02 04 2018

Բնակարան, կահավորված գրասենյակ, տարեկան երկու ճամփորդություն. ՀՀ պաշտոնաթող նախագահի արտոնությունները

Բնակարան, կահավորված գրասենյակ, տարեկան երկու ճամփորդություն. ՀՀ պաշտոնաթող նախագահի արտոնությունները

Մարտի 29-ին կառավարությունը որոշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ապահովել բնակարանով: Մասնավորապես «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) սեփականության իրավունքով անհատույց կտրամադրվի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին: Սա օրենքի պահանջ է, որը ուժի մեջ կմտնի 20018 թվականի ապրիլի 9-ից:

Բացի այս, ՀՀ Նախագահին պաշտոնաթողումից հետո տրվում են մի շարք արտոնություններ, որոնք ամրագրված են օրենքով:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ նախագահի սպասարկումը և անվտանգության ապահովումը պաշտոնանկությունից հետո:

«ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնաթողությունից հետո Նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափով:

Նշված հատուկ կենսաթոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող Նախագահը վարում է որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն:

ՀՀ կառավարությունը պաշտոնաթող Նախագահին ապահովում է բնակարանով, ավտոտրանսպորտով, ինչպես նաև պաշտոնաթող Նախագահի ցանկությամբ` կահավորված գրասենյակով: Պաշտոնաթող Նախագահին բնակարանը տրամադրվում է սեփականության իրավունքով, կահավորված գրասենյակը հատկացվում է օգտագործման իրավունքով` մինչև 70 տարին լրանալը, իսկ ավտոտրանսպորտը` ցմահ օգտագործման իրավունքով:

Պաշտոնաթող Նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին օգտագործման իրավունքով տրվող գրասենյակի համար նախատեսվում է առավելագույնը երեք հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի` այլ երկրներ կատարվող ճանապարհորդության ծախսերը (տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, և յուրաքանչյուրը մինչև 10 օր ժամկետով) հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին տրամադրվում է անձնական հատուկ պետական պահպանություն` օրենսդրությամբ սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը կարող է ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով լիազոր մարմնի ղեկավարին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ