18  04  2018

Դարձյալ փողոցների փակում, շրջափակում և հանրահավաք. Լուսանկարներ. Թարմացվում է

Դարձյալ փողոցների փակում, շրջափակում և հանրահավաք. Լուսանկարներ. Թարմացվում է

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, համակիրների հետ միասին ապրիլի 18-ի առավոտյան 10-ից փակեց Ֆրանսիայի հրապարակը, որտեղի մեկնարկեցին հերթական բողոքի գործողությունները:

Մինչ ակցիաների մեկնարկը լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասաց. «Երեկվա բեկումնային իրադարձություններից հետո, կարծում եմ, այլևս ոչ մի բան մեզ չի կանգնեցնի, և մեր հաղթանակն անխուսափելի է»։  Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շարունակվելու են կառավարական շենքերը շրջափակելու ակցիաները, սակայն ոչ թե առարկաներով, այլ՝ մարդկանցով։ 

«Մենք երեկ ունեինք մտավախություններ, որ զանգվածային ձերբակալություններ կլինեն, սակայն համահայկական ներկայությունը կանխեց դա: Մենք ունենք ողջ հայության աջակցությունը, որը մեր անվտանգության երաշխիքն է»,- նշեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է նախորդ օրը հայտարարած «Հեղափոխության կոմիտե»-ի ստեղծման մասին, Փաշինյանն ասաց, որ այն պետք է կազմված լինի այն մարդկանցից, այն խմբերի ներկայացուցիչներից, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել շարժման կազմակերպման հարցում։ 

Անդրադառնալով Մաշտոցի պողոտա–Թումանյան խաչմերուկում գիշերը տեղի ունեցած անկարգություններին, որի ժամանակ մի խումբ երիտասարդներ պոկել են ճանապարհային երթևեկության նշաններ, նետել փողոցի մեջտեղում, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անկարգություն հրահրողներին չեն կարող իրենց հետ կապել, քանի որ տեղի ունեցածը սադրանք է. «Դա հնդկական կինո է, սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է, ռեժիսորը՝ ոստիկանությունը, ռեժիսորի ասիստենտը՝ Շմայսը»։

 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ օրվա ընթացքում ակցիաներից հետո երեկոյան 19:00-ին հանրահավաք է տեղի ունենալու Հանրապետության հրապարակում։

 

10:55

Ցուցարարները շարժվեցին Բաղրամյան փողոցով, որտեղ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջափակել վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ը:

Արագորեն շենքին մոտեցան ոստիկանական ուժեր:

 

***

11:09

Բերման ենթարկումներ

Ցուցարարները հայտնեցին, որ Ֆրանսիայի հրապարակից մի խումբ երիտասարդների ոստիկանությունը բերման է ենթարկել:

***

11:17

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց նպատակին հասան՝ Բաղրամյան 26-ը դարձյալ փշալարերով և ոստիկաններով պատվեց, այժմ անցնում են փողոցներով՝ իրենց համակիրներին հավաքելու և փողոցներ փակելու համար:

***

11:21

Նիկոլ Փաշինյանը բոլորին կոչ արեց հանել բժշկական դիմակները, որպեսզի ոչ ոք ծածկած դեմքով չմասնակցի գործողություններին: 

***

ՀՔԾ-ն շարունակում է քրեական գործեր հարուցել

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել ՀՀ գլխավոր դատախազությունում և ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված ևս երեք քրեական գործեր:

ՀՔԾ-ից հայտնում են.

Քրեական գործերից մեկի նյութերով պարզվել է, որ 2018թ. ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ պատգամավորների և այլ անձանց կողմից կազմակերպված հավաքի մասնակիցները, խախտելով Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածներով նախատեսված՝ հավաքի կազմակերպչի և մասնակիցների՝ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու իրենց վրա դրված պարտականությունները, վնասելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի մուտքի դռները, ներխուժել են համալսարանի շենք` այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով համալսարանի անվտանգության աշխատակիցներին: Այնուհետև, տևական ժամանակ գտնվելով շենքում, հավաքի մասնակիցները խախտել են ԲՈՒՀ-ի բնականոն գործունեությունը, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Վարույթ ընդունված մյուս քրեական գործի նյութերով պարզվել է, որ 2018թ. ապրիլի 16-ին` ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից` օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցները, վնասելով Կորյուն 10 հասցեում գտնվող Երևանի հենակետային բժշկական քոլեջի մուտքի դուռը, ներխուժել և տևական ժամանակ գտնվել են շենքում, խանգարել ուսումնական գործընթացը և խախտել քոլեջի բնականոն աշխատանքը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված ևս մեկ քրեական գործի նյութերով էլ պարզվել է, որ 2018թ. ապրիլի 16-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավորների և այլ անձանց կողմից` օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցները Բաղրամյան պողոտայով շարժվել են դեպի ՀՀ ԱԺ վարչական շենք, որի ընթացքում քաշքշելու, հրելու և տարբեր իրեր նետելու միջոցով բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ: Հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից բռնություններով զուգորդված անօրինական գործողությունների հետևանքով խախտվել է հասարակական կարգն ու վտանգվել հասարակության անվտանգությունը:

Կատարվում է նախաքննություն:

 ***

Հիվանդանոցային բուժում է ստանում 5 ցուցարար և մեկ ոստիկան

Ապրիլի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։  Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

4-ի վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են վերջույթների մակերեսային վնասվածքներ և սալջարդեր։ Մեկ տուժած, ում մոտ իրականացվել է կոտրված ոսկրերի արտաօջախային անշարժացում, վերակենդանացման բաժանմունքում հսկողության տակ է գտնվում` նաև վնասվածքի հետ չառնչվող հիվանդության կապակցությամբ։

Վիրահատված ոստիկանը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հոսպիտալ։

Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են առողջական վիճակին համապատասխան բուժում:

 ***

Ցուցարարներն անցնում են Երևանի կենտրոնական փողոցներով, մուտք գործում բարձրագույն ուսումնական հաստատություններ, դասադուլի կոչ անում և իրազեկում հանրահավաքի մասին:

***

Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 66 մասնակցի

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի վայրերից ՀՀ ոստիկանության բաժին ապրիլի 18-ի ժամը 12:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 66 քաղաքացի: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Բողոքի ցույցեր՝ մարզերում

Համաձայն Նիկոլ Փաշինյանի՝ բողոքի ցույցեր են տեղի ունենում Վանաձորում, Արմավիրում և Գյումրիում: Փակվում են փողոցներ, շրջափակվում են պետական հիմնարկներ:

Նստացույց՝ Երևանի քաղաքապետարանի մոտ

Ժամը 15:00-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանը նստացույց է անում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարևանությամբ: Նրա մի խումբ թիմակիցներ էլ Երևանի քաղաքապետարանի մուտքի դիմաց են նստացույց անում: Ոստիկանության կենտրոնի բաժնի մոտ են հավաքվել բերման ենթարկված քաղաքացիների հարազատները:

Իսկ Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարները երթով միանում են Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում նստացույց իրականացնողներին: Նշենք նաև, որ նրանցից մի քանիսին ոստիկանները բերման են ենթարկել:

***

Կրեմլում հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. Պեսկով

«Մենք հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, և ամենագլխավորը՝ հուսով ենք, որ ամեն ինչ տեղի կունենա օրինականության շրջանակում»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է. «Երեկոյան՝ բավականին ուշ, Վլադիմիր Պուտինը զանգահարել և շնորհավորել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Անկասկած, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում»:

Ցուցարարները շարժվեցին դեպի Արտգործնախարարության շենք

Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում նստացույց իրականացնող ցուցարարները երթով շարժվեցին դեպի Արտգործնախարարության շենքը և շրջապատեցին այն:

Նշենք, որ այս տարածքում են գտնվում Արտաքին գործերի, Արդարադատության, Մշակույթի, Սփյուռքի, Կրթության և գիտության նախարարությունները:

Նստացույցը շարունակվում է նշված գերատեսչությունների մուտքերի մոտ: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց նախարարությունների աշխատակիցներին դուրս գալ փողոց.

«Նախարարության սիրելի՛ աշխատակից, դուրս արի փողոց և տե՛ր կանգնիր քո երկրին ու իրավունքին»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հաղորդեց, որ մեկ ժամով գնում են խորհրդակցության՝ կապված երեկոյան հանրահավաքի հետ: Նա հավաքվածներին հորդորեց մնալ և փակել նախարարությունների մուտքերը:

***

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իշխանափոխության ռազմավարությունը

Հանրահավաք է մեկնարկել Երևանի Հանրապետության հրապարակում:

Ելույթ ունենալով՝ բողոքի ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բողոքի ալիքը տարածվում է Հայաստանում և սփյուռքում: Բազմաթիվ մտավորականներ աջակցություն են հայտնել:

«Սա հետխորհրդային երկրներում ամենաուժեղ շարժումներից մեկն է, որի անունը չի կապվում օտարերկրյա որևէ ուժի հետ: Պայքարի նպատակը Հայաստանի ու Արցախի պետական շահն է»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, մարդիկ, որոնք 15-20 տարի առաջ Հայաստանից հեռացել են, նամակ են գրում, որ Հայաստան են գալիս՝ շարժմանը մասնակցելու:

«Կոչ եմ անում բոլոր գյուղերի և փոքր քաղաքի բնակիչներին, որ ճնշումներ գործադրեն գյուղապետերի, ավագանու անդամների վրա և պարտադրեն, համոզեն, պահանջեն, որ ՏԻՄ ղեկավարները հանդես գան թավշյա հեղափոխությանն աջակցելու մասին պաշտոնական հայտարարություններով: Գնացեք գյուղապետարաններ և պահանջեք ավագանու անդամներից, որ հանդես գան թավշյալ հեղափոխությանն աջակցելու հայտարարությամբ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց պետական բոլոր մարմինների աշխատանքը խափանել՝ որպես քաղաքացի մուտք գործել կառավարման շենքեր և սենյակներում, միջանցքներում նստացույց անել:

«Սա պետք է լինի իշխանափոխության ռազմավարությունը»,- ասաց Փաշինյանը:

«Որևէ մեկն իրավունք չունի կասկածելու մեր քաղաքական թիմի և անձամբ իմ վճռականությանը: Ես ապրիլի 16-ին հաղթահարել եմ փշալարերը, և որևէ մեկն իրավունք չունի կասկածել իմ վճռականությանը: Բայց որևէ մեկն իրավունք չունի կասկածել ինձ հիմարության մեջ»,- հավելեց նա:

Անդրադառնալով ոստիկանությանը՝ ասաց. «Ոստիկանությունն ինքը պետք է մեր առաջ բացի Բաղրամյան 26-ի դռները»:

Անդրադառնալով մեղադրանքներին, որ շարժմանը մասնակցում են անչափահասներ և դպրոցականներ: Հավաքների ազատության մասին օրենքը, Փաշինյանի խոսքով, որևէ կերպ չի սահմանափակում անչափահասների մասնակցությունը հավաքներին, և դպրոցականների մասնակցությունը համապատասխանում է ՀՀ օրենքներին և սահմանադրությանը:

Նիկոլ Փաշինյանը դպրոցականներին կոչ արեց դասադուլի դուրս գալ: 

Նա հայտարարեց, որ ապրիլի 19-ի բողոքի գործողությունները սկսվում են վաղ առավոտյան՝ ժամը 8-ից. պետական հիմնարկների աշխատողներին չեն թողնելու շենք մտնել. փորձ կանեն նաև խանգարել կառավարության աշխատանքը:

Հանրահավաքին հաջորդեց երթ՝ դեպի Բաղրամյան 26՝ վարչապետի նստավայր: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 19-ի երեկոյան 19:00-ին, դարձյալ Հանրապետության հրապարակում:

 

Նախորդ օրվա իրադարձությունները՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ