16  04  2018

Բողոքի լայնամասշտաբ գործողություններ՝ Երևանի փողոցներում. Լուսանկարներ. Թարմացվում է

Բողոքի լայնամասշտաբ գործողություններ՝ Երևանի փողոցներում. Լուսանկարներ. Թարմացվում է

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարներն ապրիլի 16-ի առավոտից փակում են Երևանի բոլոր բանուկ փողոցները:

Փակ են կենտրոնական գրեթե բոլոր փողոցները՝ Մաշտոցի փողոցը, Ամիրյան փողոցը, Արշակունյաց պողոտան, Ազատության պողոտան, Մյասնիկյան պողոտա-Կորյուն խաչմերուկը:

Փողոցների փակումն ուղեկցվում է քաշքշուկներով: Ծեծկրտուք եղավ Հերացի փողոցում՝ ցուցարարների և մեքենաների վարորդների միջև: Ի դեպ, դեպքի վայրում գտնվող ոստիկանությունը գրեթե քայլեր չձեռնարկեց:

Ցուցարարները որպես բարիկադ օգտագործում են աղբարկղերը: Նշենք նաև, որ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները խափանելու փորձեր ևս արվել են: Չի աշխատում Մարշալ Բաղրամյան կայարանը:

Ցուցարարները կոչ են անում մեքենաները կայանել փողոցի երթևեկելի հատվածում, հանել պետհամարանիշներն ու միանալ իրենց: Ցույցի մասնակիցների նպատակն է հասնել ԱԺ շենք:

10:37

Երևանյան որոշ բուհերի դռներ փակել են ուսանողների առաջ, որպեսզի ներսուդուրս չանեն, հնարավորություն չունենան ուսանողները դասադուլ անելու: 

Երևանի հենակետային բժշկական քոլեջի դուռը ցուցարարները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կարողացան բացել և ներխուժել ներս՝  դասադուլի կոչերով

***

Ծեծկրտուք՝ ցուցարարների և վարորդների միջև

Երևանի Հերացի-Կորյուն խաչմերուկում, որը ցուցարարները փակել էին, առավոտյան ծեծկրտուք տեղի ունեցավ:

Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայից իջած տղամարդիկ, պահանջելով բացել փողոցը, հայհոյեցին և հարձակվեցին ցուցարարների վրա:

Ուշագրավ էր, որ դեպքի վայրում գտնվող մի քանի ոստիկաններ հանդարտեցնելու քայլեր չձեռնարկեցին:

Վարորդները հաճախ են վեճի բռնկվում ցուցարարների հետ:

 ***

Քաղաքապետարանը դժգոհում է, որ ցուցարարներն աղբամանները նպատակային չեն օգտագործում

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ մայրաքաղաքում բողոքի ցույցերի ժամանակ գույքի հետ անզգույշ վարվելու վերաբերյալ.

«Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող հավաքների ընթացքում արձանագրվել են քաղաքային գույքի, այդ թվում նստարանների և աղբամանների կամայական տեղափոխման ու ոչ նպատակային օգտագործման, նաև դրանք վնասելու դեպքեր: Միաժամանակ բազմաթիվ դժգոհություններ և ահազանգեր են ստացվել մեր համաքաղաքացիներից առ այն, որ հավաքների մասնակիցների կողմից անհարկի խոչընդոտվում է հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքի իրականացումը:

Հաշվի առնելով վերոնշյալը` հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ ենք անում զերծ մնալ քաղաքային գույքը կամայական տեղաշարժելու, տեղափոխելու և դրանք վնասելու քայլերից, ինչպես նաև հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելուց»:

***

Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական պատը

Նալբանդյան փողոցում ցուցարարները ճեղքեցին ոստիկանական պատնեշը՝ ձեռքերը վերև պարզած:

***

Ցուցարարները՝ Մանկավարժական համալսարանում

Ցուցարարները մուտք գործեցին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ կոչ անելով ուսանողներին միանալ բողոքի երթին։

***

Տեղեկանալով, որ Հաղթանակ կամրջի վրա քարշակ է բերվել՝ կայանած մեքենաները տարհանելու համար, Փաշինյանը հրահանգեց թուլացնել անիվները:

***

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համակիր մի շարք ուսանողներ գտնվում են հիվանադանոցում` ծեծկրտուքի պատճառով:

 

***

Հաղթանակ կամրջի մոտ դարձյալ լարված վիճակ է. մի խումբ երիտասարդներ նստելով փողոցում՝ փակեցին այն: Ոստիկանները փորձեցին քաշելով հեռացնել, իսկ վարորդներից ոմանք վեճի վռնվեցին ցուցարարների հետ:

 

***

Ոստիկանությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներում ուժ է գործադրում

Երևանի Կորյուն-Հերացի խաչմերուկում, Հաղթանակ կամրջի վրա և այլ վայրերում ոստիկանները պարբերաբար պատ են կազմում, ապա ուժ գործադրելով՝ փորձում ցուցարարներին հեռացնել փողոցից:

Ցուցարարները տարբեր վայրերում հաջողացնում են ձեռքերը վեր բարձրացնելով՝ ճեղքել ոստիկանական պատը:

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ներողություն է խնդրում ոստիկաններից՝ անհարմարությունների համար:

Ոստիկաններից շատերը քաղաքացիական համազգեստով են:

 

 

15:15

Ծայրահեղ լարված իրավիճակ՝ Բաղրամյան պողոտայում

Ցուցարարները Ֆրանսիայի հրապարակից Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարժվում էին Ազգային ժողով: Ոստիկանները մի քանի շարք պատ էին կազմել՝ զինված վահաններով, մահակներով, տեխնիկայով: Սահմանադրական դատարանից սկսած՝ նաև փշալար էր կազմված:

Նիկոլ Փաշինյանը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից պահանջեց թույլ տալ իրեն՝ որպես ԱԺ պատգամավոր, մուտք գործել ԱԺ շենք, իր խմբակցության մյուս պատգամավորներին ևս, ինչպես նաև քաղաքացիներին, ովքեր իր մոտ ընդունելության են եկել:

Սկսվեց բախում ոստիկանների և ցուցարարների միջև:

Առաջին պատնեշը ճեղքելուց հետո ցուցարարները հասան փշալարերին:

15.31

Ոստիկանությունը ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառեց

16.01

Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է հիվանդանոց

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Բաղրամյան պողոտայում բախումների ժամանակ տեղափոխվել է հիվանդանոց:

Փաշինյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:

Փաշինյանը դեպքի և ոտքերի վնասվածք է ստացել փշալարներից անցնելու արդյունքում:

Նա հայտարարել է, որ առաջին բուժօգնությունից հետո միանալու է ցուցարարներին:

Վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաև Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը:

***

Ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանին վերջնագիր է ներկայացնում

Բաղրամյան պողոտայում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ «Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:

Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»,– ասվում է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ:

***

Ոստիկանության կիրառած հատուկ միջոցներն ու վիրավորները. Լուսանկարներ

 Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների դեմ:

Բախումների արդյունքում կան վիրավորներ թե քաղաքացիների, թե ոստիկանների շրջանում:

Վնասվածքներ է ստացել նաև Նիկոլ Փաշինյանը:

Նաիրի Բժշկական կենտրոն է տեղափոխվել երեք ոստիկան:

***

Հարուցվել են քրեական գործեր

ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Սկսած 2018 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքում կազմակերպել և իրականացրել է հավաքներ, որոնց ընթացքում բազմիցս խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ խոչընդոտելով մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի և այլ իրավունքների իրացմանը, կազմակերպությունների բնականոն գործունեությանը:

Չհետևելով ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին, այդ ընթացքում հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով ապրիլի 13-ին ներխուժել են ԵՊՀ, իսկ ապրիլի 14-ին՝ Հանրային ռադիոյի շենքերի տարածքները, որպիսի գործողությունները զուգորդվել են այդ ընկերությունների գույքը վնասելով, իրենց ծառայությունն իրականացնող քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելով՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:

Ապրիլի 16-ին առավոտվանից շարունակելով նույն հակաօրինական գործողությունների իրականացումը՝ հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով շարժվել են Բաղրամյան պողոտայով՝ փորձելով շրջանցել ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ չկատարելով վերջիններիս օրինական պահանջները:

Կազմակերպված հավաքի մասնակիցները, վնասելով Բաղրամյան պողոտայում գտնվող պետական, ինչպես նաև քաղաքացիների մասնավոր գույքը, բռնություն են գործադրել ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:

Նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 225.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ