25 04 2018

ՀՀԿ-ն վերջնական որոշում չունի, «Ելք»-ի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է

ՀՀԿ-ն վերջնական որոշում չունի, «Ելք»-ի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունն ապրիլի 25-ին ԱԺ-ում խմբակցության նիստ էր հրավիրել, որի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենք կոչով դիմել են հանրապետության նախագահին, որպեսզի վերջինս քաղաքական ուժերին քաղաքական երկխոսության հրավիրի: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուին, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այդ հարցում վերջնական որոշում չի կայացվել. «Եթե քաղաքական երկխոսություն լինի, մենք նոր որոշում կկայացնենք: ՀՀԿ-ն միասնական է, և երբ որոշում կայացնենք, դրա մասին կխոսենք»: Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը գործընթացին որևէ կերպ չի մասնակցում. «Սերժ Սարգսյանն իր հրաժարականով ամեն ինչ ասել է»:

 «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է, որ իրենք վարչապետի պաշտոնում առաջադրելու են Նիկոլ Փաշինյանին: Ըստ Մարուքյանի՝ «Ելք»-ը և «Ծառուկյան դաշինքը» միասին 40 մանդատ ունեն, և կարող են 13 մանդատ ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից ստանալ:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունը պետք է կայանա 7-օրյա ժամկետում:

Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի բանակցությունների տապալման գլխավոր պատճառը, ըստ ամենայնի, հենց վարչապետի թեկնածուի շուրջ անհամաձայնությունն է: Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ վարչապետ պետք է դառնա ժողովրդի թեկնածուն, որը ինքն է, իսկ Կարեն Կարապետյանը պնդում է, որ վարչապետը չի կարող ընտրվել փողոցում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ