05 04 2018

Ո՞վ է ամենաընդդիմադիրը, ո՞վ է ավելի լավ աշխատում, ո՞վ լինի Հայաստանի վարչապետը. Հարցման արդյունքներ

Ո՞վ է ամենաընդդիմադիրը, ո՞վ է ավելի լավ աշխատում, ո՞վ լինի Հայաստանի վարչապետը. Հարցման արդյունքներ

«GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ Էմ-Փի-ՋԻ ՍՊԸ-ն մարտի 20-30-ը Հայաստանի մարզերում ու Երևանում 1120 քաղաքացու շրջանում  հարցում է անցկացրել:

Դեմառդեմ հարցման ենթարկված 1120 քաղաքացիների ուղղվել են երկրի քաղաքական գործընթացների վերաբերյալ հարցեր՝ պարզելու համար նրանց վերաբերմունքը իշխանությունների և ընդիմության նկատմամբ։

Հարցման արդյունքում, ըստ ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանի, կառավարության աշխատանքի վերաբերյալ դրական գնահատականը բարձրացել է՝ 20 տոկոսից դառնալով 27.6 տոկոս՝ հիմնականում պայմանավորված Կարեն Կարապետյանի` վարչապետ դառնալու հանգամանքով:

Նախագահի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 29,6 տոկոսը, իսկ կառավարությանը՝ 27,6 տոկոսը, ԱԺ աշխատանքը դրական է գնահատել 21,1 տոկոսը:

«Նախագահի աշխատանքների գնահատականը, 2014-ի համեմատ, նվազել է 0.4 տոկոսով, սակայն, ինչպես նկատեցիք, նախագահի աշխատանքներն ավելի բարձր են գնահատել, քան վարչապետինը»,- մամուլի ասուլիսում ասաց Նավասարդյանը:

Կառավարության անդամներից ամենից բարձր է գնահատվել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գործունեությունը՝ 5 բալից՝ 3.7, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանինը՝ 3.6: Նույնքան էլ գնահատվել է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանինը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ստացել է 2.6 բալ, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ 2.5: Նրանք Ամենաքիչն են ստացել:

Հարցին՝ «Համաձայն ՀՀ նոր Սահմանադրության վարչապետի դերակատարումն ունի առավել մեծ կարևորություն, հաշվի առնելով վերոնշյալը, Հանրապետական կուսակցության hնարավոր թեկնածուներից ո՞ւմ կուզենայիք տեսնել ՀՀ վարչապետի պաշտոնում 2018թ. ապրիլի 9-ից հետո», պատասխանը հետևյալն է. հարցվածների 27.3 տոկոսը վարչապետի պաշտոնում ցանկանում է տեսնել ՀՀ գործող վարչապետ Կարեն Կարապետյանին, 24.8 տոկոսը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, 8.6 տոկոսը` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, 10.9 տոկոսն` այլ թեկնածուների:

ՀՀԿ-ից վարչապետի պաշտոնում ոչ մեկի չի տեսնում հարցվածների 17.2 տոկոսը, հարցին դժվարացել է պատասխանել 11.3 տոկոսը:

Հարցման մասնակիցները անվտանգության և ղարաբաղյան հիմնախնդրի տեսանկյունից առավել գնահատել են Սերժ Սարգսյանի դերը, սոցիալ-տնտեսական տեսանկյունից՝ Կարեն Կարապետյանի:

 

«Որքանո՞վ է քաղաքացին վստահում ընդդիմությանը» - հարցի պատասխանները հետևյալն են. լիովին վստահում են՝ 4,9 տոկոս, ավելի շուտ վստահում են՝ 19,3 տոկոս, ավելի շուտ չեն վստահում՝ 26,2 տոկոս, չեն վստահում՝ 43,7 տոկոս:

Ըստ Նավասարդյանի՝ իշխանությունն ու ընդդիմությունը նույն մակարդակի վրա են։

Ընդդիմադիր քաղաքական գործիչներից ամենաբարձր ցուցանիշը ստացել է Ժիրայր Սեֆիլյանը՝ 4,5 բալ, Նիկոլ Փաշինյանը ստացել է 4,3 բալ, 4.2 բալ՝ Էդմոն Մարուքյանը: Զարուհի Փոստանջյանն ու Լևոն Զուրաբյանը ստացել են 4-ական բալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ