22 04 2018

Արձագանք Եվրոպական միության պատվիրակությունից և ԱՄՆ դեսպանատնից

Արձագանք Եվրոպական միության պատվիրակությունից և ԱՄՆ դեսպանատնից

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ոստիկաններին եւ ցուցարարներին խստորեն հորդորում ենք հետեւել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներրին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ:

Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից եւ կանխել լարվածության սրացումը: Մեզ անհանգստացնում են լրագրողների եւ ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները. մենք ընդգծում ենք ոստիկանության կամ ցուցարարների դեմ բռնության համար մեղավորներին օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն»:

***

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները շտապ հայտարարությունն են տարածել, որում ասվում է.

«ԵՄ-ն ողջունում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ ցուցարարների և կառավարության միջև երկխոսության հաստատմանն ուղղված նախաձեռնությունը: Այդուհանդերձ, ԵՄ-ն մտահոգված է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության հետագա խորացումը: Եվրոպական միությունը վերահաստատում է, որ շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն, ինչպես նաև ձգտեն գտնել հրատապ լուծում բանակցությունների միջոցով»: 

***

ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտարարություն է տարածել` նշելով.

«Օրենքի համապատասխան խաղաղ միջոցներով հանրահավաք անցկացնելու ազատության իրավունքը բոլոր քաղաքացիների համընդհանուր և հիմնարար իրավունքն է:

Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին կհարգեն այս իրավունքը և արդարացիորեն կգործարկեն օրենքը՝ ըստ Հայաստանի միջազգային պարտավորվածությունների, այդ թվում և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում: Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են հանրահավաքի իրենց հիմնարար իրավունքներն արտահայտելիս, պետք է անհապաղ ազատ արձակվեն:

Անհրաժեշտ է ապահովել ներառական երկխոսության անցկացումը, որի կոչով հանդես էր եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և որն ուղղված կլինի ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորմանը:

Հուսով ենք, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կարճատև հանդիպումը չի բերի իրավիճակի հետագա սրման»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ