջ աշխարհում, պաշտպանել լրատվամիջոցներին հարձակումներից, հարգանքի տուրք մատուցել լրագրողներին, ովքեր կորցրել են իրենց կյանքը աշխատանքային պարտականությունները կատարելիս:

Մասնագետներն արձանագրում են, որ աշխարհում մամուլն ազատ գործելու առումով ամենալուրջ նահանջն է գրանցել վերջին տարիներին: Ամեն տարի տեղի են ունենում աղաղակող հարձակումներ լրագրողների և լրատվամիջոցների վրա ոչ միայն ավտորիտար, այլև դեմոկրատական պետություններում:

Իրենց ամենամյա զեկույցներում Լրագրողներ առանց սահմանների և Freedom House կազմակերպությունները նկատում են Եվրոպայում և ԱՄՆ-ում մամուլի նկատմամբ բանավոր հարձակումների աճ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, օրինակ, «մամուլը Ամերիկայի ժողովրդի թշնամի» է համարել։

Մամուլի ազատության առումով 180 երկրների շարքում առաջնային տեղ է գրավում Նորվեգիան, վերջին տեղը՝ Հյուսիսային Կորեան։

Հայաստանը 63-րդ տեղում է:

Մեր հարևանները հետևյալ հորիզոնականներում են՝ Վրաստան 50-րդ, Ադրբեջան՝ 90-րդ, Թուրքիա՝ 76-րդ, Իրան՝ 90-րդ:

Ռուսաստանը գտնվում է 83-րդ տեղում:

Հայաստանի մասով շեշտվում է զանգվածային ցույցերի ընթացքում անվտանգության ուժերի կողմից մամուլի նկատմամբ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ